Արգանդի պարանոցի էկտոպիա

Արգանդի պարանոցի էկտոպիան (կեղծ էրոզիա, պսևդաէրոզիա, էնդոցերվիկոզ, գեղձային էրոզիա) արգանդի պարանոցի հեշտոցային մասում գլանաձև էպիթելի սահմանների խախտումն է։
Կանխարգելումը
Արգանդի պարանոցի էկտոպիայի կանխարգելման նպատակով հարկավոր է՝
- կանխարգելում, սեռական օրգանների բորբոքային պրոցեսների վաղ ախտորոշում և բուժում,
- հորմոնային և իմունային հեմոստազի խանգարումների ժամանակին բուժում,
- ռացիոնալ բեղմնականխում (աբորտների կանխում)։
Առաջացումը
Դեռահասների և վաղ վերարտադրողական տարիքի աղջիկների դեպքում արգանդի պարանոցի էկտոպիան համարվում է ֆիզիոլոգիական վիճակ, որը կապված է հարաբերական հիպերէստրոգենիայի հետ։ Հղիության ընթացքում արգանդի պարանոցի էկտոպիայի ի հայտ գալը նույնպես ֆիզիոլոգիական վիճակ է համարվում և կապված է ձվարանների ֆունկցիայի փոփոխման հետ։ Ձեռքբերովի էկտոպիան դիտվում է որպես բազմաթիվ գործոնների ազդեցությամբ առաջացած հիվանդություն։
Կարդացեք`Արգանդի պարանոցի էկտրոպիոն
Առանձնացվում են արգանդի պարանոցի էկտոպիայի առաջացմանը նպաստող էկզոգեն և էնդոգեն գործոններ։ Էկզոգեն գործոններից են՝ ինֆեկցիոն, վարակիչ գործոնները (վաղ սեռական կյանք, զուգընկերների մեծ քանակություն, անամնեզում սեռական օրգանների բորբոքում) և տրավմատիկ գործոնները (ծննդաբերության կամ աբորտի ընթացքում արգանդի պարանոցի վնասվածքներ, բեղմնականխման պատնեշային միջոցների օգտագործում և այլն)։
Էնդոգեն գործոններից են՝ հորմոնային համակարգի խանգարումներ, իմունային վիճակի փոփոխություն (էքստրագենիտալային և գինեկոլոգիական քրոնիկական հիվանդություններ, մասնագիտական վտանգներ և այլն)։
Կլինիկական պատկերը
Բնածին էկտոպիան հայտնաբերվում է գինեկոլոգիական առաջին այցի ժամանակ, երբ վերջերս սեռական կյանք սկսած կինը հետազոտվում է։ Էկտոպիայի չբարդացած ձևը կլինիկական հատուկ դրսևորումներ չի ունենում և հաճախ հայտնաբերվում է կանխարգելիչ զննման ընթացքում։ Էկտոպիայի բարդացած ձևն ուղեկցվում է արգանդի պարանոցի բորբոքային, նախաքաղցկեղային պրոցեսներով։
Ախտորոշումը
Ախտորոշումը կատարվում է՝ հիմնվելով ֆիզիկալ հետազոտության (հայելիներով զննում), լաբորատոր հետազոտությունների (ցիտոլոգիական հետազոտություն, մանրէաբանական մեթոդներ, ՊՇՌ, իմունագրամա, ֆունկցիոնալ ախտորոշման թեստեր և այլն), ինչպես նաև գործիքային հետազոտությունների (կոլպոսկոպիա և այլն) տվյալների վրա։
Կարդացեք`Արգանդի պարանոցի էրոզիա. ախտանշանները, բուժման ժամանակակից մեթոդները
Բուժումը
Արգանդի պարանոցի չբարդացած ձևերը բուժում չեն պահանջում։ Ցուցված է դիսպանսերային դիտում կլինիկական ընթացքում շեղումների ժամանակին հայտնաբերման նպատակով։ Բարդացածնախաքաղցկեղային ձևերի բուժմամբ զբաղվում է օնկոգինեկոլոգը։
Ոչ դեղորայքային բուժում
Բուժման դեստրուկտիվ մեթոդները կիրառվում են բարդացած ձևերի դեպքում։ Արգանդի պարանոցի ախտաբանորեն փոփոխված հյուսվածքի քայքայման համար կիրառում են կրիոքայքայման, լազերային կոագուլյացիայի, ռադիովիրաբուժության մեթոդները։
Կարդացեք` Ապաքինումը արգանդի պարանոցի էրոզիայի բուժումից հետո
Դեղորայքային բուժում
Հարկավոր է կատարել էթիոտրոպ հակաբորբոքային թերապիա, հեշտոցի միկրոբիոցենոզի շտկում, հորմոնային և իմունային խանգարումների շտկում։
Անաշխատունակության մոտավոր ժամկետը
Արգանդի պարանոցի բիոպսիայից հետո սեռական ակտիվությունը կարելի է վերսկսել 4 շաբաթ անց, բուժման դեստրուկտիվ մեթոդներով բուժումից հետո՝ 6-8 շաբաթ անց։