Ալկոհոլը կրծքով կերակրման շրջանում

21.03.201622657

Բոլորին է հայտնի, որ այն ամենը, ինչ ուտում կամ խմում է մայրը, կրծքի կաթի միջոցով փոխանցվում է երեխային։ Հայտնի է նաև, որ ալկոհոլը վնասում է առողջությանը, սակայն որոշ կանայք համոզված են, որ քիչ քանակությամբ խմելու դեպքում այն ոչ մի կերպ չի վնասի, ավելին, «փորձառու» որոշ մայրեր պնդում են, որ կաթնարտադրությունը մեծացնելու համար պարզապես անհրաժեշտ է մեկ բաժակ գարեջուր խմել։

Ցանկացած կերակուր ուտելուց կամ ըմպելիք խմելուց առաջ կինը պետք է մտածի՝ արդյո՞ք այն չի վնասի իր երեխային։ Բացասական պատասխանի կասկածի դեպքում անգամ հարկավոր է հրաժարվել տվյալ մթերքից։ Ինչ վերաբերում է ալկոհոլին, ապա պատասխանը միանշանակ բացասական է։ Այն կարող է զգալի վնաս հասցնել ինչպես կնոջն, այնպես էլ երեխային։

Կարդացեք՝ Ոգելից խմիչքի ազդեցությունը բեղմնավորման և հղիության վրա

Հաճախ կրծքով կերակրող կինը, ներկա լինելով որևէ հյուրասիրության, որտեղ բոլորն ուրախ ժամանակ են անցկացնում ալկոհոլի ընկերակցությամբ, անինքնավստահ են իրենց զգում՝ զերծ մնալով խրախճանքից։ Տեղի տալու դեպքում կինը գոնե պետք է մտածի վնասի նվազեցման մասին։

Ի՞նչ վնաս կարող է հասցնել ալկոհոլը երեխային

Որպեսզի կերակրող մայրը պատկերացում կազմի, թե ալկոհոլն ինչ վնաս կարող է հասցնել երեխային կրծքով կերակրման շրջանում, տեսնենք, թե ինչպես է այն ազդում փոքրիկի օրգանների և համակարգերի վրա։

Նյարդային համակարգ։ Երեխան, խմելով ալկոհոլ օգտագործած մոր կաթը, քնում է՝ այդպես էլ չհագենալով։ Քունը, սակայն, կարճատև է լինում, և նա արթնանում է՝ իրեն պահելով ոչ այնպես, ինչպես սովորաբար։ Բացի այդ, երեխայի հոգեկան զարգացումը կտուժի, եթե մայրը կանոնավոր ալկոհոլ օգտագործի։

Սրտանոթային համակարգ։ Դիտվում է ընդհանուր թուլություն, անոթային ճնշման նվազում, արագանում է անոթազարկը։

Կարդացեք՝ Երբ կրծքի կաթը չի բավականացնում

Մարսողական համակարգ։ Սպիրտային խմիչքները գրգռում են մարսողական օրգանների լորձաթաղանթը, խանգարվում է աղիների ներծծման գործառույթը, օգտակար նյութերը վատ են յուրացվում, երեխան տանջվում է ցավից և փորի փքվածությունից։ Երեխայի քաշը շատ քիչ է ավելանում և ֆիզիկապես նա զգալիորեն տարբերվում է հասակակիցներից։

Պարբերաբար ալկոհոլ օգտագործելու դեպքում երեխայի համար այն սովորական է դառնում և կարող է կախվածություն առաջացնել։

Ոգելից խմիչքների օգտագործման կանոնները կրծքով կերակրման շրջանում

Եթե կերակրող մայրը համարում է, որ հնարավոր է կրծքով կերակրման շրջանում ալկոհոլ խմել, ապա պետք է գոնե տեղյակ լինի, թե ինչպես կարող է նվազեցնել վտանգը։

Խուսափել ոգելից խմիչքներից մինչև երեխայի երեք ամսականը լրանալը։ Նորածնի օրգանիզմն ընդունակ չէ վերամշակել ալկոհոլի բաղադրիչները, ինչը նշանակում է, որ այն բացասաբար է ազդում նրա բոլոր օրգանների վրա։

Երեխայի օրգանիզմի վրա ազդում է ոչ այնքան սպիրտային խմիչքը, որքան դրա ծավալն ու որակը։ Եթե համեմատենք մի գավաթ չոր գինին և մի բաժակ օղին, ապա հասցրած վնասն էլ բնականաբար տարբեր կլինի։ Որքան շատ լինի ալկոհոլը, այնքան ուշ կհեռանա օրգանիզմից, հետևաբար մեծ քանակությունը կհայտնվի կաթի մեջ։

Կարդացեք՝ Բեղմնավորումը և ոգելից խմիչքները

Եթե կերակրող մայրը պատրաստվում է ոգելից խմիչք խմել, ապա պետք է կթի և կաթ նախապատրաստի հաջորդող երկու կերակրման համար։

Կերակրող կինը պետք է վստահ լինի, որ որակյալ խմիչք է օգտագործում․ չէ՞ որ երբեմն վտանգավոր հավելանյութեր են պարունակում։ Լիկյորները և թույլ ալկոհոլային խմիչքները գունանյութեր և հավելանյութեր են պարունակում, ինչը վտանգավոր է ոչ միայն երեխայի, այլև մեծահասակի համար։

Կրծքով կերակրման շրջանում լավագույն ընտրությունը ոգելից խմիչքներից խուսափելն է։ Այդպիսով վտանգի չեք ենթարկի ոչ ձեր և ոչ էլ երեխայի առողջությունը։