Կոագուլոգրաման (հեմոստազիոգրամա) հղիության ընթացքում

28.10.201414162

Կոագուլոգրաման արյան հետազոտություն է, որը թույլ է տալիս գնահատել արյան մակարդիչ և հակամակարդիչ համակարգերը (հեմոստազ): Հղիության ընթացքում հեմոստազի խանգարումը հղի է բարդություններով (մինչև իսկ վիժման): Հակամակարդիչ համակարգի մեծ ակտիվությունը հանգեցնում է ընկերքի շերտազատման, ինչպես նաև արնահոսության՝ ծննդաբերությունից հետո, իսկ բարձր մակարդելիության դեպքում մեծանում է ընկերքի անոթներում թրոմբների առաջացման վտանգը, ինչն էլ հանգեցնում է պտղի հիպոքսիայի: Կոագուլոգրամայի հետազոտությունը շատ կարևոր է ինչպես հղիության նախապատրաստման փուլում, այնպես էլ հղիության ընթացքում, քանի որ շեղումների ճիշտ ժամանակին հայտնաբերումը թույլ է տալիս պարզել չզարգացող հղիության, պտղի ներարգանդային զարգացման հապաղման, մանկաբարձական արնահոսությունների, հետծննդաբերական շրջանի արնահոսությունների և անգամ անպտղության պատճառները:

Հեմոստազոգրամայի ցուցանիշները և դրանց նշանակությունը

Ֆիբրինոգենը լյարդի կողմից արտադրվող սպիտակուց է և կարևոր դեր է խաղում թրոմբների առաջացման գործում: Այն արյան թանձրուկի հիմնական բաղադրիչն է: Նորմալ ցուցանիշները տատանվում են 2-4 գ/լ-ի սահմաններում: Հղիության երկրորդ եռամսյակի սկզբում ֆիբրինոգենի մակարդակն սկսում է բարձրանալ՝ հասնելով մոտավորապես 4,8 գ/լ-ի, իսկ ծննդաբերությանը մոտ օրերին՝ 6 գ/լ: Սա պայմանավորված է արյան շրջանառության լրացուցիչ շրջապտույտով՝ արյան արգանդաընկերքային շրջանառություն:

Պրոթրոմբինային ժամանակ: Նորմայում այս ժամանակը 14-18 վրկ է: Անգամ հաշվի առնելով այն հանգամանքը, որ հղիության ընթացքում ֆիբրինոգենի մակարդակը բարձրնում է, պրոթրոմբինային ժամանակի ցուցանիշները միևնույնն է պետք է պահպանվեն նորմայի սահմաններում: Այս ժամանակի մեծացումը կարող է վկայել արյան հակամակարդիչ համակարգի ակտիվացման մասին:

Պրոթրոմբինային ինդեքս: Նորմալ ցուցանիշները 70-140%-ի սահմաններում են: Այս ցուցանիշը հղի կանանց դեպքում կարող է մեծանալ ընկերքի շերտազատման պարագայում:

Պրոթրոմբինային ժամանակի նվազումը և պրոթրոմբինային ինդեքսի աճը վկայում են արյան մակարդելիության բարձրացման մասին և նկատվում է թրոմբոզների ու թրոմբոֆիլիաների դեպքում: Կարող են դրսևորվել նաև օրալային բեղմնականխիչների երկարատև ընդունումից հետո:

Պրոթրոմբինային ժամանակի աճը և պրոթրոմբինային ինդեքսի նվազումը վկայում է արնահոսության հակվածության մասին:

Ակտիվացած մասնակի թրոմբոպլաստինային ժամանակ: Նորմայում 22-35 վրկ է: Հղի կանանց դեպքում հնարավոր է ԱՄԹԺ-ի նվազում մինչև 17-20 վրկ՝ պայմանավորված ֆիբրինոգենի մակարդակի բարձրացմամբ: ԱՄԹԺ-ի և մյուս ցուցանիշների որոշումն օգտագործվում է դիսեմինիզացված ներանոթային մակարդելիության ախտորոշման համար: Վերջինս մի ծանր վիճակ է՝ հարուցված ծանր արնահոսության, հեմորագիական շոկի, գեստոզի, ռեզուս-կոնֆլիկտի և հղիության այլ բարդությունների հետևանքով հեմոստազի ոչ սպեցիֆիկ ռեակցիայով:

ԱՄԹԺ-ի աճը վկայում է արնահոսության հակվածության մասին, նվազումը՝ թրոմբների առաջացման:

Գայլախտային հակակոագուլյանտը սեփական օրգանիզմի բջիջների ֆոսֆոլիպիդների դեմ հակամարմինների խումբ է: Այս հակամարմինները, փոխազդելով նյարդային համակարգի, անոթների, արյան բջիջների ֆոսֆոլիպիդների հետ, խաթարում են նրանց աշխատանքը և հանգեցնում հակաֆոսֆոլիպիդային համախտանիշի առաջացման: Ուստի գայլախտային հակակոագուլյանտի հայտնաբերման հետազոտությունը թույլ է տալիս հայտնաբերել այս բարդությունը, որը բնորոշվում է երակների և անոթների թրթմբոզով, որի դեպքում մեծանում է չզարգացող հղիության, ինքնաբերաբար կատարվող վիժման և անոթների պատերի վնասման վտանգը: Առողջ հղի կնոջ օրգանիզմում գայլախտային հակակոագուլյանտ չի արտադրվում:

D-դիմեր: Նորմայում ցուցանիշը, որոշ լաբորատորիաներում 286 նգ/մլ է (0,5 մկգ/մլ): Հղիության ընթացքում ցուցանիշներն աճում են՝ հղիության ավարտին սկզբնական ցուցանիշը եռակի գերազանցելով: D-դիմերի անթույլատրելի բարձրացում կարող է նկատվել այն հղի կանանց օրգանիզմում, ովքեր ունեն շաքարային դիաբետ, գեստոզ, երիկամների հիվանդություն:

Հակաթոմբին III: Սպիտակուց, որն արյան հիմնական հակամակարդիչ բաղադրիչներից մեկն է և խոչընդոտում է թրոմբների առաջացմանը: Նորմալ ցուցանիշը 75-125%-ն է: Հղի կանանց համար այս ցուցանիշները կարևոր են հակակոագուլյանտների ընդունման դեպքում (արյունը նոսրացնող դեղորայք): Հակաթրոմբին III-ի նվազումը հանգեցնում է թրոմբոզի, իսկ բարձրացումը՝ արնահոսության վտանգի:

Թրոմբոցիտներ: Արյան ձևավոր տարրեր, որոնք մասնակցում են հեմոստազին: Նորմալ ցուցանիշները տատանվում են 150-400 հզ/մկլ-ի սահմաններում: Նվազումը մինչև 130 հզ./մկլ-ի կարող է դիտվել նաև լիովին առողջ հղի կանանց պարագայում: Զգալի նվազումը վկայում է դիսեմինիզացված ներանոթային մակարդելիության համախտանիշի առաջացման մասին:

Ինչպես է արյունը հանձնվում հեմոստազիոգրամայի

Արյունը վերցվում է երակից: Ընդունված է այն հանձնել առավոտյան, քաղցած վիճակում (վերջին սնունդը՝ հանձնելուց 8 ժամ առաջ): Հետազոտության արդյունքների գնահատումը բարդ է: Վստահեք այդ գործը ձեր բժշկին, և թող որ արդյունքները լինեն լավ: