Արգանդի տոնուսը հղիության ընթացքում

Արգանդի տոնուսը հղիության ընթացքում

Հղիությունը յուրահատուկ շրջան է, և կինը պետք է առանձնահատուկ ուշադրություն դարձնի իրեն և լինի շատ զգույշ: Այդ շրջանում հաճախ հանդիպող խնդիրներից է արգանդի տոնուսը կամ ավելի ճիշտ՝ հիպերտոնուսը:

Ի՞նչ է արգանդի տոնուսը

Արգանդը խոռոչային, մկանային օրգան է՝ կազմված երեք շերտից՝ արտաքին լորձաթաղանթ՝ պերիմետրիում, միջին մկանային շերտ՝ միոմետրիում և ներքին լորձաթաղանթ՝ էնդոմետրիում: Միոմետրիումը հարթ մկանային հյուսվածք է, որն ընդունակ է կծկվելու, օրինակ՝ ծննդաբերության ժամանակ: Բնական վիճակում այս մկանը պետք է լինի թուլացած, հանգիստ։ Այդ վիճակը կոչվում է արգանդի բնականոն տոնուս, իսկ ահա երբ հղիության ընթացքում, բայց նախքան ծննդաբերությունը արգանդն սկսում է կծկվել, այդ դեպքում ասում են, որ արգանդի տոնուսը բարձր է: Դա միշտ չէ, որ անհանգստանալու առիթ է: Արևմտյան բժշկության մեջ այն համարվում է բնականոն ֆիզիոլոգիական վիճակ, եթե իհարկե չի ուղեկցվում այլ ախտանշաններով, որոնք անհարմարություն են պատճառում և մատնանշում լուրջ խանգարումներ: Այս մոտեցումը ողջամիտ է այնքանով, որ նույնիսկ փռշտոցի և ծիծաղի ժամանակ գրեթե բոլոր մկանները, այդ թվում և արգանդը կծկվում են: Նույնը կարելի է ասել հեշտանքի մասին: Արգանդի վրա ազդեցություն է ունենում նաև կնոջ հոգեբանական վիճակը: Հաճախ արգանդի մկանների լարվածությունը նկատվում է հենց գինեկոլոգիական զննման ընթացքում: Այդ բոլոր բնականոն դեպքերում արգանդի լարվածությունը կարճաժամկետ է: Այլ խնդիր է, երբ այն երկարատև է լինում: Դա կարող է հանգեցնել պտղի համար բազմաթիվ տհաճ հետևանքների:

Որո՞նք են արգանդի տոնուսի վտանգները

Արգանդի հիպերտոնուսի հետևանքով կարող է առաջանալ անգամ ինքնաբեր վիժում, եթե այն դիտվում է հղիության վաղ ժամկետներում, կամ վաղաժամ ծննդաբերություն, եթե հղիության երրորդ եռամսյակում է դիտվում: Ամենից հաճախ արգանդի հիպերտոնուս դիտվում է հղիության սկզբներին, երբ արգանդի լարվածությունը դժվարացնում է բեղմնավորված ձվաբջջի ներդրման (իմպլանտացիա) ընթացքը և առաջացնում դրա մերժում կամ մահ: Դա ինքնաբեր վիժումն է: Այսինքն՝ եթե դա տեղի է ունենում մինչև հղիության 28-րդ շաբաթը, կոչվում է վիժում, իսկ դրանից հետո՝ վաղաժամ ծննդաբերություն:

Երբեմն արգանդի տոնուսն ի հայտ է գալիս ծննդաբերությունից առաջ՝ այսպես կոչված նախապատրաստող կծկումների տեսքով: Սովորաբար դրանք վնասակար չեն: Այդ կերպ արգանդը պատրաստվում է ծննդաբերության ընթացքին, կոպիտ ասած՝ մարզվում է դրա համար: Արգանդի տոնուսը կարող է սպառնալ փոքրիկին, քանի որ արգանդի լարված մկանները կարող են խանգարել սնուցումը և դրա հետևանքով կվատթարանա թթվածնի մատակարարումը պտղին, կառաջանա թթվածնաքաղց: Նույն կերպ սննդանյութեր չստանալու պատճառով հնարավոր է առաջանա պտղի հիպոտրոֆիա, աճի կանգ:

Արգանդի հիպերտոնուսի պատճառները

Հղիության ընթացքում նման վիճակ կարող է առաջանալ տարբեր պատճառներով: Վերևում նշվեցին այն պատճառները, որոնք բնական կծկումներ են առաջացնում, սակայն արգանդի հիպերտոնուս կարող է առաջանալ հղիության ընթացքի հետ կապված խնդիրներից, որոնք բազմազան են, կխոսենք դրանցից ամենատարածվածների մասին:

Հղիության վաղ շրջանում արգանդի տոնուսի ամենահաճախ հանդիպող պատճառը պրոգեստերոն հորմոնի անբավարարությունն է: Մինչև հղիության 4-րդ ամիսը, այս հորմոնն արտադրվում է այսպես կոչված դեղին մարմնի կողմից, որն առաջանում է ֆոլիկուլի հասուն ձվաբջջի պայթելու վայրում: Այս հորմոնի գլխավոր ֆունկցիան էնդոմիետրիումի նախապատրաստումն է բեղմնավորված ձվաբջջի իմպլանտացիային, ինչպես նաև հարթ մկանունքի թուլացումը՝ արգանդի հիպերտոնուսի զարգացումը կանխելու նպատակներով: Այդ կերպ պրոգեստերոնի անբավարարությունը կարող է հիպերտոնուսի պատճառ դառնալ: Լինում են նաև այլ հորմոնային խանգարումներ, մասնավորապես որոշ արական հորմոնների ավել քանակը, որը կրկին հագնեցնում է այս վիճակի զարգացման: Այդ պատճառով էլ շատ կարևոր է հղիության ընթացքում հորմոնային հավասարակշռությանը հետևելը:

Վաղ գեստոզը կամ տոքսիկոզը նույնպես ազդեցություն է ունենում արգանդի վրա, հատկապես, երբ ուղեկցվում է առատ և ուժեղ փսխումներով: Փսխման ժամանակ շատ մկաններ են կծկվում, հատկապես որովայնի խոռոչի մկանները: Ցավոք հղիության վաղ ժամկետներում տոքսիկոզից ամբողջությամբ ազատվել հնարավոր չէ:

Հիպերտոնուսը կամ առհասարակ չզարգացող հղիությունը կարող է կապված լինել արգանդի զարգացման անոմալիաների հետ՝ երկեղջյուր կամ թամբաձև արգանդ, կամ ունենալ այլ խանգարումներ (գեստոզ, սակավաջրություն և այլն): Արգանդի զարգացման ցանկացած խանգարում կարող է դժվարացնել երեխային կրելը և նույնիսկ այն անհնար դարձնել:

Շատ կարևոր է, որ նախքան հղիությունը կինը տեղյակ լինի իր բոլոր խնդիրների մասին և հղիության ամբողջ ընթացքում լինի բժշկի մշտական հսկողության ներքո: Երբեմն արգանդի տոնուսի պատճառ կարող է հանդիսանալ այսպես կոչված ռեզուս-կոնֆլիկտը: Կնոջ օրգանիզմը կարող է մերժել պտղին՝ դիտելով այն որպես օտարածին մարմնի: Դա էլ կարտահայտվի հենց տոնուսի բարձրացմամբ:

Սեռական օրգանների կամ արգանդի խոռոչի որոշ վարակային հիվանդություններ և բորբոքային պրոցեսներ նույնպես կարող են առաջացնել բարձր տոնուս: Սովորաբար վարակներն ուղեկցվում են նաև այլ ախտանշաններով՝ արտադրության բնույթի փոփոխություն, ցավային զգացողություններ, քոր և այլն:

Արգանդի չափից առավել ձգվելը նույնպես կարող է լինել բարձր տոնուսի պատճառ: Այդպիսի իրավիճակ դիտվում է բազմապտուղ հղիության դեպքում կամ երբ պտուղը շատ մեծ է լինում: Այս վիճակն առաջանում է նաև գերջրության ժամանակ:

Պետք չէ մոռանալ նաև հոգեբանական խնդիրների, լարվածության ու սթրեսի մասին: Հնարավոր է նաև, որ պատճառը լինեն աղիները, ավելի ճիշտ՝ դրանցում չափից շատ գազերի առաջացումը և գալարակծկանքների փոփոխությունը: Ընդհանուր առմամբ պետք է հասկանալ, որ արգանդի տոնուսը ինքնին հիվանդություն չէ, այլ ախտանշան է: Անհրաժեշտ է կատարել լրացուցիչ հետազոտություններ և հստակ ախտորոշելուց հետո միայն բուժում նշանակել:

Ինչպե՞ս կարելի է ինքնուրույն որոշել արգանդի տոնուսը: Սա այնքան էլ դժվար չէ, քանի որ հղիության ընթացքում արգանդի տոնուսի նշանները հիմնականում պարզ և հասկանալի են լինում: Հղիության վաղ շրջանում արգանդի տոնուսի ախտանշաններն են որովայնի ստորին հատվածի ծանրությունը, ձգող ցավերը, ինչպես լինում է դաշտանի ժամանակ, երբեմն ցավերը տարածվում են դեպի գոտկային կամ սրբանային հատված:

Հղիության երկրորդ եռամսյակում ախտանշանները գրեթե նույնն են, բայց ավելի տեսանելի՝ որովայնը սեղմված է, կոպտացած, արգանդը կարծես քարացած լինի: Հիմնականում յուրաքանչյուր կին կարողանում է տարբերել իր արգանդի տոնուսի բարձր կամ նորմալ լինելը:

Որոշ դեպքերում այն արտահայտվում է կպչուն արյունային արտադրության տեսքով: Դա լուրջ նախազգուշացնող ախտանշան է, որի դեպքում անհրաժեշտ է շտապ օգնություն կանչել և փորձել հանգիստ մնալ: Ժամանակին ցուցաբերված օգնության դեպքում հիմնականում հաջողվում է հղիությունը պահպանել:

Արգանդի տոնուսի ախտորոշումը

Գոյություն ունեն արգանդի հիպերտոնուսի բժշկական ախտորոշման մի քանի եղանակ: Հիմնականում դա տեսանելի է լինում սովորական գինեկոլոգիական զննման ընթացքում, իսկ առհասարակ ամենատարածված մեթոդը ուլտրաձայնային հետազոտութույնն է: Այն ցույց է տալիս արգանդի մկանունքի վիճակը: Մասնավորապես հենց ՈւՁՀ-ն է թույլ տալիս հայտնաբերել այնպիսի պաթոլոգիաներ, ինչպիսիք են արգանդի հետին կամ առաջային պատի 1 կամ 2 աստիճանի տոնուսը: Խնդիրն այն է, որ արգանդի որևէ պատի տոնուսը արտահայտվում է նրա ձևի փոփոխությամբ, իսկ աստիճանն անմիջականորեն կախված է նրանից, թե որ պատին է ամրացած պտուղը: Գոյություն ունեն նաև հատուկ սարքեր, որոնք չափում են արգանդի տոնուսը: Այնինչ դրանք լայն տարածում չունեն, քանի որ իրականում տոնուսը որոշելը հեշտ է, իսկ ահա դրա պատճառը գտնելը՝ ոչ այնքան:

Արգանդի հիպերտոնուսի բուժումը

Ի՞նչ է անհրաժեշտ անել այս ախտորոշումը լսելուց հետո: Նախ և առաջ անհրաժեշտ է լսել բժշկի խորհուրդները: Բուժման ընտրությունը կախված է արգանդի տոնուսի աստիճանից և առաջացման պատճառներից: Եթե դրա առաջացումը կապված չէ որևէ լուրջ խնդրի հետ, ապա բուժումն անցկացվում է ամբուլատոր պայմաններում:

Կանանց խորհուրդ է տրվում անկողնային ռեժիմ, բժիշկը դուրս է գրում սպազմոլիտիկներ՝ նո-շպա կամ պապավերին: Հաճախ նշանակվում է նաև մագնե B6, պտուղ-ընկերքային արյան շրջանառությունը լավացնող դեղամջոցներ և այլն: Սրանք այն միջոցներն են, որ կիրառվում են հղիության ընթացքում արգանդի տոնուսի կարգավորման համար, ինչպես նաև կարող են նշանակվել այլ դեղամիջոցներ դրա պատճառի վերացման համար:

Եթե խնդիրը պրոգեստերոնի անբավարարությունն է, ապա կնոջը նշանակում են դրա պարունակությամբ դեղորայք: Եթե պատճառը արական հորմոնների ավելցուկն է, ապա նշանակվում են դրանց անտիպոդներ: Տոքսիկոզի դեպքում արվում է հնարավոր ամեն բան վիճակը մեղմելու համար, իսկ եթե աղիների հետ է կապված, անհրաժեշտ է նվազեցնել գազերի առաջացումը: Իրեն հատուկ բուժումն ունեն նաև ռեզուս- կոնֆլիկտը և մնացած այլ խնդիրները:

Եթե արգանդի տոնուսը ոչ մի կերպ չի կարգավորվում, կամ վիճակը գնալով լրջանում է, ապա կպահանջվի կնոջ բուժումը շարունակել ստացիոնար պայմաններում: Հիվանդանոցում կինն արդեն չի կարող խախտել անկողնային ռեժիմը, ինչը չի կարելի ասել տանը գտնվելու մասին: Բացի այդ, հիվանդանոցում բժիշկները կարող են ավելի մանրամասնորեն հետևել մոր և պտղի վիճակին, իսկ տոնուսի ուժգնացումը կարող են ժամանակին կանխել՝ խուսափելով վաղաժամ ծննդաբերությունից: Այստեղ անհրաժեշտ է մի ճշտում մտցնել, թե ինչու է հղիության 28-րդ շաբաթից սկսած խոսք գնում հենց վաղաժամ ծննդաբերության մասին, եթե այդ ժամկետներում պտուղը դեռ ամբողջությամբ հասունացած չէ: Ժամանակակից բժշկությունը թույլ է տալիս փորձել պտղի կյանքը փրկել հենց հղիության 28-րդ շաբաթից: Դա լավագույն ելքը չէ, միշտ ավելի նախընտրելի է հնարավորինս երկարացնել հղիության ընթացքը: Այդպես, եթե հղիության 26-րդ շաբաթում արգանդի տոնուսը դրդում է ծննդաբերության, ապա բժիշկներն ամեն կերպ փորձում են կանգնեցնել այն: Այդ նպատակներով անցկացվում է տոկոլիտիկ թերապիա, այսինքն համապատասխան սխեմայով և դեղամիջոցներով հանգստացնում են արգանդի լարվածությունը: Շատ կարևոր է այդ գործընթացը ժամանակին սկսելը, քանի որ այդ ժամկետներում պտուղը կարող է չփրկվել: Այդ պատճառով է կարևոր կնոջը հոսպիտալացնելը: Իսկ ահա 36-38-րդ շաբաթներում այդ վիճակն արդեն այնքան վտանգավոր չի լինի: 28-րդ շաբաթից հետո էլ առաջնահերթ անհրաժեշտ է փորձել պահպանել հղիությունը:

Լինում են դեպքեր, երբ կինը չի ցանկանում տեղափոխվել հիվանդանոց և գուցե պատճառն ավագ երեխաներն են կամ աշխատանքը կորցնելու վախը, տնային հոգսերը և այլն: Ցավոք, այստեղ հստակ խորհուրդներ տալ հնարավոր չէ, քանի որ ամեն ինչ կախված է կոնկրետ իրավիճակից: Ցանկացած դեպքում պետք է հասկանալ, որ հիվանդանոցում ավելի ճիշտ կլինի օգնություն ցուցաբերել, իսկ դրանից հրաժարվելով՝ կինը վտանգի է ենթարկում դեռ լույս աշխարհ չեկած իր փոքրիկին:

Կանխարգելումը

Հիպերտոնուսը կանխարգելելը շատ հեշտ է: Հարկավոր է առաջին հերթին խուսափել ավելորդ ֆիզիկական ծանրաբեռնվածությունից և սթրեսից: Կարևոր է նաև ճիշտ սնվելը և օրվա ռեժիմը պահպանելը՝ քնել և արթնանալ գրեթե նույն ժամին: Ամբողջական հանգիստը և լավ քունը մեծ դեր ունեն:

Առանձին պետք է նշել վնասակար սովորությունների մասին․ ալկոհոլի օգտագործումը կամ ծխախոտը, որոնք ոչ միայն բացասական ազդեցություն են ունենում արգանդի տոնուսի վրա, այլև առհասարակ հանգեցնում են լուրջ խնդիրների: Դրանցից պետք է հրաժարվել դեռ հղիության պլանավորման փուլում:

Կարևոր դեր ունի գինեկոլոգի մոտ մշտական այցելությունը, որը թույլ կտա կանխարգելել կամ ժամանակին վերացնել խնդիրը: Հատկապես, եթե կինը վտանգի խմբում է, խիստ կարևոր են բոլոր հետազոտությունները, ՈՒՁ հետազոտությունը, ինչպես նաև նեղ մասնագետների այցելելը, իսկ ամենագլխավորը՝ քիչ անհանգստանալն է: Եթե նույնիսկ բախվել եք այս խնդրին, առավել ևս չպետք է խուճապի մատնվեք: Հիմնականում հաջողվում է հղիությունը պահպանել: Անհանգստությունը ոչ մի կերպ չի օգնի վիճակի բարելավմանը:

Կրծքով Կերակրումը Հղիության Ընթացքում․ Հնարավոր Ռիսկերը և անվտանգության Հարցերը

Կրծքով Կերակրումը Հղիության Ընթացքում․ Հնարավոր Ռիսկերը և անվտանգության Հարցերը

Կրծքով կերակրելը կարևոր դեր է խաղում երեխայի առողջության…

Կաթնարտադրության խթանման բնական եղանակներ

Կաթնարտադրության խթանման բնական եղանակներ

Կրծքով կերակրումն անփոխարինելի կապ է մայրիկի և երեխայի միջև…

Հեմատոման հղիության ընթացքում

Հեմատոման հղիության ընթացքում

Հղիության ընթացքում արգանդում տեղի ունեցող ցանկացած…

Հղիության վաղ ախտանիշները

Հղիության վաղ ախտանիշները

Հղիությունը բարդ բիոլոգիական գործընթաց է…