Կրծքով կերակրելու կարևորությունն ու առաջնահերթությունը

Կրծքով կերակրելու կարևորությունն ու առաջնահերթությունը

Կրծքով կերակրելը կարևոր է երեխաների և կանանց ներկա և հետագա առողջության համար: Կարևոր է ինչպես կրծքի կաթի բաղադրությունը, այնպես էլ կրծքով կերակրելու գործողությունը: 

Կրծքով կերակրվելու գործողությունը՝

• նպաստում է երեխայի ծնոտի, լեզվի և ևստախյան խողովակի մկանների ձևավորմանը: Այդ զարգացումը նվազեցնում է ականջի վարակների հավանականությունը, նպաստում է խոսքի ձևավորմանը, ատամները պաշտպանում է կարիեսից և նվազեցնում է օրթոդոնտիկ խնդիրների վտանգը, 

• երեխաները կարող են կարգավորել իրենց ստացած կաթի քանակը: Դա կարող է ազդել հետագայում նրանց ընդունած սննդի քանակի, ախորժակի ինքնակարգավորման և գիրության վրա: Ախորժակի նմանտիպ ինքնակարգավորում չեն ունենում շշով կերակրվող մանուկները, քանի որ կերակրող անձն է որոշում կաթի քանակը և ոչ թե երեխան, 

• կրծքով կերակրելն ապահովում է նաև ջերմություն, մտերմություն և շփում մոր հետ, ինչը նպաստում է երեխայի ֆիզիկական և էմոցիոնալ զարգացմանը:  

Կրծքի կաթը՝

• Ապահովում է լավագույն սնունդը, որը բավարարում է երեխայի կարիքները աճի և զարգացման համար: Մայրական կաթը լավագույն ձևով հարմարեցված է մանկան անհատական պահանջներին և մշտապես փոփոխվում է նրա փոփոխվող պահանջները բավարարելու համար: 

• Պաշտպանում է վարակներից և կարող է կանխել մանկական մահերի որոշ մասը: Զարգացող երկրներում կատարվող հետազոտությունների ամփոփումը ցույց է տալիս, որ կյանքի առաջին վեց ամիսների ընթացքում կրծքով չկերակրվող երեխաների մահանալու վտանգը 6-10 անգամ մեծ է կրծքով կերակրվողների համեմատ: Կրծքի կաթից զրկված երեխաներն ավելի հաճախ և ավելի ծանր են հիվանդանում փորլուծությամբ և թոքաբորբով, ինչպես նաև միջին ականջի վարակներով, Hemophilus influenzae-nվ պայմանավորված մենինգիտով, միզուղիների ինֆեկցիայով: 
• Նվազեցնում է անհաս նորածինների նեկրոտիզացնող էնտերոկոլիտով հիվանդանալու վտանգը: 
• Նվազեցնում է իմունոլոգիական հիմք ունեցող հիվանդություններով, այղ թվում ասթմայով, էկզեմայով և այլ ատոպիկ վիճակներով, մանկական հասակի ինսուլինկախյալ շաքարային դիաբետով, գլյուտենային հիվանդությամբ, Կրոնի հիվանդությամբ, խոցային էնտերոկոլիտով հիվանդանալու վտանգը: 
• Նվազեցնում է նաև մանկական լեյկեմիայի վտանգը: 
• Ծրագրավորում է օրգան-համակարգերի աշխատանքը, օրինակ՝ նպաստում է արյան ճնշման կարգավորմանը և նվազեցնում է գիրության վտանգը հետագա կյանքի ընթացքում: 
• Միշտ պատրաստ է օգտագործելու համար: 

Կրծքով կերակրվող երեխաներն ունեն մտավոր զարգացման ավելի բարձր մակարդակ և հաջողություններ ուսուցման ասպարեզում: Կրծքով կերակրելու առավելությունները պայմանավորված են նրա «քանակով»: Կրծքով սնուցումը կարևոր է նաև մոր համար: Կրծքով կերակրած կանանց համեմատ կրծքով չկերակրած կանանց հետևյալ հիվանդությունների կամ վիճակների վտանգն ավելի մեծ է՝

• կրծքագեղձի քաղցկեղ և ձվարանների քաղցկեղի որոշ տեսակներ, 
• կոնքազդրային հոդի կոտրվածքներ ծերունական տարիքում, 
• հղիության ընթացքում կուտակած ճարպի պահպանում, որը հետագայում կարող է հանգեցնել գիրության, 
• սակավարյունություն` ծննդաբերությունից հետո արգանդի ավելի վատ կծկողունակության և դաշտանային ցիկլի ավելի արագ վերականգնման պատճառով: 

Կրծքով չկերակրելն ազդում է նաև ընտանիքի վրա: Եթե երեխան կրծքով չի կերակրվում, ապա կարող է լինել եկամուտի կորուստ կաթնախառնուրդ ձեռքբերելու համար անհրաժեշտ լրացուցիչ ֆինանսական ծախսեր, ինչպես նաև երեխայի հիվանդության հետ կապված ծախսեր: 

Կրծքով չկերակրելու վտանգները պայմանավորված են կրծքի կաթի պաշտպանական հատկությունների պակասով, որը մեծացնում է հիվանդացությունը, ինչպես նաև սնուցողական բաղադրամասերի լավագույն փոխհարաբերության պակասով, օրինակ՝ ուղեղի զարգացման համար և աղիքների աճի համար անհրաժեշտ նյութերի պակասով: Ի լրումն այս ամենի կան լրացուցիչ վտանգներ կրծքի կաթի փոխարինիչների օգտագործման հետ կապված, այդ թվում՝

• մանկական կաթնախառնուրդը կարող է արտադրության սխալի հետևանքով վարակվել միկրոբներով, 
• կաթնախառնուրդը կարող է անապահով բաղադրամասեր պարունակել կամ չպարունակել կենսականորեն անհրաժեշտ որոշ բաղադրամասեր, 
• կերակրելու պարագաները լվանալու համար կամ կաթնախառնուրդը պատրաստելու համար անհրաժեշտ ջուրը կարող է վարակված լինել, 
• կաթնախառնուրդ պատրաստելու սխալները, այղ թվում չափազանց նոսր կամ խիտ պատրաստելը կարոդ է երեխայի հիվանդության պատճառ դառնալ, 
• կաթնախառնուրդը կարոդ է տրվել լաց լինող երեխային հանգստացնելու նպատակով, որը կարող է հանգեցնել հավելյալ քաշի և անցանկալի վարքագծի ձևավորման, երբ սնունդը դիտվում է որպես տրամադրության անկումը հաղթահարելու միջոց, 
• կրծքի կաթի փոխարեն ջուր և թեյ տալը կարող է ընդունած կաթի ընդհանուր քանակի նվազման և քաշի կորստի պատճառ դառնալ: Հաճախակի հղիությունները անցանկալի են կնոջ առողջության համար:

 

 

 

 

Մանկաբուժություն: Ուս. ձեռնարկ, ԵրՊԲՀ հրատ.

Հարց ու պատասխան նոր կորոնավիրուսային վարակի, հղիության, ծննդաբերության և կրծքով կերակրման վերաբերյալ

Հարց ու պատասխան նոր կորոնավիրուսային վարակի, հղիության, ծննդաբերության և կրծքով կերակրման վերաբերյալ

ՔՈՎԻԴ-19-ից խուսափելու համար հղիության ընթացքում կանայք պետք է ձեռնարկեն միևնույն նախազգուշական միջոցները, ինչ մյուս ....

Ալկոհոլը կրծքով կերակրման ընթացքում

Ալկոհոլը կրծքով կերակրման ընթացքում

Լակտացիայի շրջանում ալկոհոլի օգտագործումը քիչ ուսումնասիրված հարց է։ Մայրիկները հաճախ են լսում հակասական խորհուրդներ, թե ինչպես է ազդում ալկոհոլը երեխայի վրա․․․

Ցիստիտը հղիության ընթացքում

Ցիստիտը հղիության ընթացքում

Հղիության ընթացքում ցիստիտի դեպքում դեղամիջոցների և անգամ որոշ խոտաբույսերի ընդունումն արգելվում է, քանի որ ոչ բոլորն են բարենպաստ ազդեցություն թողնում երեխայի առողջության վրա․․․

Մագնիումի դերը հղիության ընթացքում

Մագնիումի դերը հղիության ընթացքում

Մագնիումի պակասն առանձնահատուկ զգացվում է հղիության շրջանում, քանի որ այն մասնակցում է փոքրիկի պրակտիկորեն բոլոր օրգանների կազմավորմանը և․․․․