Արգանդի հավելումների բորբոքում` ադնեքսիտ (սալպինգոօֆորիտ)

27.05.201423343

Ադնեքսիտը արգանդի հավելումների բորբոքումն է (արգանդափողերի, ձվարանների և կապանների): Ադնեքսիտը (կամ սալպինգոօֆորիտը) շատ նենգ հիվանդություն է: Բժշկական վիճակագրության տվյալներով ադնեքսիտից հետո ամեն հինգերորդ կին տառապում է անպտղությամբ, կանանց 5-6%-ն ունենում է լուրջ բարդություններ, որոնք պահանջում են հիվանդանոցային խնամք և բուժում, անգամ վիրահատական միջամտություն` արգանդափողերի հեռացում կպումների հետևանքով, 5-10 անգամ մեծանում է արտարգանդային հղիության հավանականությունը, ինչպես նաև ի հայտ են գալիս քրոնիկ կոնքային ցավեր, որոնք բացասաբար են անդրադառնում սեռական հարաբերության վրա:

Ադնեքսիտի առաջացման պատճառները

Հիվանդությունն առաջանում է, երբ վարակ է ներթափանցում արգանդափողեր: Սկզբում նրանց ներքին լորձաթաղանթի վրա առաջանում են բորբոքումներ և այտուց, հետո այդ պրոցեսը տարածվում է դեպի մկանային և շճաթաղանթի հատվածներ: Ընդ որում՝ փողը հաստանում է, դառնում է ցավոտ, նրա բջիջները սկսում են մահանալ, ինչի արդյունքում ձևավորվում են կպումներ և մեծ գոյացություններ (սակտո-, հիդրո- և պիոսալպինկսներ):

Մանրէները արգանդափողից կարող են դուրս գալ որովայնի խոռոչ, հայտնվել ձվարաններում (ֆոլլիկուլի փայտելուց հետո) և առաջացնել բորբոքում: Հաճախ փողերի բորբոքումը «դիպչում» է նաև հարևան օրգաններին և հյուսվածքներին` սալնիկին, որովայնամիզին, աղիներին և կույր աղիքին` հաճախ առաջացնելով ապենդիցիտ՝ կույր աղիքի բորբոքում: Հիվանդածին մանրէները թափանցում են արգանդափողեր` ելնելով արգանդից և հեշտոցից, իջնում են որովայնային խոռոչից կամ լիմֆայով և արյունով տեղափոխվում վարակի աղբյուրից այլ օրգաններ: Հիվանդության հարուցիչներ կարող են դառնալ գոնոկոկները, քլամիդիոզը, միկոպլազմաները, աղիքային ցուպիկները, ստաֆիլոկոկները, էնտերոկոկները, ստրեպտոկոկները, սնկերը, այլ ախտածին միկրոֆլորա կամ դրանց միասնությունը և այլն: 

Ադնեքսիտի ախտանշաններն ու ախտորոշումը

Սուր ադնեքսիտի հիմնական ախտանշանը որովայնի ստորին հատվածում ուժեղ ցավն է, որն ուղեկցվում է դողով և ջերմության բարձրացմամբ մինչև 38°С, ընդհանուր տկարությամբ, գլխացավով, թուլությամբ ու երբեմն որովայնի փքվածությամբ, նկատվում է հեշտոցից թարախային արտադրություն, այտուցվածություն և հավելումների չափսերի մեծացում:

Ճիշտ և ժամանակին բուժում ստանալու դեպքում հիվանդությունը լրիվ անցնում է, իսկ առանց դրա սրվում է և ձեռք է բերում քրոնիկ բնույթ` ժամանակ առ ժամանակ ավելի սրվելով և շարունակվելով տարիներ: Ընդ որում՝ որովայնի ստորին հատվածում և գոտկատեղի շրջանում ցավերը բթանում են, հազվադեպ են առաջանում սեռական ակտի ժամանակ, ուժեղանում են ֆիզիկական ծանրաբեռնվածության, սթրեսների կամ սառեցնելու դեպքում:

Շատ կանանց մոտ ի հայտ են գալիս ձվարանների ֆունկցիոնալ խանգարումներ, որոնք բերում են հորմոնալ ֆոնի փոփոխության, դաշտանային ցիկլի խանգարման, դաշտանը դառնում է ցավոտ, քիչ կամ հակառակը` ավելի առատ:

Սալպինգոոֆորիտի ախտորոշման և նրա արտահայտվածության աստիճանը որոշելու համար բժիշկներն օգտագործում են.

  •  Գինեկոլոգիական հետազոտություն հայելիներով
  •  Արյան հետազոտություն` ընդհանուր, կենսաքիմիական, կոագուլոգրամմա 
  •  Մեզի ընդհանուր հետազոտություն 
  •  Հեշտոցի արտադրության քսուք և դրա զգայունությունը հակաբիոտիկների հանդեպ 
  •  Օնկոցիտոլոգիայի քսուք 
  •  Սեռական ճանապարհով փոխանցվող վարակների հետազոտություն 
  •  Սեռական օրգանների ՈՒՁՀ , երբեմն` ԿՏ կամ մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիա

Հիվանդության երկարաժամկետ առկայության դեպքում հակաբակտերիալ թերապիայի անարդյունավետության և թարախային բորբոքումների առկայության դեպքում դիմում են վիրահատական միջամտության-լապարասկոպաիայի: Ինչպես նաև որովայնի խոռոչի օրգանների այլ հիվանդությունները բացառելու համար կարելի է դիմել նեղ մասնագետների:

Ադնեքսիտի բուժումը

Սալպինգոօֆորիտի հիմնական բուժումը միկրոֆլորայի զգայունությունը հաշվի առնելով` դեղերի լայն տարատեսակների օգտագործմամբ հակաբակտերիալ թերապիան է (ցեֆտրիակսոն, ցեֆոտակսին, մետրոնիդազոլ, դոկսիցիկլին, ամոկսիկլավ և այլն): Միաժամանակ նշանակվում է գլյուկոզայի, վիտամինների և այլնի օգտագործմամբ դեզինտոկսիկացիոն թերապիա, ինչպես նաև իմունիտետը բարձրացնող միջոցներ: Ըստ ցուցումների` նշանակվում են տեղային հակաբորբոքայիններ և հակահիստամինային միջոցներ, անալգետիկներ: Սուր պրոցեսի հանդարտումից հետո տարվում է ընդհանուր վերականգնողական ֆիզիոթերապիա, գինեկոլոգիական մերսում, ֆիտոթերապիա և առողջարանային բուժում: Բարդություններից և անպտղությունից խուսափելու համար սուր անդնեկսիտով հիվանդ կանանց անհրաժեշտ է անցնել բուժման լրիվ կուրս: