Դեղամիջոցները կրծքով կերակրման շրջանում

24.11.201712192

Կրծքով կերակրման շրջանում ցանկալի չէ դեղորայքային բուժման դիմել, սակայն կյանքում լինում են իրավիճակներ, երբ մայրն ստիպված է լինում դեղ խմել, օրինակ, երբ ատամը կամ գլուխն է ցավում, կամ հետծննդաբերական բարդություններ ունի, սրվել է քրոնիկական հիվանդությունը և այլն։

Այդ դեպքերում դեղի ընտրության հարցում պետք է գնահատել երեխայի վրա թողնելիք անբարենպաստ ազդեցությունը և ընտրել այն դեղամիջոցները, որոնք այնքան էլ թունավոր չեն և դժվարությամբ են ներթափանցում մայրական կաթի մեջ։ Հարկավոր է խորհրդակցել ոչ միայն դեղը նշանակող բժշկի, այլև մանկաբույժի հետ և ճշտել, թե ինչ կողմնակի ազդեցություն կարող է այն թողնել երեխայի վրա։

Բազմաթիվ դեղամիջոցներ ներթափանցում են կաթի մեջ և իսկապես կարող են ազդել երեխայի վրա։ Միևնույն ժամանակ կան դեղամիջոցներ, որոնք անվնաս են։ Որպես ջերմիջեցնող և ցավազրկող չի կարելի օգտագործել ասպիրին, անալգին, ցիտրամոն պարունակող դեղամիջոցները, թույլատրելի է պարացետամոլը։ Ստամոքսի խնդիրների դեպքում կարելի է սմեկտա, մեզիմ, ֆեստալ խմել։ Ցավող ատամը կարելի է պլոմբավորել տեղային անզգայացմամբ՝ արված նովոկայինով կամ լիդոկայինով։

Թույլատրելի են նաև հղիների համար նախատեսված վիտամինները, օրինակ վիտրում պրենատալ ֆորտեն, էլևիտը, կալցիումը, օմեգա 3-ը:

Եթե հարբուխ ունեք, կարող եք վստահորեն կերակրել կրծքով․ երեխան կաթի հետ նաև հարբուխի դեմ հակամարմիններ կստանա։ Եթե ինչ-ինչ պատճառներով հակաբիոտիկներ են նշանակվել, պարտադիր չէ դադարեցնել կրծքով կերակրումը։ Բժշկին խնդրեք այնպիսի հակաբիոտիկ նշանակել, որը չի ներթափանցում կաթի մեջ (օրինակ պենիցիլինային շարքի պրեպարատներ)։ Եթե այդ անհնար է, պետք է երեխային լակտոբակտերին տալ, որը նրա ստամոքսը կպաշտպանի հակաբիոտիկի ազդեցությունից կամ էլ որոշ ժամանակ արհեստական կաթ տալ:

Յուրաքանչյուր դեղամիջոցի ներդիրում անպայմանորեն նշված է լինում այն անվնաս է հղի կանանց և կրծքով կերակրող մայրերի համար, թե ոչ։ Դեղամիջոցների մի մեծ մաս նախատեսված է տեղային օգտագործման համար (մազեր, կաթիլներ և այլն) անվտանգ են, քանի որ ներծծվում են արյան մեջ և չեն ներթափանցում կաթի մեջ։

Ուշադրությո՛ւն։ Բացառություն է, թերևս, միայն յոդի լուծույթը․ այն հեշտությամբ ներծծվում է մաշկի միջոցեվ և կարող է երկար ժամանակ արգելափակել մոր և երեխայի վահանաձև գեղձը։ Ավելի լավ է ոչ թե յոդ, այլ ջրածնի պերօքսիդ, ադամանդե կանաչ (զելյոնկա) կամ վարակազերծող այլ լուծույթ օգտագործել։

Ստորև ներկայացված են մի շարք դեղամիջոցներ, որոնք խորհուրդ չի տրվում օգտագործել կրծքով կերակրման ընթացքում։

Ուշադրությո՛ւն, այդ դեղամիջոցները չեն թույլատրվում հենց կերակրող կնոջը և ոչ թե երեխային։ Օրինակ, եթե որպես քնաբեր լյումինալ խմեք մեծահասակի դեղաչափով, ապա հնարավոր է, որ ձեր առողջ երեխան կողմնակի ազդեցություն զգա՝ գունատություն, քնկոտություն, ծծելու ռեֆլեքսի թուլացում և այլն։ Այդ նույն լյումինալը, սակայն, մանկաբույժները մանկական դեղաչափով օգտագործում են նորածինների դեղնուկը բուժելու համար, այդ դեպքում դեղամիջոցը գերդոզավորում չի առաջացնում։

Ուշադրությո՛ւն։ Բոլոր դեղամիջոցները պետք է պահվեն երեխային անհասանելի տեղում։ Ոչ մի դեպքում դրանք մի պահեք անկողնու կողքի դարակում, պայուսակում և հասանելի այլ վայրերում։

Կերակրող մայրերին հակացուցված դեղամիջոցներ՝

  • ալկոհոլ և թմրանյութային կախվածություն առաջացնող այլ միջոցներ, 
  • անտացիդներ (ալմագել և այլն), 
  • հակաբիոտիկներ (լևոմիցետին, տետրացիկլին, ցիպրոֆլոկսացիններ՝ ցիպրոլյոտ, ցիպրոբայ, ցիֆրան և այլն), 
  • հակադիաբետիկ դեղամիջոցներ (գլիբենկլամիդ, մանինիլ, դիաբետոն և այլն), 
  • ացետիլսալիցիլային թթու և դրանից կազմված դեղմիջոցներ (ասպիրին, ցիտրամոն և այլն), 
  • բրոմոկրիպտին, 
  • մերկազոլին, 
  • մետրոնիդազոլ, տրիխոպոլ, տինիդազոլ, 
  • յոդ, 
  • արյան մակարդելիությունը նվազեցնող դեղամիջոցներ, 
  • հակաբորբոքային դեղամիջոցներ, 
  • հակաուռուցքային դեղամիջոցներ (չարորակ ուռուցքի դեպքում կրծքով կերակրումը դադարեցվում է)։