Գինեկոլոգիական քսուքի հետազոտություն
Գինեկոլոգիական քսուքի հետազոտությունը լայն տարածում գտած ախտորոշիչ միջոց է, որի օգնությամբ հետազոտվում է կնոջ սեռական ուղիների արտադրությունը: Հետազոտման ընթացքում գնահատվում է էպիթելային բջջների վիճակը, նրանում առկա միկրոօրգանիզմների քանակը և տեսակները:
Քսուքը սովորաբար վերցվում է առաջին այցելության ընթացքում, այնուհետև հնարավոր է, որ վերցվեն նաև այլ քսուքներ, որոնք ստուգիչ բնույթ ունեն: Կանխարգելիչ նպատակներով գինեկոլոգիական քսուքի հետազոտությունը կատարվում է 6 ամիսը կամ տարին մեկ անգամ: Նախքան քսուքը վերցնելը խորհուրդ է տրվում զուգարանից օգտվել մոտ 2 ժամ առաջ, քանի որ մեզը կարող է ազդել հետազոտության արդյունքների վրա: Բացի այդ հետազոտությունից մի քանի օր առաջ անհրաժեշտ է բացառել սեռական մերձեցումը և հեշտոցային պատրաստուկների օգտագործումը:
Քսուքը վերցվում է գինեկոլոգիական աթոռին պարկած վիճակում, հեշտոցը լայնացնող հատուկ գործիքի և մեկանգամյա օգտագործման գդալիկի օգնությամբ: Եթե կինը չունի գինեկոլոգիական որևէ հիվանդություն, ապա հետազոտման նյութի հավաքման ժամանակ անհարմարավետության զգացում չի ունենում: Եթե առկա է որևէ հիվանդություն, օրինակ՝ սեռական օրգանների բորբոքում, ապա հնարավոր է, որ նա միզուկում ցավ զգա: Վերցնելուց հետո քսուքը համաչափորեն տարածվում է ապակու վրա և մանրադիտակով ուսումնասիրվում: Հետազոտությունը կատարվում է միայն այն ժամանակ, երբ քսուքն ապակու մակերեսին չորանում է: Հետազոտությունից առաջ նյութը ներկվում է հատուկ բժշկական ներկանյութով, ինչը հնարավորություն է տալիս առավել լավ դիտարկել քսուքի բաղադրիչ տարրերը:
Ներկումը կարևոր է հատկապես միկրոօրգանիզմների 2 խմբերի՝ գրամդրականի և գրամբացասականի հայտնաբերման հարցում: Առաջին խմբի մանրէների թաղանթն ավելի ամուր է, և ներկելուց հետո միկրոօրգանիզմները վառ գունավորվում են: Երկրորդ խմբին են դասվում ստաֆիլոկոկները և ստրեպտոկոկները: Գրամբացասական մանրէները ներկվելիս գունատ երանգ են ստանում:
Գինեկոլոգիական քսուքի հետազոտությունը հնարավորություն է տալիս հայտնաբերել գինեկոլոգիական վարակների և միզասեռական համակարգի բորբոքային պրոցեսների հարուցիչները: Քսուքում լեյկոցիտների մեծ քանակը վկայում է, որ միզասեռական համակարգում բորբոքային երևույթներ են զարգանում, քանի որ հենց լեյկոցիտներն են կոչված պայքարելու բորբոքումների դեմ: Բնականոն վիճակում քսուքը պետք է պարունակի առավելագույնը 15 բջիջ բժշկական մանրադիտակի մեկ տեսադաշտում:
Յուրաքանչյուր կին պետք է հասկանա, որ քսուքի հետազոտության ցուցումը դեռևս չի վկայում այն մասին, որ նա հիվանդ է: Դա ընդամենը կանխարգելիչ ախտորոշման միջոց է: Եթե քսուքի հետազոտության արդյունքում ախտաբանական տարրեր են հայտնաբերվում, նշանակվում է մեկ այլ հետազոտություն՝ քսուքի ցանքս սննդային միջավայրում: Վերջինս անհրաժեշտ է ախտածին միկրոօրգանիզմի տեսակը ճշգրիտ որոշելու և այս կամ այն տեսակի բուժման նկատմամբ նրա զգայունակությունը պարզելու նպատակով:
Այդուհանդերձ ոչ բոլոր ախտածին միկրոօրգանիզմներն է հնարավոր հայտնաբերել գինեկոլոգիական քսուքի հետազոտությամբ: Թաքնված սեռական վարակների հարուցիչների խումբը հնարավոր չէ հայտնաբերել այդ միջոցով: Հարուցիչների վերոնշյալ խմբում են միկոպլազմաները, ուրեապլազմաները, քլամիդիաները և որոշ այլ վարակներ: Դրանց հայտնաբերման նպատակով կիրառվում է հատուկ ՊՇՌ ախտորոշում: