Կաթնագեղձի ֆիբրոմա

Ֆիբրոման շարակցական հյուսվածքից ձևավորվող բարորակ նորագոյացություն է:
Կաթնագեղձի ֆիբրոման արտահայտվում է որպես ամուր, գնդաձև, անցավ կոշտուկ՝ երբեմն ուղեկցվելով մենստրուացիայից առաջ կրծքի փքվածության զգացումով: Ֆիբրոման հայտնաբերելուց հետո անհրաժեշտ է առաջին հերթին բացառել կաթնագեղձի չարորակ ուռուցքը:
Կաթնագեղձի բարորակ նորագոյացությունների շարքում ամենից հաճախ հանդիպում են հանգուցավոր ֆիբրոադենոմատոզը և ֆիբրոադենոման: Եթե դիֆուզ ֆիբրոադենոմատոզը (դիֆուզ մաստոպատիա) բնորոշվում է ամբողջ գեղձով մեկ ֆիբրոզային հյուսվածքի տարածվելու հակումով, ապա ֆիբրոադենոման տեղայնացված բարորակ ուռուցք է: Այն հանգուցավոր մաստոպատիայի կլինիկական արտահայտում է: Մաստոպատիայի այս ձևի առաջացմանն ու զարգացմանը նպաստում է հորմոնային հավասարակշռության խախտումը:
Նշանները
Ֆիբրոադենոման հեշտությամբ շոշափվում է որպես գնդաձև, հարթ մակերևույթով, անցավ ուռուցք: Հանդիպում է մի քանի միլիմետրից մինչև 5-7 սմ տրամագծով: Փոքր չափերի դեպքում առանձնակի անհանգստություն չի պատճառում:
Ախտորոշումը
Կաթնագեղձի Ֆիբրոադենոմայի ախտորոշումն իրենից դժվարություն չի ներկայացնում: Շոշափելիս հայտնաբերվում է ուռուցքային գոյացություն, ՈւՁ հետազոտությամբ որոշվում է ուռուցքի տեղակայումը, կառուցվածքը, ձևը, չափերը: ՈւՁ հսկողության պայմաններում նաև կատարվում է կաթնագղձի բիոպսիա: Բիոպտատն ուղարկվում է ցիտոլոգիական հետազոտության հնարավոր չարորակ բջիջները հայտնաբերելու և քաղցկեղը կանխելու նպատակներով: Ֆիբրոադենոմայի ախտորոշումը վերջնականորեն հաստատվում է ուռուցքի հյուսվածքաբանական հետազոտության արդյունքները հաշվի առնելուց հետո:
Բուժումը
Ֆիբրոադենոման հիմնականում հեռացվում է վիրահատության միջոցով: Երբեմն նշանակվում է թերապևտիկ բուժման կուրս, որի նպատակը ուռուցքի ներծծումն է, թեպետ ամբողջական ներծծում հազվադեպ է տեղի ունենում:
Գոյություն ունի ֆիբրոադենոմայի վիրահատական բուժման երկու մեթոդ՝ կաթնագեղձի հատվածային (սեկտորային) մասնահատում և ուռուցքի էնուկլեացիա: Առաջին մեթոդը կիրառվում է հատկապես երբ ուռուցքի քաղցկեղային լինելու կասկած է առաջացնում: Երկրորդ մեթոդը՝ Էնուկլեացիան, ենթադրում է միայն ուռուցքի հեռացում, կատարվում է տեղային անզգայացման ներքո և չի պահանջում շարունակական հետվիրահատական բուժում ստացիոնարում:
Ուռուցքը հեռացնելուց հետո կատարվում է դրա հյուսվածքի հիստոլոգիական հետազոտություն: Հետվիրահատական շրջանն անցավ է և առանց արտահայտված անհարմարության: