Պոլիպը հարկավոր է հեռացնել

15.06.20187838

Էնդոմետրիումի պոլիպն էնդոմետրիումի հյուսվածքի գերաճն է։ Հիմնականում այն բարորակ է լինում։ Պոլիպները միշտ տեղակայված են լինում արգանդի խոռոչում կամ ցերվիկալ ուղում։ Դրանով այն տարբերվում է լեյոմիոմաներից, որոնք առաջանում են արգանդի մկանունքից և կարող են տեղակայված լինել օրգանի ցանկացած մասում, ներսում՝ ենթալորձային լեյոմիոմա, արգանդից դուրս՝ սուբսերոզ լեյոմիոմա, մկանի պատի ներսում՝ ներմկանային լեյոմիոմա։ Պոլիպները լինում են տարբեր չափսերի՝ մի քանի միլիմետրից մինչև մի քանի սանտիմետր, քանակը՝ մեկ կամ մի քանի հատ։

Կարդացեք՝  Արգանդի պարանոցի պոլիպ

Պոլիպը կարող է արյունահոսության պատճառ դառնալ սեռական ակտից հետո, մենստրուացիաների միջև ընկած ժամանակահատվածում, մենստրուացիայի ընթացքում (առատ արտադրություն)։

Կարևոր տեղեկություններ

Պոլիպների մեծամասնությունը բարորակ է լինում։

Պոլիպի առաջացմանը նպաստող գործոններն են՝ աբորտ, փոքր կոնքի օրգանների վարակիչ և բորբոքային հիվանդություններ, օրալ հակաբեղմնավորիչների անկանոն օգտագործում, հորմոնային խանգարումներ և այլն։

Պոլիպը հաճախ հայտնաբերվում է ՈւՁ հետազոտության միջոցով։ Ընդ որում՝ հնարավոր է, որ ինքնազգացողության վատացման գանգատներ չլինեն։

Կարդացեք՝ Էնդոմետրիումի պոլիպ

Պոլիպի հեռացումը

Պոլիպը վտանգավոր է առողջության համար։ Այն կարող է անպտղություն և ուժգին արյունահոսություն առաջացնել։ Հարկավոր է վիրաբուժական միջամտությամբ այն հեռացնել, եթե չափսը մեկ սանտիմետրից ավել է, և նախնական հորմոնաթերապիան անարդյունավետ է եղել։

Պոլիպի հեռացման համար այսօր կիրառվում է հիստերոսկոպիկ մեթոդը։ Հիստերոսկոպիայի ընթացքում գինեկոլոգը որոշում է պոլիպի տեղը, արգանդի պարանոցը բացվում է, ոչ մի կտրվածք չի արվում։ Պոլիպի տեղն ու քանակը որոշելուց հետո այն հեռացվում է։ Միջամտությունը կատարվում է ընդհանուր անզգայացման պայմաններում, տևում է 10-15 րոպե։

Վերականգնման ընթացքը 24-48 ժամ է, հիմնականում վիրահատությունից հետո նույն օրվա ընթացքում հիվանդը դուրս է գրվում հիվանդանոցից։ Հիստերոսկոպիան սովորաբար կատարվում է մենստրուացիայի ավարտից երկու-երեք օր անց։