Հեմատոմայի առաջացումը հղիության ընթացքում

04.04.201623187

Պատահում է, որ հղի կինն իրեն լիովին առողջ է զգում, սակայն ուլտրաձայնային հետազոտության արդյունքում ռետրոխորիալ հեմատոմա է հայտնաբերվում։ Այն հյուսվածքների արյունազեղումն է վնասվածքի հետևանքով, սակայն այլ պատճառներ էլ կան։

Արգանդի հեմատոման հղիության ընթացքում

Հեմատոման առաջանում է, երբ խորիոնը կամ ընկերքը շերտազատվում է արգանդի ներքին լորձաթաղանթից, և այդ տեղում արյուն է կուտակվում։ Հղիության ընթացքում հեմատոման վտանգավոր է, քանի որ կարող է վիժման պատճառ դառնալ, իսկ թույլ արտահայտվածության դեպքում կարող է աննկատ մնալ և հայտնաբերվել միայն ծննդաբերությունից հետո։

Ծանր դեպքերում արնահոսությունն անդրադառնում է կնոջ առողջության վրա՝ դառնալով սակավարյունության զարգացման պատճառ, իսկ արյունաշրջանառության խախտումը նպաստում է երեխայի օրգանիզմում թթվածնային քաղցի, ինչը արգելակում է նրա զարգացումը։

Հեմատոման հղիության վաղ ժամկետներում

Հղիության վաղ ժամկետներում հեմատոման վկայում է վիժման մասին։ Պատճառներն են՝ հորմոնային հավասարակշռության խախտում, սեռական ակտ, հիգիենայի պահպանման կանոնների խախտում, նյարդային և հոգեկան գերլարվածություն և այլն։ Ճիշտ ժամանակին կատարված ախտորոշման և բուժման շնորհիվ վիճակը բարելավվում է։

Վտանգները

Հեմատոմայի հայտնաբերման դեպքում շատ բան է կախված նրա չափից, առաջացման ժամկետից և տեղակայումից։ Հղիության վաղ ժամկետներում կարող է վիժման պատճառ դառնալ, իսկ ուշ ժամկետներում կարող է ազդել երեխայի ֆիզիկական զարգացման վրա։ Առավել վտանգավոր է 20 մլ և ավել զանգվածով արնահոսությունը (այսինքն՝ պտղաձվի զանգվածի 40%)։ Մեծանում է հետագայում ընկերքի շերտազատման վտանգը։

Արյունազեղմանը նպաստող գործոնները

Հաճախ ներարգանդային արյունազեղումն առաջանում է արյունատար անոթների խիստ նուրբ լինելու հետևանքով։ Հիմնական գործոններն են՝

  • միզասեռական համակարգի հիվանդություններ, 
  • ծանր տոքսիկոզ,
  • ճնշման կտրուկ տատանումներ, 
  • ուժգին սթրեսներ, 
  • սաղմի զարգացման շեղումներ, 
  • հորմոնային ֆոնի խանգարումներ, 
  • արյան մակարդելիության խանգարումներ, 
  • վնասակար սովորություններ, 
  • արգանդի զարգացման արատներ: 

Ախտանշանները

Հեմատոմայի ախտանշանները կախված են նրա ծանրության աստիճանից։

Թեթև աստիճան։ Ապագա մայրն իրեն լավ է զգում։ Հեմատոման հայտնաբերվում է միայն ՈւՁՀ-ի արդյունքում կամ էլ բնական ճանապարհով ծննդաբերությունից հետո։

Միջին աստիճան։ Անհանգստացնում է որովայնի ստորին շրջանի ձգող բնույթի ցավը, հեշտոցից նկատվում է կարմիր կամ շագանակագույն արտադրություն, խանգարվում է երեխայի սրտի աշխատանքը։

Ծանր աստիճան։ Արյունային արտադրությունը շատանում է, որովայնի ցավն ուժգնանում է, անոթային ճնշումն իջնում է, պտղի սրտի զարկերը կարող են ամբողջովին անհետանալ և այլն։

Հետևանքները

Շատ բան է կախված հեմատոմայի մեծությունից։ Վտանգավոր է 20մլ և ավել լինելու դեպքում։ Այդ պարագայում այն կարող է կանգնեցնել պտղի աճն ու զարգացումը, հանգեցնել վիժման։ Ամենավտանգավոր հետևանքը Կուվելերի արգանդ ասվածն է։

Ընկերքի վաղաժամ շերտազատման դեպքում արգանդի մկանային շերտը ամբողջությամբ լցվում է արյամբ, սկսվում է նեկրոտիզացիա, իսկ այդ նշանակում է, որ պետք է հեռացնել արգանդը։

Բուժումը

Հեմատոմայի հայտնաբերման դեպքում նշանակվում է համապատասխան դեղորայքաին բուժում և անկողնային ռեժիմ։