Պիգմենտային բծերի առաջացման պատճառները հղիության ընթացքում
Հղիությունն այն հրաշալի ժամանակահատվածն է, երբ կնոջ օրգանիզմում բազմաթիվ փոփոխություններ են տեղի ունենում. չէ՞ որ նրա ներսում զարգանում է նոր կյանք: Հղիության ամբողջ ինն ամիսների ընթացքում ապագա մայրիկի օրգանիզմում շարունակ փոփոխություններ են տեղի ունենում և սովորաբար հաճելի, օրինակ՝ փոքրիկի առաջին խաղը, կրծքերի մեծացումը և այլն: Ցավոք երբեմն տհաճություններից խուսափելն անհնար է: Այսպես, կինը միգուցե մի առավոտ արթնանա և տխրությամբ հայտնաբերի, որ նախկինում ունեցած իր նուրբ և փղոսկրի նման սպիտակ մաշկից ոչինչ չի մնացել, իսկ դեմքն ու մարմինը պատվել են դեղնաշագանակագույն բծերով, հետքերով:
Պիգմենտային բծերի առաջացման պատճառները
Հղիության ընթացքում պիգմենտային բծերի առաջացման պատճառները տարբեր են: Առավել տարածված պատճառն օրգանիզմում տեղի ունեցող հորմոնային փոփոխություններն են, որոնց նպատակը կնոջը ծննդաբերությանը նախապատրաստելն է: Որպես հետևանք խանգարվում է պիգմենտների, մասնավորապես մելանինի բաշխումը, որն էլ հենց պատասխանատու է մաշկի գույնի համար: Ընդ որում՝ գոյություն ունի մելանինի 3 տեսակ՝ էումելանին՝ պատասխանատու է սև գույնի համար, ֆակոոմելանին՝ շագանակագույնի համար և ֆեոմելանին՝ դեղին գույնի համար:
Հղիության ընթացքում այս պիգմենտների սինթեզի համար պատասխանատու հորմոնը չի ավելանում, սակայն փոխվում է մաշկի առանձին հատվածների զգայունությունն իգական սեռական հորմոնների՝ էստրոգենների ազդեցության հանդեպ, որոնք էլ հենց մելանինի անհավասարաչափ բաշխման պատճառն են դառնում: Արդյունքում այն կուտակվում է որոշակի հատվածներում՝ առաջացնելով պիգմենատային բծեր:
Գոյություն ունի կարծիք, որ պիգմենտային բծերի առաջացումը կարող է պայմանավորված լինել ֆոլաթթվի, B խմբի, C վիտամինների, երկաթի, ցինկի, պղնձի անբավարարությամբ, ուժեղ սթրեսով կամ գենետիկական նախատրամադրվածությամբ: Բացի այդ, պիգմենտային բծերի առաջացման հավանականությունը մեծանում է ուշ գարնանը և ամռանը մաշկի վրա ուլտրամանուշակագույն ճառագայթների ազդեցության պատճառով:
Ի դեպ, գիտնականները նշում են, որ մուգ մաշկով կանանց դեպքում պիգմենտային բծերի առաջացման հավանականությունն ավելի մեծ է, քան սպիտակ մաշկ ունեցողների: Այնուամենայնիվ, այս անվնաս պատճառների մեջ կարող են թաքնված լինել նաև լուրջ խնդիրներ` լյարդի կամ մակերիկամների, գինեկոլոգիական հիվանդությունները, շաքարային դիաբետը կամ վահանաձև գեղձի խնդիրները: Այդ պատճառով պիգմենտային բծերի առաջացման դեպքում անհրաժեշտ է դիմել բժշկի:
Պիգմենտային բծեր կարող են առաջանալ մարմնի ցանկացած հատվածում, բայց կան հատվածներ, որտեղ դրանք առավել շատ են հանդիպում, օրինակ՝ ճակատ, քիթ, այտոսկրեր, այտեր, վերին շրթունք, կզակ, ուսեր, թևեր, մեջք, կրծքավանդակ, որովայն:
Ի՞նչ անել, երբ պիգմենտային բծեր են ի հայտ գալիս
Նախ և առաջ պետք չէ խուճապի մատնվել: Բարեբախտաբար ծննդաբերությունից հետո հորմոնային ֆոնի կարգավորմանը համընթաց մաշկի բնական գույնը սովորաբար վերադառնում է: Իսկ մինչ այդ խորհուրդ չի տրվում կիրառել հատուկ սպիտակեցնող նյութեր հիպերպիգմենտացիայի դեմ, քանի որ դրանցում պարունակվող մեծաքանակ ակտիվ բաղադրիչները կարող են ապագա փոքրիկի համար խիստ թունավոր լինել և բացասականորեն ազդել նաև կրծքի կաթի որակի վրա:
Այդուհանդերձ, ամիսներ շարունակ տնից դուրս չգալն էլ սխալ է, քանի որ կան բնական միջոցներ, որոնք կարելի է կիրառել, օրինակ կիտրոնի, քաղցր պղպեղի, վարունգի, կաղամբի, կարմիր հաղարջի կամ մաղադանոսի հիմքով քսուքները: Հիպերպիգմենտացիայից ազատվելու համար կարելի է յուրաքանչյուր երեկո դեմքի տվյալ հատվածներում դնել հյութով կամ թուրմով բամբակյա թրջոցներ: Մաշկի տոնուսի համար կարելի է վերը նշված բանջարեղենների և մրգերի հյութը սառեցնել և սառույցի տեսքով դնել դեմքի վրա: Ինչ միջոցի էլ որ դիմեք, հիշեք, որ նմանատիպ միջամտությունները պետք է անել երեկոյան, որպեսզի մաշկը դրանից հետո չենթարկվի արևի ճառագայթների ազդեցությանը: Ավանդական միջոցները, իհարկե, չեն ապահովի արագ արդյունք, բայց կօգնեն ինչ-որ չափով հավասարեցնել մաշկի գունավորումը: Եթե անհապաղ տնից դուրս գալու կարիք է լինում, և ժամանակ չեք ունենում սպասելու քսուքի ազդեցությանը, ապա կարելի է շպար օգտագործել, բայց պետք է ընտրել միայն որակյալ և բնական նյութերից միջոցներ, քանի որ դրանք մաշկից ներթափանցում են մայրիկի, հետևաբար նաև փոքրիկի օրգանիզմ:
Կանխարգելումը
Հիպերպիգմենտացիայից պաշտպանվելու համար կարելի է սննդակարգում ներառել այնպիսի մթերքներ, որոնք հարուստ են վիտամին B-ով, C-ով և միկրոտարրերով՝ հացահատիկային շիլաներ թեփով, կաղամբ, ճակնդեղ, գազար, լոբազգիներ, տերևավոր բանջարեղեն (հազար, սպանախ, կանաչի), լոլիկ, ամբողջական հացահատիկի ալյուրից պատրատված հաց: Նաև խորհուրդ է տրվում օգտագործել հատուկ հղի կանանց համար նախատեսված վիտամինային հավելումներ ֆոլաթթվով: Սակայն ալերգիաներից խուսափելու համար ցանկալի է խորհրդակցել գինեկոլոգի հետ:
Ինչպես արդեն նշվել է, սովորաբար, պիգմենտային բծերն անհետանում են ծննդաբերությունից հետո: Բայց լինում է նաև այնպես, որ դրանք շարունակում են անհանգստացնել կնոջը երկար տարիներ կամ ի հայտ են գալիս գարնանը: Վերջին դեպքում անհրաժեշտ է նախքան գարունը՝ փետրվար-մարտ ամիսներին, պաշտպանվել արևի ճառագայթներից: Դրա համար կարող եք մաշկի տեսանելի հատվածներում օգտագործել 30-ից բարձր SPF-ով արևապաշտպան քսուքներ: Ընդ որում՝ պետք է հիշել, որ դրանց ազդեցությունն արդեն 4 ժամ անց անհետանում է, և եթե պատրաստվում եք երկար մնալ դրսում, անհրաժեշտ է թարմացնել այն: Հարկ է հիշել նաև, որ արևն առավել ակտիվ է ժամը 11-17:00-ն ընկած ժամանակահատվածում և լավ կլինի այդ ժամերին խուսափել զբոսանքներից: Արևի ճառագայթների ազդեցությունից պիգմենտային բծերի ինտենսիվությունն ու չափերը կարող են էապես մեծանալ:
Ավելորդություն չի լինի հիպերպիգմենտացիայի դեպքում դիմել բժիշկ-մաշկաբանի, ով կօգնի ձեզ լուծել այդ խնդիրը: Այնուամենայնիվ, ինչ քանակի և գույնի էլ որ լինեն ձեր պեպենները, դրանցից խուսափել պետք չէ: Սիրեք ձեզ հենց այդպիսին. չէ՞ որ հիպերպիգմենտացիան մեր օրգանիզմի պաշտպանական ռեկցիան է ուլտրամանուշակագույն ճառագայթների ազդեցությունից, և եթե տվյալ շրջանում է այն ի հայտ գալիս, նշանակում է, որ օրգանիզմն առավելագույն կարիք ունի այդպիսի պաշտպանության: