Մրգերն ու հատապտուղները մեր սննդակարգում

Մասուր: Թարմ վիճակում մասուրը պարունակում է 470մգ վիտամին C, իսկ չոր վիճակում՝ 1200մգ, այս պատճառով էլ դեռևս հնագույն ժամանակներից հայտնի է որպես բուժիչ հատապտուղ: Մասուրից պատրաստված ըմպելիքները և եփուկները խթանում են արյունաստեղծումը, ունեն անոթալայնիչ հատկություններ, օգտակար են մի շարք հիվանդությունների դեպքում (լեղաքարային, միզաքարային և այլն), բարձրացնում են վարակիչ հիվանդությունների նկատմամբ դիմադրողականությունը և այլն:
Ձմերուկ: Պարունակում է վիտամիններ՝ C, B, B2, PP, A, ֆոլաթթու, կալիումի աղեր, բջջաթաղանթ, պեկտիններ, ածխաջրեր: Օժտված է միզամուղ հատկությամբ, այդ պատճառով էլ օգտագործվում է սրտի և երիկամների հիվանդությունների ժամանակ, հատկապես, եթե ընթանում են այտուցվածությամբ, նպաստում է օրգանիզմից վնասակար նյութերի արտամղմանը:
Ծիրան: Պարունակում է 25-27% շաքար, օրգանական թթուներ (սալիցիլաթթու, խնձորաթթու, կիտրոնաթթու), A, C, B12 վիտամիններ, կալիումի աղեր և երկաթ: Օգտագործվում է սրտանոթային համակարգի, երիկամային հիվանդությունների, ճարպակալման և հեստոզների դեպքում: Ծիրանի չիրը միզամուղ միջոց է:
Դեղձ: Պարունակում են օրգանական թթուներ (խնձորաթթու, կիտրոնաթթու, գինեթթու), վիտամիններ և ածխաջրեր: Կալիումի միացությունների քանակը դեղձում 10 անգամ ավելի շատ է, քան նատրիումը, ինչը թույլ է տալիս այս միրգը դասել բարձր արդյունավետությամբ միզամուղ միջոցների շարքը: Օգտագործվում է սակավարյունության և հեստոզների բուժման ժամանակ:
Խաղող: Խաղողն իր բուժիչ հատկություններով հայտնի է եղել դեռևս Մեսոպոտամիայում և Բաբելոնում, 5500 տարի առաջ: Պարունակում է կալիում, կալցիում, մագնիում, կոբալտ, վիտամիններ՝ А, С, Р, РР, В1, В6, В12 և ֆոլաթթու: Միզամուղ, թուլացնող, խորխաբեր միջոց է, օգտակար է երիկամների, թոքերի, լյարդի և հիպերտոնիայի դեպքում: Որոշ տեսակներ (Իզաբելլա, Մուսկատ, Կաբերնե) օժտված են հակամանրէային ազդեցությամբ:
Բալ: Պարունակում է գլյուկոզա և ֆրուկտոզա, վիտամիններ՝ А, С, В1, РР, ֆոլաթթու, օրգանական թթուներ, կալիում, մագնիում, երկաթ, պղինձ և պեկտիններ, կումարին (ինչպես և հաղարջը), ինչը նվազեցնում է արյան մակարդելիությունը՝ նպաստելով թրոմբային բարդությունների կանխարգելմանը: Բուժիչ ազդեցություն է ունենում սակավարյունության, թոքերի, երիկամների, սրտի հիվանդությունների և փորկապության դեպքում: Բալի հյութը կործանարար ազդեցություն է գործում դիզենթերիայի և թարախածին վարակների՝ ստաֆիլոկոկների և ստրեպտոկոկների վրա:
Տանձ: Պարունակում է վիտամին C և B, շաքար, բջջաթաղանթ և օրգանական թթուներ: Գործում է հակամանրէային և միզամուղ ազդեցություն, օգտակար է միզուղիների վարակների և միզաքարային հիվանդությունների դեպքում:
Ելակ: Պարունակում է շաքար, վիտամին C, B խմբի վիտամիններ, ֆոլաթթու, բջջաթաղանթ, պեկտիններ, կոբալտ, երկաթ, կալցիում, ֆոսֆոր, օրգանական թթուներ և այլն: Օգտագործվում է մաշկային հիվանդությունների բուժման ժամանակ, սակայն խորհուրդ չի տրվում օգտագործել ալերգիկ ռեակցիաների հակվածություն ունեցող մարդկանց: Կարգավորում է նյութափոխանակությունը, օգտակար է սրտի, անոթային, մարսողական համակարգի (խոց, խոլեցիստիտ և լեղաքարային) հիվանդությունների, սակավարյունության, աղիքային վարակների, հիպերթիրեոզի դեպքում:
Սալոր: Պարունակում է շաքար, կալիում, պեկտիններ, օրգանական թթուներ, C և B վիտամիններ: Գործում է թուլացնող և միզամուղ ազդեցություն, ինչն այն օգտակար է դարձնում փորկապության, հիպերտոնիայի և այտուցվածության դեպքում:
Սև հաղարջ: Վիտամին C-ի պարունակությամբ երկրորդ տեղն է զբաղեցնում մասուրից հետո: Պարունակում է նաև վիտամիններ՝ B1, РР, А, կալիում, երկաթ, օրգանական թթուներ, պեկտիններ և այլն: Օգտագործվում է հիպերվիտամինոզների, ստամոքսի խոցի, երիկամների հիվանդությունների, ինչպես նաև նյութափոխանակության խանգարման ժամանակ: Օժտված է ստաֆիլոկոկների, սնկերի, դիզենթերիայի և դիֆթերիայի հարուցիչների նկատմամբ հակամանրէային ազդեցությամբ: Հյութը ոչնչացնում է A և B գրիպի վիրուսները, զգալիորեն բարձրացնում է դիմադրողականությունը:
Խնձոր: Պարունակում է վիտամիններ՝ С, В1, В2, Р, Е, А, կալիում, երկաթ, կալցիում, պեկտիններ, շաքար, օրգանական թթուներ և այլն: Խորհուրդ է տրվում օգտագործել սրտի, երիկամների հիվանդությունների, սակավարյունության, աղիքային վարակների ժամանակ:
Մոշ: Պարունակում է գլյուկոզա, ֆրուկտոզա, վիտամիններ՝ С, А, Е: Օգտագործվում է հոդերի, երիկամների, միզապարկի, ստամոքսի և լյարդի հիվանդությունների և շաքարային դիաբետի բուժման ժամանակ:
Մանդարին: Պարունակում է 1գր. կիտրոնաթթու, ֆրուկտոզա, վիտամին С: Կալիումի միացությունները 100 անգամ ավելի շատ են, քան նատրիումի միացությունները, այդ պատճառով էլ ավելի արդյունավետ են այտուցների բուժման ժամանակ: Այդուհանդերձ, ինչպես և ցիտրուսային բոլոր մրգերը, մանդարինը ևս խորհուրդ չի տրվում օգտագործել ալերգիկ ռեակցիաներ ունենալու դեպքում, ինչպես նաև չի կարելի չարաշահել կրծքով կերակրման ժամանակ:
Նարինջ: С և Р վիտամինների հարաբերակցությունը հավասարակշռված է, ինչն ամրացնում է անոթների պատերը և նվազեցնում թափանցելիությունը, կարգավորում է անոթային ճնշումը: Օգտագործվում է ճարպակալման, միզապարկի հիվանդությունների և փորկապության բուժման նպատակով:
Նուռ: Հյութն օգտագործվում է սրտանոթային համակարգի, լյարդի, միզուղիների, երիկամների և թոքերի հիվանդությունների բուժման, ինչպես նաև հիպոտոնիայի ժամանակ նյարդային համակարգի տոնուսը բարձրացնելու նպատակով:
Բանան: Ածխաջրերից պարունակում է կրախմալ և ֆրուկտոզա, մեծ քանակությամբ պեկտիններ, օրգանական թթուներ և կալիում: Օգտակար են այտուցվածության և մարսողական համակարգի օրգանների հիվանդությունների ժամանակ: