Հացազգիները հղիության ընթացքում

16.10.201516301

Ապագա մայրիկի սնունդը պետք է լիարժեք լինի, սակայն կանանց մեծամասնության համար «լիարժեք» հասկացությունը ներառում է առաջին հերթին սպիտակուցային մթերքներ (միս, կաթնաշոռ), ինչպես նաև բանջարեղեն և մրգեղեն։ Երբ բանը հասնում է հացազգիներին, շատերը համարում են դրանք անօգտակար, որովհետև իբրև թե նպաստում են գիրանալուն։ Իզուր։

Միայն սպիտակուցների օգտագործումը լի է առողջության համար վտանգավոր խնդիրներով։ Իզուր չէ, որ սպիտակուցային դիետա պահողները ճաշակում են դրանց բոլոր «քաղցրությունները»․ բերանի տհաճ հոտ, փորկապություն, բերանի չորություն և հոգնածության զգացում։ Եթե այս ամենին հավելենք նաև հղի կանանց սովորական անհարմարություններն առավոտյան սրտխառնոցի, քնկոտության, թութքի և լնդերի արնահոսության տեսքով, ապա պատկերը հուսադրող չի լինի։ Այդ պատճառով էլ հղիության ընթացքում մոռանում ենք «դիետա» բառը և սկսում ենք առողջ սնվել, իսկ առողջ սնունդը ներառում է ածխաջրեր և լավ կլինի, որ դրանք օրգանիզմ հասնեն ամբողջական հացազգիների տեսքով։ Փորձենք հասկանալ։

Հացազգիներից են՝ ցորենը, վարսակը, գարին, աշորան, կորեկը, եգիպտացորենը, բրինձը (այդ թվում վայրի), հնդկացորենը և այլն։ Ցանկացած սերմ իսկզբանե ամբողջական է՝ կազմված երեք մասից։

Թեփ՝ սերմի արտաքին թաղանթը, որը պարունակում է հակաօքսիդանտներ, В խմբի վիտամիններ և բջջանյութ։

Միջուկ՝ բուն սերմը, որից աճում է նոր բույսը։ Պարունակում է բազմաթիվ վիտամիններ, սպիտակուցներ, հանքանյութեր և ճարպեր։

Էնդոսպերմ՝ սերմի սննդային ռեսուրսը, որը երիտասարդ բույսին ապահովում է աճի համար անհրաժեշտ էներգիայով։ Հենց այն է պարունակում ամենաշատ քանակով ածխաջրեր և ավելի քիչ սպիտակուցներ, վիտամիններ և հանքանյութեր։

Սննդի արտադրության մեջ հացի, մակարոնեղենի, ալյուրի և այլնի պատրաստման ժամանակ թեփն ու միջուկը հեռացվում են, իսկ էնդոսպերմը մնում է։ Այդպիսի հացազգիներն իսկապես օգտակար չեն, քանի որ պարունակում են հիմնականում կրախմալ, որից և գիրանում են։ Բացի այդ, թեփի և սերմի առանձնացումից հետո բնական սպիտակուց էլ չի մնում և պակասում է միկրոտարրերի քանակը։ Ամբողջական են անվանում այն հացազգիները, որոնք պարունակում են հիմնական, բնական բոլոր բաղադրիչները՝ կրախմալով էնդոսպերմ, սերմ և թեփ, ընդ որում՝ այն նույն քանակով, որքան և բնական սերմնահատիկում։ Այդ պարագայում ամբողջական սերմնահատիկները՝ վերածվելով ալյուրի կամ փաթիլների, ինչպես նաև խոհարարական վերամշակումից հետո պահպանում են իրենց սննդային արժեքը։

Ապագա մոր սննդակարգում ամբողջական հացազգիները կարող են առկա լինել օրական 4-6 անգամ ստորև նշված մթերքների տեսքով՝

  • ½ բաժակ շիլա՝ պատրաստված ամբողջական հասահատիկներից (վարսակաձավարի, ցորենի կամ հնդկացորենի), 
  • ½ բաժակ վայրի կամ եփած շագանակագույն բրինձ, 
  • 2 ճաշի գդալ ցորենի սերմ՝ միջուկ, 
  • ½ բաժակ մակարոն՝ ամբողջական հացահատիկներից, 
  • 1 կտոր հաց՝ ամբողջական հացահատիկներից (մասնավորապես՝ ցորենի և տարեկանի հաց)։ 

Հղիությունը հրաշալի ժամանակահատված է, որպեսզի վերանայեք ձեր սննդակարգը և ավելի բազմազան դարնեք այն։ Ընդ որում՝ պետք չէ այդ նպատակով զոհաբերել կազմվածքը։