Այրոցի զգացում միզուղիներում

11.11.201610838

Միզուղիներում այրոցի զգացումը տարածված խնդիր է, որը հանդիպում է տարիքային տարբեր խմբերի կանանց, ինչպես նաև տղամարդկանց շրջանում: Մեծամասամբ այս երևույթն ի հայտ է գալիս կանանց մոտ, ինչը պայմանավորված է կնոջ կառուցվածքի անատոմիական առանձնահատկություններով:

Կնոջ միզատար ուղին, ի տարբերություն տղամարդու, բավականին կարճ է, լայն և բաց՝ տեղակայված է անմիջապես հեշտոցի մուտքի մոտ: Այս պատճառով ախտածին միկրօօրգանիզմները հեշտությամբ ներթափանցում են միզապարկ և միզուկ՝ նպաստելով բորբոքային պրոցեսի զարգացման:

Ինտիմ հատվածում անհարմարության ցանկացած զգացում առաջացնում է ֆիզիկական և հոգեբանական տհաճություններ: Պետք չէ հետաձգել բժշկի այցը, քանի որ նմանատիպ երևույթը կարող է միզասեռական համակարգի որևէ հիվանդության ախտանշան լինել:

Առաջացման պատճառները բազմազան են:

Միզուղիներում քորի և այրոցի առաջացման առաջին տարածված պատճառն ինֆեկցիան է: Ինֆեկցիան առաջանում է ինչպես վերը նշված մեխանիզմով, այնպես էլ կարող է փոխանցվել սեռական ճանապարհով (տրիխոմոնադը, գոնորեան և այլն):

Ցիստիտը և միզուկի բորբոքումը կարող են առաջացնել այրոց և տհաճ զգացողություններ: Երբեմն էլ դրա պատճառը հիգիենայի կանոնների խախտումն է, կամ քիմիական նյութեր պարունակող հակաբեղմնավորիչների, հիգիենիկ պարագաների կիրառումը:

Որոշ դեղամիջոցների հանդեպ ալերգիկ ռեակցիան, ինչպես նաև մշտական սթրեսները և նյարդային ուժգին ցնցումները նույնպես նպաստում են միզուղիներում այրոցի առաջացման:

Պատճառների շարքում են նաև միզաքարային հիվադությունները, հեշտոցային կանդիդոզը, էնդոկրին համակարգի ֆունկցիոնալ խանգարումները՝ այդ թվում շաքարային դիաբետը և այլն: Սովորաբար հիվանդություններն ուղեկցվում են ոչ միայն անհարմարության և այրոցի զգացումով, այլև այլ ախտանիշներով:

Բուժման համար անհրաժեշտ է նախ պարզել երևույթի առաջացման պատճառները և բուժումն ուղղել դրանց վերացմանը: Հարուցչին հայտնաբերելու նպատակով անցկացվում են լաբորատոր և գործիքային հետազոտություններ: Այնուհետև, հիմնվելով ախտորոշման վրա, նշանակվում է բուժման համապատասխան թերապիա, ինչը կարող է ներառել հակաբիոտիկներ, հակաինֆեկցիոն, հակասնկային դեղամիջոցներ և այլն: Բուժման ընթացքում անհրաժեշտ կլինի հրաժարվել սեռական կյանքից մոտ 2-3 շաբաթ: Կարևոր է նաև այս ընթացքում հետևել սննդակարգին՝ բացառել կծու, թթու մթերքները, ալկոհոլը, քաղցրավենիքը, նախապատվության տալ օրգանիկ մթերքներին, կաթնամթերքին և ընդունել բավարար քանակությամբ հեղուկներ: