Կրծքով սնուցման դժվարություններ

Եթե կասկած կա, որ երեխան բավականաչափ կաթ չի ստանում, ապա պետք է գնահատել 2 կարևոր ցուցանիշներ՝ քաշի ավելացումը և միզելու հաճախությունը (բացառապես կրծքով սնուցման դեպքում)։ Կյանքի առաջին վեց ամիսների ընթացքում քաշի ավելացումը ամսական առնվազն 500 գրամով (կամ շաբաթական 125 գրամով) և օրվա ընթացքում առնվազն 6-7 անգամ միզելը հավաստի նշաններ են այն բանի, որ երեխան բավականաչափ կաթ է ստանում։ Քաշի ավելացման ու միզելու հաճախականության վերը նշվածից փոքր ցուցանիշները հավաստում են, որ երեխան բավականաչափ կաթ չի ստանում։ Այդ դեպքում պետք է փնտրել և հնարավորության դեպքում վերացնել երեխայի անբավարար կաթ ստանալու հնարավոր պատճառները։
Երեխայի անբավարար քանակությամբ կաթ ստանալու հնարավոր պատճառներն են.
  • կրծքով կերակրման հետ կապված գործոնները՝ կրծքով կերակրման ուշ սկիզբը, ոչ հաճախակի կերակրումները, կարճատև կերակրումները, գիշերային կերակրումների բացակայությունը, կերակրման սխալ դիրքը, կրծքագեղձերի անբավարար դատարկումը, շշերի և ծծակների օգտագործումը, լրացուցիչ սննդի ներմուծումը 
  • մոր հոգեբանական գործոնները՝ ինքնավստահության պակասը, անհանգստությունը, սթրեսը, հոգնածությունը, հակակրանքը կրծքով կերակրման նկատմամբ կամ երեխային չընդունելը 
  • մոր վիճակը՝ հակաբեղմնավորիչ հաբերի կամ միզամուղների օգտագործումը, հղիությունը, կտրուկ հյուծումը, ալկոհոլի օգտագործումը, ծխելը, ընկերքի մնացորդը արգանդում, կրծքագեղձերի թերզարգացումը (շատ հազվադեպ) 
  • երեխայի վիճակը՝ հիվանդություն, ներարգանդային զարգացման անկանոնություններ:

Անբավարար կաթնարտադրություն

Կրծքով կերակրելու ընթացքում կանայք հաճախ ունենում են անբավարար կաթնարտադրության կարճատև դրվագներ՝ այսպես կոչված կաթնարտադրության ճգնաժամեր: Երեխան մի քանի օր անընդհատ քաղցած է թվում և հաճախակի կերակրումներ է պահանջում: Պատճառը երեխայի թռիչքաձև աճն է: Մորը պետք է խորհուրդ տալ մի քանի օրվա ընթացքում շատ հաճախակի կերակրել երեխային և լրացուցիչ սնունդ չտալ, որպեսզի կաթնարտադրության ծավալը մեծանա՝ հավասարվելով երեխայի աճած պահանջարկին: Շատ մայրեր երեխային սկսում են լրացուցիչ սնունդ տալ լացի պատճառով: Հաճախ լրացուցիչ սնունդը չի օգնում և երեխան շարունակում է լաց լինել, երբեմն նաև ավելի շատ է լաց լինում:

Քաղցի զգացում արագ աճի պատճառով

Երեխան մի քանի օր շատ քաղցած է թվում, հավանաբար այն պատճառով, որ սկսել է ավելի արագ աճել, քան նախկինում: Նա պահանջում է, որ իրեն հաճախ կերակրեն: 2-6 շաբաթական և մոտ 3 ամսական տարիքում սա լինում է լացի հիմնական պատճառը, չնայած դա կարող է լինել նաև ցանկացած այլ տարիքում: Եթե մի քանի օրվա ընթացքում երեխան սկսի ավելի հաճախ ծծել կուրծքը, կաթի արտադրությունը կավելանա և կերակրման ռեժիմը կկարգավորվի:

Մոր սնունդը

Երբեմն մայրը նկատում է, որ որոշակի սնունդ օգտագործելու դեպքում երեխան դառնում է անհանգիստ: Դա լինում է այն պատճառով, որ ընդունած սննդից որոշ նյութեր անցնում են կաթի մեջ: Սա վերաբերում է բոլոր սննդամթերքներին, այդ պատճառով կարիք չկա թվարկելու այն սննդամթերքները, որոնց օգտագործումից մայրը պետք է խուսափի: Նա ինքը կարող է նկատել, թե որոնք են դրանք: Մոր օգտագործած կովի կաթի, սոյայի, ձվի, գետնանուշի և այլ մթերքների մեջ պարունակվող սպիտակուցների հանդեպ երեխան կարող է ալերգիա զարգացնել, իսկ սուրճի, թեյի և այլ ընպելիքների մեջ պարունակվող կոֆեինը կարող է թափանցել կրծքի կաթի մեջ և անհանգստություն պատճառել երեխային: Եթե մայրը ծխում է կամ դեղորայք է ընդունում, ապա հավանական է, որ նրա երեխան ավելի շատ լաց լինի: Ընտանիքի այլ անդամի ծխելը նույնպես կարող է վատ անդրադառնալ երեխայի վրա:

Երեխայի կոլիկաներ

Որոշ երեխաներ շատ են լաց լինում և դա կապված չէ վերոհիշյալ պատճառներից որևէ մեկի հետ: Երեխան կարող է անհանգիստ լինել ամբողջ օրվա ընթացքում կամ օրվա որոշակի ժամերին՝ հատկապես երեկոյան: Նա կարող է ձգել ոտքերը՝ կարծես փորը ցավում է: Թվում է երեխան ուզում է ծծել, բայց նրան դժվար է հանգստացնել: Լացի այդպիսի պատկեր ունեցող երեխաները կարող են ունենալ ակտիվ մարսողություն և գազերի արտազատում սակայն լացի պատճառն անհայտ է: Այդպիսի վիճակը կոչվում է «կոլիկաներ»: «Կոլիկաներով» երեխաները սովորաբար լավ են աճում և 3 ամսականից հետո սկսում են ավելի քիչ լաց լինել:

Մեծ պահանջներով երեխաներ

Որոշ երեխաներ մյուսներից ավելի շատ են լաց լինում և կարիք է լինում նրանց գրկել և oրորել: Եթե մայրը երեխային իր մոտ է պահում, հաճախակի գրկում է, մեղմորեն շոյում և «զրուցում» է նրա հետ, երեխան ավելի քիչ է լաց լինում, քան եթե նա թողնում է երեխային պառկած և հեռանում է, կամ երեխան քնում է առանձին մահճակալում:
Աղբյուրը՝ Ձեռնարկ կրծքի և վաղ հասակի երեխաների սնուցման գործելակարգի վերաբերյալ/ՀՀ առողջապահության նախարարություն. 2013

Կեղծ հղիության նշանները

Կեղծ հղիության նշանները

Հղիության բոլոր նշաններն առկա են, իսկ ՈւՁՀ մասնագետը հետազոտությունից հետո հայտնում է, որ պտղաձուն բացակայում է։ Տարօրինա՞կ է։ Գուցե, բայց բժշկությանն այդպիսի դեպքեր հայտնի են։ Այդ կոչվում է կեղծ հղիություն․․․․

Կրծքի կաթի պահպանումը

Կրծքի կաթի պահպանումը

Որքա՞ն ժամանակ է հնարավոր սենյակային ջերմաստիճանում պահել կրծքի կաթը։ Կարելի՞ է այն սառնարանում պահել...

Սեքսը կրծքով կերակրման շրջանում

Սեքսը կրծքով կերակրման շրջանում

Մի շարք կանայք ԿԿ ֆոնին բախվում են լիբիդոյի նվազման խնդրին․․․

Օրգազմը հղիության դեպքում

Օրգազմը հղիության դեպքում

Հղիությունը չի նվազեցնում սեռական ցանկությունը, սակայն շատերը խուսափում են օրգազմից՝ մտածելով, որ այն կարող է վիժում առաջացնել...