Կրծքով կերակրման կանոններ

07.04.2016 35504
Ժամանակակից կյանքում ավելի ու ավելի քիչ կանայք են երեխային կերակրում կրծքով։ Հաճախ նրանք որպես արդարացում նշում են սթրեսն ու լարվածությունը, կաթի բացակայությունը, սակայն ցանկացած կին, ով կաթնագեղձ ունի, կարող է կարգավորել կաթնարտադրությունը։ Բացառություն են միայն այն կանայք, ովքեր չեն կարող կերակրել առողջական վիճակի պատճառով։ Եթե կինը որոշել է կերակրել երեխային և, որ ամենակարևորն է, ցանկանում է այդ անել, ապա կաթ կունենա։

Կրծքով կերակրման կանոնների պահպանման դեպքում լակտացիան հաջողությամբ է կատարվում և անհրաժեշտ ժամանակին, իսկ երեխան կաթի միջոցով ստանում է կենսականորեն կարևոր բոլոր սննդարար նյութերը։

Բարեհաջող կերակրման գրավականները

Բարեհաջող կերակրման գրավականներն են՝
  • կերակրելու ցանկությունը,
  • կերակրման ճիշտ ձևը, 
  • կրծքով կերակրման կանոնների պահպանումը, 
  • անհրաժեշտության դեպքում ԿԿ խորհրդատուի օգնության դիմելը, 
  • ամուսնու և մտերիմների աջակցությունը, 
  • կրծքին մոտեցնելու ճիշտ ձևը։

Երեխային կրծքին ճիշտ մոտեցնելու դեպքում կինը բացասական հետևանքներ (պտուկի ճաքեր ու միկրովնասվածքներ, մաստիտ, լակտոստազ և այլն) չի ունենում, որքան էլ որ երեխան երկար է ծծում կուրծքը։

Ամեն անգամ, երբ երեխան կուրծքը սխալ է դնում բերանը, պետք է հանել այն ու ճիշտ մոտեցնել։ Այդպիսով երեխան բնազդաբար սովորում է ճիշտ ձևը, բացի այդ այն նաև հուզականորեն հարմար է նրան․ չէ՞ որ մոր՝ ցավից առաջացած սթրեսային վիճակը կարող է փոխանցվել նաև փոքրիկին։ Պետք է իմանալ նաև, որ սխալ դիրքը կարող է բացասաբար անդրադառնալ երեխայի դիմածնոտային համակարգի վրա։

Մարմնի դիրքը կերակրման ընթացքում

Կրծքին մոտեցնելու ճիշտ ձևի դեպքում՝
  • անհարմարավետություն չի առաջանում ո՛չ մոր, ո՛չ երեխայի համար, 
  • չեն վնասվում պտուկները, 
  • նորածինը հագենում է սննդից, 
  • կերակրումը տևում է այնքան, որքան հարկավոր է։

Կրծքին մոտեցնելու սխալ ձևի դեպքում՝
  • ցավ է առաջանում,
  • ի հայտ են գալիս պտուկների վնասվածքներ, մաստիտ, լակտոստազ, 
  • կինն ստիպված է լինում անժամանակ դադարեցնել կերակրումը, 
  • երեխան չի հագենում։

Մարմնի դիրքը կերակրման ընթացքում

Կերակրման ընթացքում կարևոր է, որ կինը հարմար դիրքում նստի կամ պառկի։ Այն կապահովի կաթի հոսքը և կկանխարգելի կաթնածորանների խցանումը։ Կերակրումը կողքի պառկած դիրքում Հարկավոր է կերակրման մի քանի ձև փորձել՝ կողքի պառկած և թևի տակից։ Այս տեսակները փորձում են առաջին ամիսներին, իսկ հետո վարժվում նստած դիրքին։

Կերակրումն ըստ մոր և երեխայի պահանջի

Կերակրում ըստ պահանջի

Կերակրումը փոխադարձ գործընթաց է, այն պետք է կատարվի ինչպես երեխայի պահանջով, այնպես էլ մոր։ Սովորաբար կերակրման հաճախակիությունը թելադրում է երեխան՝ լաց լինելով և անհանգստությամբ։ Առաջին ամիսների ընթացքում հարկավոր է ամեն մի փոքրիկ առիթվ երեխային կուրծք տալ։ Այն կօգնի հագենալ, ինչպես նաև կապահովի հուզական հանգստությունը։

Հաճախակի կերակրումն ապահովում է նաև կարգավորել լակտացիան։ Սկզբնական շրջանում երեխային կերակրում են 15-20 անգամ։ Նա չի կարող չափից շատ ուտել, որովհետև նրա ստամոքսաղիքային տրակտը սովոր է անընդհատ կերակրմանը դեռևս մոր արգանդում և կաթը յուրացնում է ցանկացած քանակով։ Կրծքի կաթը հատուկ ֆերմենտներ է պարունակում, որոնք օգնում են ինքնայուրացմանը։

Կերակրումը մոր պահանջով

Կրծքով կերակրման ժամանակ բավարարվում է և՛ մոր, և՛ երեխայի ցանկությունը։ Մայրը նույնպես կարող է կերակրելու պահանջ զգալ նախորդ կերակրումից մեկ-երկու ժամ անց։ Այդ ցանկությունը համապատասխանում է նրա պահանջմունքների ռիթմին, այդ պատճառով նույնպես կարող է իրականացվել։ Սովորաբար այդպես լինում է, երբ երեխայի քունը երկարաձգվում է, և կաթը կուտակվում է կրծքում։ Մայրը կարող է կերակրել քնած երեխային, ով բնազդորեն կսկսի ծծել։ Քունը և կերակրումը կարող են համատեղվել, մեկը մյուսին չի խանգարում։

Կերակրման հաճախականությունը․ կթում

Առաջին երկու ամսվա ընթացքում կերակրման ընդմիջումը մոտավորապես մեկ ժամ է կազմում։ Սովորաբար կերարկումն ավարտվում է երեխայի քնով, ինչը վկայում է, որ նա հանգիստէ և լիակատար հարմարավետություն է զգում։ Եթե կուրծքը ծծելիս անհանգիստ է, ավելի երկար է ծծում, հարկավոր է գտնել անհանգստության պատճառը։ Սովորաբար իրենց այդպես են պահում այն երեխաները, ովքեր ծանր են տարել ծննդաբերությունն և բարձր տագնապայնություն ունեն։ Ժամանակի ընթացքում սթրեսը փոխհատուցվում է, և կերակրման պահանջը կարգավորվում է։ Երկու ամիս անց փոքրիկն սկսում է երկու ժամը մեկ կուրծք պահանջել և կրկին քնում է կերակրման ավարտին։ Գիշերը կերակրման ռիթմը չի փոխվում։

5-6-րդ ամսում կերակրման պարբերականությունը նվազում է (օրական նվազագույնը 12 անգամ)։ Այդ ընթացքում կարգավորվում է լակտացիան, կաթն արտադրվում է այնքան, որքան կա պահանջ։

Ըստ պահանջի կերակրման դեպքում կթելու կարիք չկա։ Անհրաժեշտություն է զգացվում միայն հետևյալ դեպքերում՝
  • լակտոստազ, 
  • մաստիտ, 
  • պտուկի ճաքերի բուժում,
  • անբավարար լակտացիա,
  • երեխայից բաժանվելու ժամանակ (որպեսզի լակտացիան պահպանվի), 
  • դեղորայքային բուժում պահանջող հիվանդության դեպքում և այլն։

Քաղցի զգացումը և կերակրումը

Նորածինները մեծահասակների պես չեն զգում քաղցը։ Այդ ցանկությունն առաջանում է մոտավորապես մեկ տարեկանում, իսկ նորածինն անհարմարություն է զգում, որից ազատվում է կուրծքը ծծելու միջոցով։ Այդ սովորությունը գալիս է դեռևս ներարգանդային կյանքից, ցանկացած անհարմարության դեպքում երեխան ծծում է կործքը և հանգստանում։ Այդ առումով ըստ պահանջի կերակրումն օգնում է հասնել հուզական կոմֆորտի և հագեցման։ Գուցե երեխան քնած մնա և բաց թողնի կերակրման ժամը, այդպես է լինում հենց քաղցի զգացում չունենալու հետևանքով։ Այդ դեպքում արդեն մայրիկն է կերակրելու ցանկություն զգում, որովհետև կուրծքը լցվում է կաթով։

Կերակրման տևողությունը

Հագենալով՝ երեխան ինքն է բաց թողնում կուրծքը, կարիք չկա այն նրանից խլելու։ Այդ պրոցեսն անհատական է յուրաքանչյուր երեխայի համար, ոմանց բավականացնում է մեկ ժամը, ոմանք էլ մեկ ժամից ավել են կերակրվում։ Կաթն այնպես է բաշխվում, որ սկզբում երեխան ուտում է «առաջնային» կաթը, որն ավելի յուղոտ է, հագեցած հանքանյութերով և ածխաջրերով, իսկ րոպեներ անց ստանում է «հետին» կաթը՝ յուղոտ և սպիտակուցներով հագեցած։ Այսինքն՝ սկզբում երեխան խմում է, հետո՝ ուտում։ «Հետին» կաթը ծծելու ընթացքում երեխան քնում է, քանի որ ճարպերը նպաստում են դրան։ Մայրը գուցե կարծի, թե երեխան հագեցել է և ժամանակից շուտ հեռացնի կուրծքը՝ նրան զրկելով կաթից։ Հենց թույլ ծծելու ժամանակ է երեխան կարողանում հագենալ։ Երիտասարդ մորը պետք է անհանգստացնի հակառակ երևույթը, երբ մինչև երկու ամսական երեխան հինգ րոպե ծծում է կուրծքը, հետո թողնում է այն ու չի քնում։

Կերակրումը երկու կրծքով

Պետք չէ երեխային տալ երկրորդ կուրծքը, քանի դեռ նա չի դատարկել առաջինը, որպեսզի հասցնի հագենալ և առաջնային և հետին կաթով։ Եթե երեխան չի հագենում, ուրեմն ամենայն հավանականությամբ մարսողական համակարգի խանգարում կա։ Ամեն կուրծքը պետք է տալ 1-2 ժամվա ընթացքում և հետո միայն փոխել։

Համատեղ քունը և կրծքի խնամքը

Գիշերային կերակրումը

Գիշերվա ընթացքում նպաստավոր պայմաններ են ստեղծվում կաթի արտադրման համար, ուստի գիշերային կերակրման օգուտն անգնահատելի է։ Ժամը երեքից մինչև առավոտյան ութն ընկած հատվածում կերակրելը խթանում է լակտացիան։ Համատեղ քունն օգնում է, որ մայրը փոքր-ինչ հանգստանա․ չէ՞ որ անկողնուց վեր կենալու անհրաժեշտություն չի զգացվում։ Համատեղ քնի ընթացքում երեխային հնարավոր է վնասել, այդ պատճառով անհրաժեշտ է շատ զգույշ լինել։ Կրծքով կերակրման ընթացքում պետք չէ երեխային հավելյալ կերակրել, քանի որ կրծքի կաթը բավարարում է բոլոր պահանջմունքները, պետք չէ նաև ջուր տալ, քանի որ կաթի 90% հեղուկ է։

Կրծքի հիգիենան

Կուրծքը հաճախակի լվանալու դեպքում մաքրվում է ճարպային հատուկ քսուքը, որը պաշտպանում է մաշկը, մաշկը չորանում է, ճաքեր են առաջանում, որոնցով միկրոօրգանիզմների ներթափանցելու արդյունքում մաստիտի առաջացման վտանգը մեծանում է։ Այդ պատճառով պետք է ոչ թե ամեն կերակրումից առաջ լվանալ կուրծքը, այլ օվա ընթացքում կերակրելուց հետո:

Հաշվի առնելով վերոնշյալ հանգամանքները և պահպանելով կրծքով կերակրման կանոնները, վստահ ենք, որ ձեզ կհաջողվի կարգավորել լակտացիան և երեխային փոխանցել աճի և զարգացման համար անհրաժեշտ բոլոր սննդանյութերը, ինչպես նաև ապահովել հուզական հարմարավետությունն ու հանգստությունը։