Զբոսանք նորածնի հետ

Փոքրիկի ծնունդից երկու շաբաթ անց արդեն կարելի է նրան զբոսանքի տանել: Առաջին օրերին դրսում զբոսնեք 10-15 րոպե, հետո աստիճանաբար ավելացրեք ժամանակը՝ օրական 5-10 րոպեով: Կախված եղանակից և մայրիկի ցանկությունից՝ կարելի է զբոսնել մինչև 2-3 ժամ: Սակայն խորհուրդ չի տրվում շատ արագ ավելացնել զբոսանքի համար նախատեսված ժամանակահատվածը, քանի որ փոքրիկը պետք է սովորի նոր պայմաններին:
Մաքուր օդը շատ կարևոր է ինչպես փոքրիկի, այնպես էլ մայրիկի համար: Զբոսանքից հետո բարելավվում է ախորժակը, արյան շրջանառությունը, քունը: Բացի այդ, ցերեկային լույսը նպաստում է վիտամին D-ի արտադրմանը:
Ցուրտ եղանակին կարելի է սահմանափակվել կարճ զբոսանքով և ուշադիր լինել, որպեսզի երեխան չմրսի: Նորածնին կարելի է հագցնել հագուստի մեկ շերտ ավելի, քան մեծահասակին, և պետք է հատկապես ուշադիր լինել նրա գլուխը, թաթիկները և ոտքերը ցրտից պաշտպանելու համար: Նորածնի դեմքի գույնից՝ կարմրությունից կամ գունատությունից կարելի է հասկանալ նրա համար ցուրտ է, թե՞ շոգ:
Հիշե՛ք, որ բացի մրսելուց երեխայի համար ցանկալի չէ, և նույնիսկ վտանգավոր կարող է լինել գերտաքացումը, այդ պատճառով պետք չէ նրան ավելորդ տաք հագուստ հագցնել կամ տանը նրան դրսի վերնահագուստով երկար պահել, իսկ դրսում պետք է հաճախակի ստուգել արդյոք երեխան չի քրտնել տաք հագուստի մեջ:
Հրաշալի միտք է նաև նորածնին պատշգամբում քնեցնելը, հատկապես եթե կանաչապատ և հանգիստ թաղամասում եք ապրում: