Աղբյուրը՝ "Гинекология" национальное руководство, Под ред. В.И. Кулакова (и др.), 2009 г․ Թարգմանությունը՝ www.sotskiy.am

Հետհիստերեկտոմիական համախտանիշ

11.08.20162570

Հետհիստերեկտոմիական համախտանիշը կլինիկական ախտանշանների համալիր է, որը զարգանում է հիստերեկտոմիայից հետո (մեկ կամ երկու ձվարանի պահպանմամբ), բնորոշվում է հոգեվեգետատիվ և մետաբոլիկ խանգարումներով։

Դասակարգումը

Ըստ առաջացման ժամանակի՝ տարբերում են վաղ և ուշ հետհիստերեկտոմիական համախտանիշ։ Վաղ ձևի ախտանշաններն ի հայտ են գալիս հետվիրահատական շրջանի առաջին օրերին, ուշ ձևինը՝ վիրահատությունից մեկ ամիս անց։

Ըստ դրսևորումների տևողության՝ տարբերում են տրանզիտոր և կայուն տեսակներ։ Տրանզիտոր ձևը բնորոշվում է ձվարանների ֆունկցիայի վերականգնմամբ (մեկ ամսից մինչև մեկ տարի ընկած ժամանակահատվածում), կայուն ձևը տևում է մեկ տարի և ավել։

Ըստ կլինիկական դրսևորումների արտահայտվաության աստիճանի՝ լինում է թեթև, միջին և ծանր։

Առաջացումը

Հետհիստերեկտոմիական համախտանիշի դեպքում հիպոէստրոգենիայի առաջացման պատճառը համարվում է ձվարանների միկրոշրջանառության խանգարումը։

Կանխարգելումը

Հետհիստերեկտոմիական համախտանիշի կանխարգելման նպատակով պետք է խուսափել վիրահատական միջամտության ընդլայնումից (մինչև՝ էքստիրպացիա), եթե հնարավոր է սահմանափակվել վերհեշտոցային հիստերեկտոմիայով։

Կլինիկական հատկանիշները

Հետհիստերեկտոմիական համախտանիշի կլինիկական պատկերը ձևավորվում է ախտանշանների երկու հիմնական համալիրից՝ հոգեհուզական խանգաումներ և նեյրովեգետատիվ խանգարումներ։

Հոգեհուզական դրսևորումներից են՝ ասթենիկ դեպրեսիա, որ բնորոշվում է աշխատունակության անկմամբ, հոգնածությամբ, գունատությամբ, թուլությամբ և այլն։ Դաշտանային և վերարտադրողական ֆունկցիայի դադարումը վերարտադրողական տարիքում հաճախ ընկալվում է որպես կանացիության կորուստ, առաջանում է ընտանիքը կորցնելու վախ, ինքնագնահատականի անկում։

Նեյրովեգետատիվ ախտանշաններից են՝ սրտխփոցի նոպա հանգիստ ժամանակ, թմրածության զգացում, ջերմային առհոսք, քնի խանգարում, ուժգին քրտնարտադրություն, այտուցվածություն և այլն։

Հոգեհուզական և նեյրովեգետատիվ խանգարումների տեսքով վաղ դրսևորումները կարող են զարգանալ հետվիրահատական շրջանի առաջին օրերից սկսած և զգալիորեն բարդացնել վերականգնումը։

Ախտորոշումը

Հետհիստերեկտոմիական համախտանիշի ախտորոշումը հիմնված է հոգեհուզական և նեյրովեգետատիվ դրսևորումների գնահատման վրա։ Ձվարանների ֆունկցիոնալ խանգարումների արտահայտվածությունը և հիպոթալամահիպոֆիզային համակարգի փոփոխությունների աստիճանը հնարավոր է պարզել էստրոգենների, ֆոլիկուլախթանիչ հորմոնի և լյուտեինիզացնող հորմոնի մակարդակը որոշելու միջոցով։

Բուժումը

Հետիստերեկտոմիական համախտանիշի բուժումը կախված է արտահայտվածոության աստիճանից և տևողությունից։ Բուժման միջոցը հորմոնային փոխարինիչ թերապիան է, որի օգնությամբ արագ վերանում են հոգեհուզական և նեյրովեգետատիվ դրսևորումները, չեն զարգանում մետաբոլիկ խանգարումներ։ Այդուհանդերձ, հորմոնային փոխարինիչ թերապիան ունի հակացուցումներ և հղի է մի շարք բարդություններով։