Պոլիկիստոզային ձվարանների համախտանիշ

27.06.201433365

Ձվարանների պոլիկիստոզային համախտանիշը (կամ Շտեյն Լևենտալի համախտանիշ) ամենատարածված հորմոնային և վերարտադրողական խնդիրներից է, որ հաճախ ունենում են վերարտադրողական տարիքի կանայք: Վիճակագրական տվյալների համաձայն՝ կանանց 8 -15% -ը տառապում է այդ հիվանդությունից:

Պոլիկիստոզային ձվարանների համախտանիշն ախտորոշվում է ներքոնշյալ նշաններից ցանկացածի առկայության դեպքում՝

  •  երկար ժամանակ ձվազատման բացակայություն,
  •  անդրոգենների (արական հորմոնների) բարձր ցուցանիշ, 
  •  ձվարաններում մանր կիստաների առկայություն։

Առաջին սահմանումը տրվել է 1990թ-ին Ամերիկյան ազգային առողջապահական ինստիտուտի փորձագիտական հանձնաժողովի կոնսենսուսի կողմից: Սահմանման համաձայն` այցելուին կարելի է տալ ձվարանների պոլիկիստոզի ախտորոշում, եթե միաժամանակ առկա են՝

1. ավելորդ ակտիվության կամ անդրոգենների արտազատման ավելորդ ախտանշաններ (կլինիկական կամ կենսաքիմիական),
2. ձվազատման բացակայություն (անօվուլյացիա) կամ անկանոն ձվազատման ցիկլերը (օլիգոօվուլյացիա), ընդ որում՝ բացառված են ձվարանների պոլիկիստոզ առաջացնող այլ պատճառները:

Երկրորդ սահմանումը տրվել է 2004թ-ին Ռոտերդամում կազմավորված եվրոպական փորձագետների կոնսենսուսի կողմից:

Ներկայում մասնագետների մեծ մասն ընդունում է ախտորոշման հետևյալ չափանիշները (Ռոտերդամ, 2004թ.)՝ օլիգոամենորիա և ձվազատման բացակայություն, հիպերանդրոգենիա (կլինիկական կամ կենսաքիմիական), ձվարանների պոլիկիստոզի սոնոգրաֆիկ պատկերի առկայությամբ: Վերոնշյալ երեք նախանշաններից երկուսի առկայության դեպքում ախտորոշվում է պոլիկիստոզային ձվարանների համախտանիշ՝ ձվարանների պոլիկիստոզի այլ պատճառների բացակայության պարագայում:

Ինչի՞ց է առաջանում պոլիկիստոզային ձվարանների համախտանիշը: Համախտանիշի իրական պատճառներն ամբողջովին պարզված չեն, սակայն ըստ գիտնականների՝ պոլիկիստոզային ձվարանների համախտանիշ կարող է առաջանալ մի քանի գործոնի հետևանքով՝ գենետիկական, գոնադոտրոպ ֆունկցիայի խանգարման, օվարիալ գործոնների և ինսուլինի հանդեպ դիմադրության բարձրացման գործոններով պայմանավորված:

Այս համախտանիշն ունեցող կանանցից շատերը դիմադրություն են ունենում ինսուլինի նկատմամբ: Այդ վիճակում օրգանիզմը չի կարողանում ինսուլինն արդյունավետ օգտագործել: Դա բերում է այն բանին, որ արյան մեջ մեծ քանակությամբ ինսուլին է շրջանառվում: Նշենք, որ հիպերինսուլինեմիան կապված է անդրոգենների ցուցանիշի բարձրացման, ինչպես նաև ճարպակալության և շաքարային դիաբետի 2 տեսակի հետ: Իր հերթին ճարպակալումը կարող է մեծացնել ինսուլինի մակարդակը` բերելով ՊՁՀ-ի:

Ինչպե՞ս է ՊՁՀ-ն ազդում ձվազատման վրա: Ձվազատումը պրոցես է, որի ժամանակ հասուն (բեղմնավորման պատրաստ) ձվաբջիջները պոկվում են ձվարաններից: Եթե ձվաբջիջը չի բեղմնավորվում, ապա ֆալոպյան փողերով տեղափոխվում է ներքև, ընկնում արգանդի մեջ, իսկ հետո դաշտանային արյան հետ միասին դուրս է գալիս հեշտոցից: Օվուլյատոր խնդիրների ժամանակ կնոջ վերարտադրողական համակարգը չի արտադրում ձվաբջջի զարգացման համար անհրաժեշտ քանակությամբ հորմոններ: Երբ ձվարանները դաշտանային ցիկլի բնականոն ընթացքի և ձվազատման համար հորմոններ չեն արտադրում, մեծանում են և նրանցում առաջանում են փոքրիկ կիստաներ, որոնք էլ անդրոգեններ են արտադրում: Անդրոգենների բարձր մակարդակը կարող է և չազդել դաշտանային ցիկլի վրա:

Ինչպիսի՞ ախտանշաններ ունի ՊՁՀ-ն: ՁՊՀ-ի ախտանշանները կապված են հորմոնային համակարգի հավասարակշռության խախտման, ձվազատման բացակայության և ինսուլինի հանդեպ օրգանիզմի դիմադրության հետ և կարող են ներառել՝

  • անկանոն, հազվադեպ սկսվող դաշտան կամ դրա բացակայություն,
  • հերսուտիզմ` մարմնի և դեմքի մազերի ավելորդ աճ` ներառյալ կուրծքը, փորը և այլն, 
  • ակնե և յուղոտ մաշկ, 
  • սոնոգրաֆիկ ձվարանների պոլիկիստոզի պատկեր (ձվարանի մեծացում ավելի քան 8 սմ, անէխոգեն ֆոլլիկուլներ մինչև 10 մմ չափսի), 
  • անպտղություն (առաջնային կամ երկրորդային), 
  • քաշի ավելացում կամ ճարպակալում հատկապես գոտկային և փորի շրջանում 
  • ճարպակալում տղամարդու ձևով կամ մազերի որակի վատացում, 
  • վզի, թևատակի և կրծքի տակի հատվածներում մուգ բծեր։

ՊՁՀ-ի ախտանշանները կարող են նմանվել այլ հիվանդությունների ախտանշաններին, այդ պատճառով անհրաժեշտ է խորհրդակցել բժշկի հետ:

ՊՁՀ-ի ախտորոշումը

Ախտորոշումը ներառում է՝

  • գինեկոլոգիական հետազոտություն` կանանց սեռական օրգանների արտաքին և ներքին հետազոտում, 
  • ՈՒՁՀ վիզուալիզացիայի ախտորոշիչ մեթոդ, որը ձայնային ալիքների միջոցով ստեղծում է հյուսվածքների և օրգանների պատկերը, ՈւՁՀ-ն կարող է որոշել` արդյոք կինն ունի ձվարանների մեծացում, գնահատել էնդոմետրիումի հաստությունը և այլն, 
  • արյան հետազոտություն անդրոգենների, այլ հորմոնների մակարդակի որոշման համար և այլն:

ՊՁՀ-ի բուժումը

Կախված տարիքից, առողջության ընդհանուր վիճակից, հիվանդության պատմությունից, խանգարման աստիճանից, ախտանշաններից, դեղահաբերի տանելիությունից և թերապիայից ունեցած սպասելիքներից` բժիշկը նշանակում է բուժում: Բուժումը կարող է լինել և՛ դեղորայքային, և՛ վիրահատական: ՊՁՀ-ի բուժումը կախված է այն բանից, թե ուզո՞ւմ է կինը հղիանալ, թե՞ ոչ:

Այն կանանց համար, ովքեր ուզում են հղիանալ, նշանակվում է քաշի կորստի և ձվազատումը խթանող բուժում, որը ներառում է՝

  • Քաշ կորցնելու համար միջոցներ՝ առողջ սնունդ, ֆիզիկական ակտիվության բարձրացում, ցուցման դեպքում մետֆորմին պարունակող դեղորայք և այլն: Այդ միջոցները թույլ են տալիս օրգանիզմին ավելի արդյունավետ տարածել ինսուլինը, իջեցնել գլյուկոզայի մակարդակը արյան մեջ և կարող են նպաստել կնոջ ձվազատման կարգավորմանը:
  • Դեղահաբերի նշանակում, որոնք կօգնեն խթանել ձվազատումը, ձվարաններում արտադրել մեկ կամ մի քանի ֆոլիկուլ և կնպաստեն ձվաբջջի հասունացմանը բեղմնավորման համար: Նման դեղամիջոցները կարող են երբեմն նպաստել բազմաբջիջ հղիությանը: Բացի դա, այդ դեղամիջոցները կարող են առաջացնել հիպերխթանում, որի ժամանակ կարող է փոխվել հորմոնային ֆոնը, առաջանալ որովայնային և կոնքային ցավ:

Կանայք հաճախ երկար են պայքարում ֆիզիոլոգիական փոփոխությունների դեմ, որ առաջ է գալիս ՊՁՀ-ի հետևանքով: Արդյունավետ բուժման մեթոդ է համարվում նաև վիրահատական միջամտությունը՝ լապարասկոպիան, որը զգալիորեն բարձրացնում է հղիանալու հավանականությունը: