Սպորտը և հղիությունը. ինչպե՞ս համատեղել

Դուք միշտ ակտիվ կյանք եք վարել, զբաղվել եք վազքով, լողով, աերոբիկայով և հպարտացել եք ձեր հիանալի մարմնակազմությամբ: Եվ ահա դուք հղի եք, իսկ թե ինչպես վարվել սպորտային պարապմունքների հետ՝ չգիտեք: Պե՞տք է արդյոք հրաժարվել սպորտից, որպեսզի փոքրիկը վտանգի չենթարկվի, թե՞ ֆիզիկական ակտիվության կտրուկ նվազումը կարող է բացասականորեն ազդել առողջության վրա:
Այս հարցերի շուրջ անհրաժեշտ է նախ խորհրդակցել գինեկոլոգի հետ: Եթե հղիության ընթացքը բնականոն է, արգանդի տոնուսի զարգացման վտանգ չկա, լաբորատոր քննությունների արդյունքները դրական են, ապա մարզումները դադարեցնել պետք չէ: Միակ բանը, որ անհրաժեշտ է սահմանափակել, ֆիզիկական ակտիվության տևողությունն ու ինտենսիվությունն է:
Չի կարելի կտրուկ դադարեցնել մարզումները, քանի որ այդ դեպքում քաշը կսկսի անկանոն կերպով ավելանալ: Սա կհանգեցնի սրտի վրա ծանրաբեռնվածության մեծացման և ճնշման տատանումների: Ինչպես նաև խանգարվում է արյան շրջանառությունը, նյութափոխանակությունը, վատթարանում է դեպի ընկերք արյան հոսքը, հետևաբար նաև՝ պտղին թթվածնի մատակարարումը: Գոյություն ունի հղիության ընթացքում քաշի ավելացման բնական չափ (մոտ 15 կգ), որը գերազանցել ցանկալի չէ: Հակառակ դեպքում ներքին օրգանների գերծանրաբեռնվածությունը կհանգեցնի հղիության ընթացքի վատթարացման և բարդությունների առաջացման:
Բացի այդ, ֆիզիկական վարժություններից հրաժարվելով մկանները թուլանում են, կորցնում են տոնուսը: Սա երկարացնում է ծննդաբերության ընթացքը, հանգեցնում է կծկումների ժամանակ ցավի ուժգնացման: Պարզապես անհրաժեշտ է ճանաչել այն սպորտաձևերն ու մարզումները, որոնք վտանգ են կրում, օրինակ՝
- Ծանրաձողը և մարզաքարերը (գանտել) վտանգավոր են մկանների ծանրաբեռնման առումով, քանի որ կարող են նպաստել արգանդի տոնուսի բարձրացման:
- Հեծանվավազքը, դահուկասպորտը վտանգավոր են, քանի որ ուժեղ տատանումներն ազդում են արյան հոսքի վրա՝ այն կենտրոնացնելով փոքր կոնքի օրգաններում, ինչը հղիության առաջին ամիսներին հնարավոր է դառնա վիժման պատճառ: Բացի այդ, սրանք սպորտի բավականին տրավմատիկ տեսակներ են:
- Գնդակի խաղերը վտանգավոր են հարվածների առումով, որ կարող եք ստանալ, այնպես որ լավ կլինի այն թողնեք հետագայի համար:
- Սպորտի ավելի հանգիստ տեսակները նույնպես ունեն սահմանափակումներ, օրինակ՝ լավ կլինի այս կարգավիճակում դադարեցնեք որովայնի մկանների մարզումը, ուժային վարժությունները, կքանիստը:
Որոշ կանայք սխալմամբ կարծում են, որ որովայնի մկանների մարզումը՝ պրեսը, շատ օգտակար վարժություն է, քանի որ այն նախապատրաստում է մկանները ծննդաբերությանը՝ դրանք ավելի ուժեղ և ամուր դարձնելով: Իրականում այդպես չէ: Որովայնի ուժային վարժությունները բարձրացնում են արգանդի տոնուսը, նպաստում են որովայնի խոռոչում արյան գերմատակարարման: Ավելի լավ է այս վարժությունը փոխարինել շնչառական գիմնաստիկայով. խորը շնչել ու արտաշնչելն աշխատացնում են որովայնի մկանները՝ առանց վտանգելու օրգանիզմը:
Կարդացեք՝ Շնչառական վարժություններ լավ ինքնազգացողության համար:
Ո՞ր սպորտաձևերն են հղիության ընթացքում անվնաս
Բնականաբար, սպորտից հրաժարվել պետք չէ: Բժիշկները խորհուրդ են տալիս հղի կանանց առօրյայում ներառել մարզումներ, եթե նույնիսկ նախկինում նրանք պասիվ կյանք են վարել: Գոյություն ունեն սպորտի տեսակներ, որոնք մարզում են մկանները, և միաժամանակ անվնաս են թե մայրիկի, և թե փոքրիկի համար: Դրանք են յոգան, պիլատեսը (ֆիթնես մեթոդիկա), ֆիտբոլը (գնդակով աերոբիկա), հատուկ հղիների համար մշակված վարժությունների համալիրները:
Այսպիսի մարզումները ոչ միայն կաշխատեցնեն գլխավոր մկանային խմբերը, այլև կսովորեցնեն ճիշտ շնչել, կհաղորդեն առույգություն և կկարգավորեն հուզական վիճակը:
Բազմաթիվ հղի կանայք են զգում ծանրաբեռնվածություն ողնաշարի վրա, ցավեր մեջքի շրջանում: Հատուկ հղիների համար մշակված յոգայի ծրագրերը կօգնեն հեռացնել մկանային սպազմը, կսովորեցնեն ինչպես ճիշտ շնչել ծննդաբերության ժամանակ և ինչպես լարել մկանները, որպեսզի օգնեք փոքրիկին առանց բարդությունների լույս աշխարհ գալ: Առհասարակ, յոգան բարելավում է օրգանիզմի ընդհանուր առողջական վիճակը:
Այնուամենայնիվ, որքան էլ, որ ձգտեք պահպանել մարմնակազմությունը և ցանկանաք ակտիվ կյանք վարել, հիշեք, որ կարևորը երեխան է, և սպորտով զբաղվելու որոշումը պետք է պարտադիր համաձայնեցնել գինեկոլոգի հետ: Խորհրդակցեք բժշկի հետ և պարզեք, թե ինչն է ձեզ թույլատրելի:
Կարդացեք՝ Կարելի՞ է սպորտով զբաղվել դաշտանի օրերին:
Նմանատիպ նյութեր

Յոգա. մայրիկի և աղջնակի նկարները գերել են ամբողջ աշխարհին

Կեգելի վարժությունները հղիության ընթացքում

Տրատակա․ յոգա լավ տեսողություն ունենալու համար

Շնչառական մարզանք սթրեսի դեմ

Ողնաշարի լարվածությունը թոթափելու և խորը քունն ապահովելու 4 միջոց
