Վուլվայի կրաուրոզ

27.11.20148097

Վուլվայի (ամոթույք) կրաուրոզը ատրոֆիկ պրոցես է, որը հանգեցնում է արտաքին սեռական օրգանների մաշկի և լորձաթաղանթի ախտաբանական կնճռոտման։ Ուղեկցվում է պարեսթեզիայով (թեթևակի ծակոցներ), չորությամբ, քորով, սեռական փոքր շուրթերի, ծլիկի, սեռական մեծ շուրթերի ատրոֆիկ և սկլերոտիկ փոփոխություններով, դիսպարիաունիայով, վուլվիտով, հեշտոցի ստենոզով, առաջանում է կոպիտ թելավոր շարակցական հյուսվածք: Վաղ հայտնաբերումը և համապատասխան թերապիան կանխում են հիվանդության հետագա զարգացումը:

Վուլվայի կրաուրոզն ունի զարգացման երեք փուլ: Առաջին փուլում նկատվում է սեռական օրգանների այտուցվածություն և կարմրություն, որն առաջանում է հյուսվածքների միկրոշրջանառության և հիպոկսիայի հետևանքով:

Երկրորդ փուլում նկատվում է ատրոֆիկ փոփոխությունների առաջընթաց, մաշկը դառնում է չոր, սպիտակավուն, նեղանում է հեշտոցամուտքը, պիգմենտավորման խանգարումներ են ի հայտ գալիս:

Երրորդ փուլում առաջանում է արտաքին սեռական օրգանների լրիվ ատրոֆիա և սկլերոզ: Մեծ սեռական շուրթերը վեր են ածվում նուրբ բարակ գլանիկների, փոքրերը՝ կնճռոտվում են, դառնում դժվար նկատելի, փոքրանում է ծլիկը։ Խիստ նոսրանում է մազածածկույթը և քչանում է ճարպագեղձերի թիվը։ Մաշկը և լորձաթաղանթը բարակում են, ստանում խամրած մոխրաերկնագույն երանգ։ Հյուսվածքների սկլերոզը առաջ է բերում հեշտոցամուտքի, միզուկի և հետանցքի նեղացում։ Սկլերոզի փուլում կրաուրոզը դժվարություններ է ստեղծում և ցավ առաջացնում սեռական հարաբերության, երբեմն էլ միզելու և դեֆեկացիայի ընթացքում:

Առաջացման պատճառները

Վուլվայի կրաուրոզն առաջանում է բազմաշերտ էպիթելային հյուսվածքի մակերեսային շերտերի վրա արտաքին կամ ներքին տարաբնույթ գործոնների ազդեցության հետևանքով: Առաջացմանն են նպաստում նաև առկա նեյրոէնդոկրինային խանգարումները՝ մակերիկամների կեղևի, ձվարանների, վահանագեղձի հիպոֆունկցիա, գլխուղեղի կենսաէլեկտիրիկական ակտիվության խանգարումները: Հիվանդությունը հիմնականում ի հայտ է գալիս կլիմաքսի շրջանում, երիտասարդ տարիքում՝ սեռական օրգանների վիրահատական միջամտությունից հետո:

Կարծիք կա, որ կրաուրոզն ունի հոգեսոմատիկ արմատներ և նկատվում է այն կանանց շրջանում, ովքեր ունեն դեպրեսիա, անբավարարվածության զգացում, խնդիրներ սեռական ոլորտում և այլն:

Ախտանշանները

Հիվանդությունն սկսվում է աննկատ, երբեմն չի դրսևորվում որոշակի ախտանիշներով և հայտնաբերվում է միայն կանխարգելիչ զննումների ժամանակ։ Սակայն հաճախ կրաուրոզը ուղեկցվում է վուլվայի քորով, որը կարող է լինել երկարատև, հաճախ տանջող, ուղեկցվել նևրոտիկ խանգարումներով, անքնությամբ, աշխատունակության անկմամբ, քերծվածքներով, ճեղքվածքներով և վուլվայի բորբոքմամբ։

Ախտորոշումը

Ախտորոշումն առանձին դժվարություն չի ներկայացնում և հիմնված է անամնեստիկ տվյալների ու սեռական օրգանների զննման ու լուգոլի փորձի վրա։ Լուգոլի լուծույթով օջախները մշակելիս դրանք մնում են սպիտակ, յոդով չեն ներկվում։ Ախտորոշմանը օգնում են բջջաբանական հետազոտությունը, հատկապես կոլպոսկոպիան և Շիլլերի փորձը։

Բուժումը

Վուլվայի կրաուրոզը երկարատև, համալիր և անհատական բուժում է պահանջում (այդուհանդերձ լիակատար ապաքինման հնարավոր չէ հասնել): Հիմնական շեշտը դրվում է կոնսերվատիվ թերապիայի վրա, որն ուղղված է քորի նվազեցմանը, բորբոքման վերացմանը, հյուսվածքների տրոֆիկայի լավացմանը և հոգեբանական լարվածության թուլացմանը: Կիրառվում է նաև պարտադիր վիտամինաթերապիա, տեղային լազերաթերապիա, ռեֆլեքսաթերապիա, ֆոտոդինամիկական թերապիա, ռենտգենաթերապիա (Բուկիի ճառագայթներ):

Պակաս կարևոր չէ նաև հատուկ ընտրված դիետան, սթրեսների բացակայությունը, ինտիմ հիգիենան, ներքնազգեստի ճիշտ ընտրությունը: Օնկոլոգիական վտանգը նվազեցնելու նպատակով կրաուրոզ ունեցող կանայք պետք է տարին մեկ անգամ վուլվասկոպիայի դիմեն, իսկ կասկածելի արդյունքների դեպքում ցիտոլոգիական և հիստոլոգիական հետազոտություն կատարեն: