Խորհուրդներ կրծքով կերակրող մայրերին

Կրծքով կերակրումը բնական ֆիզիոլոգիական պրոցես է, որի ճիշտ կազմակերպումը կարևոր է ինչպես մոր, այնպես էլ երեխայի համար։ Հետևելով ներքոնշյալ խորհուրդներին՝ կրծքով կերակրումը կվերածվի հաճելի գործընթացի, երեխան կհագենա, իսկ մայրն էլ կխուսափի բարդություններից ու ցավից։

Պետք չէ խառնուրդով կերակրել երեխային

Լիարժեք, որակյալ լակտացիան կախված է ծննդաբերությանը հաջորդող առաջին ժամերից։

Լավագույն դեպքում ծննդաբերությանը հաջորդող առաջին ժամերին նորածնին մոտեցնում են մոր կրծքին՝ պառկեցնելով նրա փորին։ Մոր և երեխայի սերտ կապը շարունակվում է, սկսում են գործել բնական բնազդները։ Սկզբում կրծքում արտադրվում է ոչ թե կաթ, այլ կաթնախեժ՝ արժեքավոր մի սննդանյութ, որը պարունակում է բազմաթիվ ֆերմենտներ, վիտամիններ, հակամարմիններ, սպիտակուցներ, ճարպեր, ածխաջրեր այն կատարյալ կազմով, որը չի կարող ապահովել արհեստականորեն ստեղծված և ոչ մի պատրաստուկ։

Պետք չէ խառնուրդով կերակրել երեխային,մինչև լակտացիան չհաստատվի։

Երիտասարդ մայրերին թվում է, թե երեխան քաղցած է մնում, քանի որ կրծքում դեռևս կաթ չկա, իսկ կաթնախեժը քիչ է։ Կաթնախեժը, սակայն, այնքան սննդարար է, որ հագեցնում է երեխային և բավարարում սննդանյութերի պահանջը։ Ծծակի միջոցով ստացած խառնուրդը կխանգարի լակտացիայի հաստատմանը, քանի որ կուրծքը ծծելը մեծ ջանք է պահանջում երեխայից, ով խառնուրդից հագենալու դեպքում կաթնախեժ քիչ կուտի։

Խստացված հիգիենան կարող է վնասել

Խստացված հիգիենան կարող է վնասել։

Օճառը մաքրում է մաշկի բնական պաշտապանական շերտը և պտուկներն ու արեոլներն ավելի զգայուն դարձնում, ինչի արդյունքում դրանք կարող են վնասվել, պատվել ճաքերով և կերակրումը ցավոտ դարձնել։ Բացի այդ, լվացող միջոցները հիմնականում բուրավետ նյութեր են պարունակում, որոնք մայրական բնական հոտին խանգարում են, ինչի արդյունքում գուցե երեխան սկսի անհանգստանալ։ Կուրծքն օրվա ընթացքում մեկից երկու անգամ լվանալը բավական է այն մաքուր պահելու համար։

Երեխային կերակրել ըստ պահանջի։

Հարց է ծագում՝ ինչպե՞ս հասկանալ, որ երեխան ցանկանում է ուտել։ Հնարավոր է հասկանալ երեխայի լացից։ Երբ անհանգիստ է, սկսում է լաց լինել, մոտեցրեք կրծքին, իսկ եթե հրաժարվում է, փորձեք գտնել պատճառը․ գուցե մրսում է կամ շոգում, գուցե տակդիրը փոխելու կարիք կա կամ էլ փորացավ ունի և այլն։

Երեխային ջուր տալու կարիք չկա

Ծծակն այնքան էլ օգտակար իր չէ, նույնիսկ խանգարում է։

Երեխան ըստ պահանջի ստանում է կուրծքը և ինքն է որոշում, թե երբ բաց թողնի։ Իհարկե, մայրիկի համար ավելի հեշտ կլինի ծծակը դնել նրա բերանը և անցնել տան գործերին, սակայն այդ չի նպաստի լակտացիայի կարգավորմանը, կաթնագեղձերը անհրաժեշտ քանակի կաթ չեն արտադրի, բացի այդ, երեխան չի ստանա մոր ջերմությունն այնքան, որքան անհրաժեշտ է, այն չի նպաստի մոր և երեխայի հոգեհուզական շփմանը։

Երեխային ջուր տալու կարիք չկա։

Մայրական կաթի 80%-ը ջուր է։ Առաջին կաթը ծառայում է որպես հեղուկ, իսկ հետին կաթը՝ որպես ուտելիք։ Հավելյալ տված ջուրը ստամոքսում տեղ կզբաղեցնի, և երեխան քիչ կաթ կխմի, ինչը կանդրադառնա լակտացիայի արդյունավետության վրա։

Յուրաքանչյուր կերակրումից հետո կթելու կարիք չկա։

Ըստ պահանջի կերակրման դեպքում կթելու կարիք չկա, քանի որ փոքրիկն ինքն է կարգավորում արտադրվող կաթի քանակը՝ ուտելով այնքան, որքան ցանկանում է, և կաթն էլ արտադրվում է ըստ պահանջի։ Կթելու դեպքում կաթը շատ է արտադրվում, որն ավելորդ է և հանգեցնում է կրծքում կաթի կուտակման, ինչը կարող է լակտոստազի առաջացման պատճառ դառնալ։

Մի շտապեք հավելյալ սնունդ տալու հարցում

Նոր կուրծքը պետք է տալ նվազագույնը երկու ժամ անց։

Այդ պայմանը պետք է պահել, որպեսզի երեխան ստանա և՛ առաջնային կաթը, և՛ հետին։ Կուրծքը հաճախ փոխելու դեպքում երեխան զրկվում է հետին կաթում առկա սննդարար բոլոր նյութերը լիարժեք ստանալու հնարավորությունից:

Մի շտապեք հավելյալ սնունդ տալու հարցում։

Մինչև վեց ամսականը հավելյալ սնունդ տալու կարիք չկա։ Ավելի ուշ շրջանում էլ հավելյալ սնունդը տալիս են ոչ թե պակասող սննդանյութերը լրացնելու, այլ նոր համերին և սննդի տեսակին ծանոթացնելու նպատակով։ Երեխային կերակրեք տարբեր դիրքերով։

Այդ դեպքում երեխան կծծի կրծքի տարբեր մասերի կաթը, ինչը կաթի լճացումը կանխարգելելու հրաշալի միջոց է։ Բազմաթիվ մայրեր կարծում են, որ եթե երեխան ստանում է հավելյալ սնունդ, ապա կարելի է դադարեցնել լակտացիան։ Սակայն կուրծքը երեխայի համար միայն սննդի աղբյուր չէ, նա հոգեբանորեն դեռ պատրաստ չէ նրանից հրաժարվելուն։ Այդ տարիքում կրծքից կտրելը ֆիզիոլոգիական չէ, այդ պատճառով էլ կարող է ուղեկցվել խնդիրներով։

Գիշերային կերակրում

Հարկավոր է հետևել, թե երեխան ինչպես է բռնում կուրծքը։

Կաթն արդյունավետ ծծելու համար երեխան պետք է բռնի ոչ թե միայն պտուկը, այլև հարպտկային շրջանը՝ արեոլը։

Գիշերային կերակրումը լիարժեք լակտացիայի կարևոր մասն է։

Կաթի արտադրման համար պատասխանատու պրոլակտինը գիշերն ավելի շատ է արտադրվում։

Մոր հիվանդությունները լակտացիան դադարեցնելու առիթ չեն։

Գործնականում գրեթե ցանկացած հիվանդության համար կան դեղամիջոցներ, որոնք թույլատրելի են կրծքով կերակրման շրջանում։ Անգամ սեզոնային մրսածության ժամանակ պետք է կերակրել երեխային, քանի որ կաթն ունի հակամարմիններ, և երեխան իմունիտետ է ձեռք բերում, հիվանդանալու դեպքում էլ այն թեթև է ընթանում։

Կրծքով կերակրումը շատ կարևոր է երեխայի և մոր համար։ Հարկավոր է տեղեկացված լինել և հետևել կրծքով կերակրման կանոններին։ Այդ դեպքում կնվազեցնեք խնդիրների առաջացման հավանականությունը և պարզապես կվայելեք երեխայի հետ շփումը։

Ինչ է էպիզիոտոմիան և ինչպես վերականգնվել դրանից հետո

Ինչ է էպիզիոտոմիան և ինչպես վերականգնվել դրանից հետո

Ծննդաբերության ժամանակ հեշտոցը լայնանում է, բայց երբեմն դա կարող է բավարար չլինել երեխայի գլուխը տեղավորելու համար

Ի՞նչ անել, եթե առանց որևէ պատճառի կապտուկներ են առաջանում

Ի՞նչ անել, եթե առանց որևէ պատճառի կապտուկներ են առաջանում

Կապտուկը անոթների վնասվածքի պատճառով մաշկի վրա առաջացած արյունազեղումն է

Ստամոքսի քաղցկեղ

Ստամոքսի քաղցկեղ

Ընթացակարգի ժամանակ ստամոքսի մեջ մտցվում է հատուկ սարք, որի միջոցով բժիշկն ուսումնասիրում է ստամոքսի բոլոր հատվածները, ինչպես նաև 12-մատնյա աղին։

Ինչպե՞ս է գործում հղի կանանց դիմադրողականությունը

Ինչպե՞ս է գործում հղի կանանց դիմադրողականությունը

Գենի և դիմադրողականության տեսանկյունից՝ պտուղը օտար օրգանիզմ է կնոջ համար