Ի՞նչ է գերջրությունը

Ի՞նչ է գերջրությունը

Գերջրությունը պտղաջրի ծավալի մեծացումն է: Այդ ծավալի գնահատումը հեշտ չէ: Առաջին հերթին ախտորոշումն սկսվում է հղի կնոջ գանգատները լսելուց և կլինիկական զննումից: Գերջրության դեպքում նկատվում է որովայնի լայնացում և արգանդի հատակի չափից ավելի բարձրացում, որովայնի լարվածություն, պտղի մարմնի մասերը դժվար շոշոփելի են, սրտխփոցը՝ խուլ: Մեր օրերում գերջրության ախտորոշման ամենաակտուալ և հուսալի տարբերակը ուլտրաձայնային հետազոտությունն է: Մասնագետը տեսանելի կերպով որոշում է պտղաջրի քանակը: Բացի այդ, օբյեկտիվ վերլուծության համար խորհուրդ է տրվում հաշվել ամնիոտիկ հեղուկի ինդեքսը, որը նպաստում է բուժական թերապիայի արդյունքերի հետագա գնահատմանը:

Գերջրության հիմնական պատճառները

Ցավոք միշտ չէ, որ հաջողվում է պարզել, թե ինչով է պայմանավորված պտղաջրի չափից ավելի կուտակումը: Դա պարզելու համար կատարում են ախտորոշիչ հետազոտություններ:

Գերջրության գլխավոր պատճառներն են՝

  • ներարգանդային քրոնիկական վարակները,
  • մոր էքստրագենիտալ պաթոլոգիան (շաքարային դիաբետ, սրտանոթային պաթոլոգիա),
  • պտղի բնածին պաթոլոգիան, 
  • գեստոզ,
  • ռեզուս-կոնֆլիկտ, 
  • պտղից պտուղ տրանսֆուզիայի համախտանիշը և այլն:

Հարկ է նշել, որ ըստ կլինիկական ընթացքի՝ տարբերում են գերջրության սուր և քրոնիկական տեսակներ: Սուր գերջրությունն ընդունված է համարել առավել մտահոգիչ, քանի որ կարճ ժամանակահատվածում տեղի է ունենում պտղաջրի կտրուկ ավելացում: Սովորաբար սուր գերջրությունն ի հայտ է գալիս հղիության մինչև 28-րդ շաբաթը և ավելի հաճախ կապված է լինում ներարգանդային վարակի առաջացման հետ: Հեղուկի արագ կուտակման հետևանքով կինն սկսում է զգալ ընդհանուր թուլություն, որովայնի ծավալի մեծացում, ծանրության զգացողություն որովայնում և գոտկատեղի շրջանում ցավ, հևոց, սրտանոթային համակարգի աշխատանքի խանգարումներ: Սովորաբար այս ախտորոշումը պահանջում է հոսպիտալացում: Քրոնիկական գերջրությունն արտահայտվում է հեղուկի աստիճանական կուտակմամբ, որը հանգեցնում է օրգանիզմի հարմարման, և սովորաբար այս իրավիճակում կինը գանգատներ չի ունենում, և գերջրությունը կարող է բացահայտվել ուլտրաձայնային հետազոտության միջոցով:

Ինչո՞վ է վտանգավոր գերջրությունը

Այս երևույթն այնքան էլ հաճախ չի հանդիպում (0,5%): Այնուամենայնիվ, դրա առկայությունը պահանջում է բժիշկների և հիվանդի ուշադրությունը: Հղիության ընթացքում գերջրությունը կարող է վտանգավոր լինել՝ հանգեցնելով վաղաժամ ծննդաբերության, կամ պտղային թաղանթի անկայունության պատճառով կարող է տեղի ունենալ հարպտղային ջրի վաղաժամ արտահոսք: Ընդ որում՝ մեծ ծավալի հեղուկի արագ արտահոսքը կարող է ուղեկցվել պորտալարի կամ պտղի վերջույթի դուրս գալով: Նաև մեծանում է ընկերքի վաղաժամ շերտազատման վտանգը: Գերջրության պարագայում արգանդի պատերը ծննդաբերության ընթացքում կարող են գերլարվել, պտղաջրերը՝ վաղաժամ արտահոսել, հետծննդաբերական արյունահոսության վտանգը կարող է մեծանալ, իսկ այդ ամենը վատթարացնում է ծննդաբերության ընթացքը և հետծննդաբերական շրջանը:

Ինպե՞ս է բուժվում գերջրությունը

Գերջրությունը չունի համընդհանուր բուժում: Նախ և առաջ անհրաժեշտ է պարզել դրա առաջացման պատճառները, որն էլ կորոշի թերապիայի հետագա ընթացքը: Յուրաքանչյուր կլինիկական պատկեր խիստ անհատական է և պահանջում է մանկաբարձ-գինեկոլոգի խորհրդատվություն, իսկ որոշ դեպքերում՝ ստացիոնար բուժում: Եթե ախտորոշվել է գերջրություն, դա դեռ չի նշանակում, որ պարտադիր ունենալու եք հղիության և ծննդաբերական վերը նշված բարդությունները: Դա պարզապես պահանջում է բժշկի հետ ժամանակին խորհրդատվություն, որը թույլ կտա կանխորոշել հնարավոր վտանգները: Ժամանակին թերապիա ստանալը և հետազոտություններն անելը լավագույն տարբերակն է հղիության հաջող ելքն ապահովելու համար:

Ինչ է էպիզիոտոմիան և ինչպես վերականգնվել դրանից հետո

Ինչ է էպիզիոտոմիան և ինչպես վերականգնվել դրանից հետո

Ծննդաբերության ժամանակ հեշտոցը լայնանում է, բայց երբեմն դա կարող է բավարար չլինել երեխայի գլուխը տեղավորելու համար

Ի՞նչ անել, եթե առանց որևէ պատճառի կապտուկներ են առաջանում

Ի՞նչ անել, եթե առանց որևէ պատճառի կապտուկներ են առաջանում

Կապտուկը անոթների վնասվածքի պատճառով մաշկի վրա առաջացած արյունազեղումն է

Ստամոքսի քաղցկեղ

Ստամոքսի քաղցկեղ

Ընթացակարգի ժամանակ ստամոքսի մեջ մտցվում է հատուկ սարք, որի միջոցով բժիշկն ուսումնասիրում է ստամոքսի բոլոր հատվածները, ինչպես նաև 12-մատնյա աղին։

Ինչպե՞ս է գործում հղի կանանց դիմադրողականությունը

Ինչպե՞ս է գործում հղի կանանց դիմադրողականությունը

Գենի և դիմադրողականության տեսանկյունից՝ պտուղը օտար օրգանիզմ է կնոջ համար