Ձիգ որովայն ծննդաբերությունից հետո․ վարժություններ

11.02.201625916

Երեխայի ծնունդը մեծ երջանկություն է պարգևում ցանկացած կնոջ, այդուհանդերձ հետծննդաբերական շրջանում շատերի առաջնային խնդիրներից մեկը դառնում է կազմվածքի վերականգնումը։ Հաճախ մեծ ջանք է պահանջվում ցանկալի արդյունքի հասնելու համար, երբեմն էլ տան պայմաններում կատարած պարզ վարժությունները բավական են լինում, սակայն ոմանք այնուամենայնիվ զգում են մարզասրահում մարզիչի օգնությամբ վերականգնվելու կարիք։

Մարմնամարզությամբ կարելի է զբաղվել երեխայի ծնունդից երկու ամիս անց։ Նախքան մարզումներն սկսելն անպայման պետք է խորհրդակցել բժշկի հետ, մանավանդ այն դեպքում, երբ ծննդաբերությունն ազդել է առողջության վրա։

Կարդացեք՝ Շնչառական վարժություններ լավ ինքնազգացողության համար

Կարգավորեք սննդակարգը, սակայն առանց դիետայի, փորձեք ապահովել սննդամթերքների բազմազանությունը, որպեսզի օրգանիզմը յուրացնի անհրաժեշտ բոլոր նյութերը։ Որովայնի հատվածի վերականգնմանն ուղղված վարժություններից առաջ ցանկալի չէ որևէ բան ուտել։ Մարզումն սկսելուց առաջ կարճատև վարժություններ արեք մարմինն ու մկանները տաքացնելու, հաջորդող ծանրաբեռնվածությանը նախապատրաստվելու համար։ Կարելի է և պարել կամ թռչկոտել։ Փորձեք շնչել փորով, քանի որ հիմնական վարժություններն ուղղված են լինելու վերջինիս մկաններին։

Մկանները տաքացնելուն ուղղված վարժություններ

Չորեքթաթ դիրք ընդունեք, այնուհետև ուղղեք մեջքը և շնչեք ստոծանու հատվածով (դիաֆրագմալ շնչառություն), հետո՝ փորով։ Կրկնեք տասն անգամ։

Կարդացեք՝ Ո՞րն է ճիշտ շնչառությունը և ի՞նչ դեր ունի

Նստեք աթոռին, ուղղեք մեջքը, այնուհետև ոտքերը սեղմեք իրար և բարձրացրեք վեր՝ պահելով այդ դիրքում հինգ վայրկյան։ Կրկնեք հինգ անգամ։

Ձգման նպատակով խորը շունչ քաշեք և փքեք փորը, այնուհետև արտաշնչեք՝ ներս քաշելով այն։ Մի քանի վայրկյան մնացեք այդ դիրքում։

Հիմնական վարժություններ

Պառկեք մեջքի վրա՝ ձեռքերը դնելով ծոծրակին, այնուհետև ծալեք ծնկները՝ ոտքերը հենելով հատակին։ Բարձրացրեք ուսերը և արտաշնչեք։ Եթե դժվարանաք կատարել վարժությունը ձեռքերը գլխի տակ պահած, ապա հանեք գլխի տակից և ուղղեք առաջ։ Չծանրաբեռնեք պարանոցը։

Պառկեք մեջքի վրա, ծալեք ծնկները և ոտքերը հենեք հատակին։ Արտաշնչեք՝ որովայնը ներս քաշելով և կոնքը որքան հնարավոր է վեր բարձրացնելով։ Մնացեք այդ դիրքում մի քանի վայրկյան։ Կրկնեք մի քանի անգամ։

Կարդացեք՝ Կեգելի վարժությունները հղիության ընթացքում

Պառկեք մեջքի վրա՝ ձեռքերը դնելով ծոծրակին, ոտքերը 90 աստիճան բարձրացրեք վեր, խաչեք, այնուհետև արտաշնչելով ազդրերը դանդաղ իջեցրեք ներքև։ Կրկնեք հինգ անգամ։

Պառկեք մեջքի վրա՝ ձեռքերը դնելով ծոծրակին, ծալեք ծնկները, այնուհետև մի ոտքը գցեք մյուսի վրա՝ թեքելով ամբողջ մարմինը նախ ձախ, հետո՝ աջ։

Կարդացեք՝ Ինչպե՞ս շնչել ծննդաբերական ցավը մեղմելու համար․ վարժություններ

Եթե կատարեք նշված վարժությունները և առողջ ապրելակերպ վարեք՝ լիարժեք հանգիստ և առողջ քուն, ռացիոնալ սնունդ, զբոսանք մաքուր օդում, ֆիզիկական չափավոր ծանրաբեռնվածություն, կոնտրաստային լոգանք և մերսում, վիտամինների ընդունում, ապա հեշտությամբ կկարողանաք վերականգնել նախկին կազմվածքը և դեռ ավելին՝ նոր հաջողությունների հասնել։