Սպինա բիֆիդա

Սպինա բիֆիդա

Սպինա բիֆիդան նյարդային խողովակի բնածին արատների շարքից է: Նյարդային խողովակը սաղմնային կառույց է, որը զարգանալով կազմում է պտղի ուղեղը, ողնաշարը և դրանց հարակից հյուսվածքները: Սովորաբար նյարդային խողովակը ձևավորվում է հղիության վաղ ժամկետներում և փակվում է բեղմնավորումից հետո 28-րդ օրը:

Այս հիվանդության դեպքում նյարդային խողովակի մի մասը չի հասցնում զարգանալ կամ ճիշտ կերպ փակվել և առաջացնում է ողնաշարի և դրա ոսկրերի արատներ: Սպինա բիֆիդան արտահայտվում է ծանրության տարբեր աստիճաններով: Եթե պահանջվում է բուժում, այն իրականացվում է վիրահատական եղանկաով, թեև միշտ չէ, որ այն օգնում է ամբողջությամբ լուծել խնդիրը:

Դիտեք բժշկական անիմացիան՝ Ի՞նչ է սպինա բիֆիդան

Սպինա բիֆիդան արտահայտվում է 3 ձևով:

Սպինա բիֆիդա օկուլտա

Սա ամենամեղմ ձևն է, որի դեպքում առաջանում է ողնաշարի ոսկրերից մեկի կամ մի քանիսի միջև հեռավորություն կամ անցք: Այս դեպքում սովորաբար նյարդերը չեն ախտահարվում, այդ պատճառով այն ընթանում է առանց ախտանշանների, և երեխան չի ունենում նյարդաբանական խնդիրներ: Սպինա բիֆիդան հնարավոր է տեսանելի լինի նորածնի մաշկին՝ ողնաշարի գոտկային շրջանում: Օրինակ այդ հատվածում հնարավոր է դիտվի՝

  • ոչ բնական մազածածկույթ,
  • ճարպի կուտակում,
  • փոքրիկ գոյացություն կամ խալ:

Շատ դեպքերում մարդիկ չեն էլ իմանում, որ ունեն այս հիվանդությունը մինչև այն պատահմամբ չի հայտնաբերվում ողնաշարի ռենտգեն հետազոտության արդյունքում:

Մենինգոցելե (ուղեղաթաղանթի ճողվածք)

Սա հազվադեպ հանդիպող տեսակ է, որի դեպքում ողնաշարի ոսկրերի հարակից պաշտպանիչ մեմբրանները ճնշում են և դուրս գալիս միջողային տարածություն: Քանի որ ողնաշարը զարգացած է, այդ մեմբրանները հնարավոր է վիրահատական եղանակով հեռացնել՝ առանց վնասելու նյարդերը:

Միելոմենինգոցելե

Հայտնի է նաև որպես բաց սպինա բիֆիդա, ամենածանր ձևն է: Այս դեպքում ողնաշարային խողովակը բաց է մնում ստորին կամ միջին մի քանի ողերի շրջանում: Դրա պատճառով և՛ ողնաշարային խողովակը, և՛ մեմբրանները ծննդաբերության ժամանակ դուրս են ցցվում և առաջացնում պարկանման գոյացություն երեխայի մեջքին: Երբեմն այն ծածկված է լինում մաշկով, բայց սովորաբար հյուսվածքներն ու նյարդերը բաց են լինում և մեծանում է կյանքին սպառնացող վարակների առաջացման վտանգը: Դիտվում են նյարդային խանգարումներ, այդ թվում`

  • ոտքերի մկանային թուլություն, երբեմն պարալիզ,
  • աղիքային և միզասեռական խնդիրներ,
  • ցնցումներ,
  • օրթոպեդիկ խնդիրներ՝ ոտքերի դեֆորմացում, անհավասար ազդրեր և ծուռ ողնաշար (սկոլիոզ):

Սպինա բիֆիդայի առաջացման պատճառներն առ այսօր հստակ պարզված չեն: Ենթադրվում է, որ նրա առաջացման հիմքում ընկած են ժառանգականության, ինչպես նաև արտաքին որոշ գործոններ, օրինակ՝ ընտանիքում նյարդային խողովակի արատների պատմություն կամ ֆոլաթթվի անբավարարություն:

Վտանգի գործոններ

Ըստ մասնագետների՝ սպինա բիֆիդան հաճախ հանդիպում է հետևյալ դեպքերում․

  • Սպիտակամաշկ ազգեր։
  • Առավելապես աղջիկների դեպքում։
  • Եթե մայրը կամ առաջին երեխան ունեցել է սպինա բիֆիդա։
  • Ֆոլաթթվի անբավարարության պարագայում: Ֆոլատը՝ վիտամին B9-ի բնական ձևը, շատ կարևոր է ապագա փոքրիկի առողջ զարգացման համար: Դրա արհեստական ձևը կոչվում է ֆոլաթթու, հասանելի է հավելումների և որոշ հարստացված մթերքների տեսքով: Ենթադրվում է, որ որոշակի դեղամիջոցներ, օրինակ հակացնցումային, հղիության ընթացքում ընդունելիս փոխազդում են օրգանիզմում ֆոլատի և ֆոլաթթվի ներծծման հետ՝ մեծացնելով սպինա բիֆիդայի առաջացման վտանգը:
  • Մեծ է վտանգը նաև այն դեպքերում, երբ մայրիկն ունի դիաբետ, երբ արյան մեջ շաքարի մակարդակը բարձր է:
  • Գիրությունը նույնպես մեծացնում է նյարդային խողովակի արատների վտանգները:

Ինչպես արդեն նշվեց, սպինա բիֆիդան հնարավոր է չառաջացնի ախտանշաններ, իսկ բարդացումների դեպքում հնարավոր է առաջանան՝

  • ֆիզիկական և նյարդաբանական խնդիրներ,
  • հիդրոցեֆալիա՝ ուղեղում հեղուկի կուտակում,
  • մենինգիտ՝ ուղեղի հարակից հյուսվածքների բորբոքում,
  • երեխաներն ավելի մեծ տարիքում հնարավոր է ունենան սովորելու անկարողություններ, ուշադրության կենտրոնացման խանգարում, բանավոր խոսքի, լեզուների ընկալման դժվարություններ,
  • հնարավոր է նաև առաջանան մաշկային խնդիրներ, միզուղիների վարակներ, ստամոքսաղիքային տրակտի խանգարումներ և այլն:

Հղիության ընթացքում նախածննդյան սկրինինգ է կատարվում պարզելու համար սպինա բիֆիդայի և այլ բնածին արատների առկայությունը: Սակայն թեստն այնքան էլ արդյունավետ չէ, քանի որ դրական պատասխանների դեպքում հավանականություն կա առողջ երեխա ունենալու, իսկ բացասական պատասխանի դեպքում միևնույն է դեռ վտանգներ կան:

Բժիշկը սովորաբար նշանակում է արյան հետազոտություն ալֆա ֆետոպրոտեինը ստուգելու համար, որը հնարավորություն է տալիս պարզել միելոմենինգոցելեն: Այս պրոտեինն արտադրում է պտուղը, և ընկերքի միջով այն ներթափանցում է մայրիկի արյան հոսք, սակայն դրա մակարդակը չպետք է բարձր լինի: Շատ բժիշկներ սպինա բիֆիդայի ախտորոշման համար նպատակահարմար են համարում ուլտրաձայնային հետազոտությունը: Այն անվնաս է մայրիկի և պտղի համար ու բավականին արդյունավետ է:

Ախտորոշման մեկ այլ տարբերակ է ամնիոցենտեզը, երբ պտղապարկից հեղուկի նմուշ է վերցվում հատուկ ասեղի օգնությամբ: Եթե այդ նմուշում բարձր է ալֆա ֆետոպրոտեինի մակարդակը, ապա դա վկայում է սպինա բիֆիդայի առկայության մասին։ Քանի որ այդ դեպքում երեխայի ողնաշարի շրջապատող մաշկը բացակայում է, ալֆա ֆետոպրոտեինը թափանցում է պտղաջրի մեջ:

Սպինա բիֆիդա օկուլտան սովորաբար բուժում չի պահանջում, իսկ մենինգոցելեի դեպքում վիրահատություն է կատարվում, ողնաշարի դուրս ցցված հյուսվածքների կարգավորում և բաց հատվածի փակում: Միելոմենինգոցելեն նույնպես վիրահատական միջամտություն է պահանջում, որը սովորաբար կատարում են ծնունդից հետո 24-48 ժամվա ընթացքում: Շտապ վիրահատությունը կօգնի խուսափել վարակների առաջացման վտանգից: Հնարավոր է նաև կատարվի նախածննդյան վիրահատություն:

Միելոմենինգոցելեյի դեպքում մեծամասամբ պտուղը հետույքային առաջադրությամբ է լինում, իսկ սա նշանակում է, որ պահանջվելու է կեսարյան հատում:

Նյարդային խողովակի արատները կանխելու համար անհրաժեշտ է դեռ հղիության պլանավորման փուլում սկսել խմել ֆոլաթթու, ինչը պետք է շարունակել նաև հղիության ընթացքում: Սա լավագույն բանն է, որ կարող է անել ապագա մայրիկը: Բացի հավելումներից կօգնի նաև առողջ սննդակարգը, որում պետք է ներառել ֆոլատով հարուստ մրգեր ու մթերքներ, այդ թվում լոբազգիներ, ցիտրուսային մրգեր, հավկիթի դեղնուց, կանաչ տերևավոր բանջարեղեն և այլն:

Կարդացեք՝ Ո՞ր մթերքներն են ֆոլաթթու պարունակում

Ինչ է էպիզիոտոմիան և ինչպես վերականգնվել դրանից հետո

Ինչ է էպիզիոտոմիան և ինչպես վերականգնվել դրանից հետո

Ծննդաբերության ժամանակ հեշտոցը լայնանում է, բայց երբեմն դա կարող է բավարար չլինել երեխայի գլուխը տեղավորելու համար

Ի՞նչ անել, եթե առանց որևէ պատճառի կապտուկներ են առաջանում

Ի՞նչ անել, եթե առանց որևէ պատճառի կապտուկներ են առաջանում

Կապտուկը անոթների վնասվածքի պատճառով մաշկի վրա առաջացած արյունազեղումն է

Ստամոքսի քաղցկեղ

Ստամոքսի քաղցկեղ

Ընթացակարգի ժամանակ ստամոքսի մեջ մտցվում է հատուկ սարք, որի միջոցով բժիշկն ուսումնասիրում է ստամոքսի բոլոր հատվածները, ինչպես նաև 12-մատնյա աղին։

Ինչպե՞ս է գործում հղի կանանց դիմադրողականությունը

Ինչպե՞ս է գործում հղի կանանց դիմադրողականությունը

Գենի և դիմադրողականության տեսանկյունից՝ պտուղը օտար օրգանիզմ է կնոջ համար