Վարակների հայտնաբերման հետազոտությունները հղիության ընթացքում

Վարակների հայտնաբերման հետազոտությունները հղիության ընթացքում

Հղիության ընթացքում հանդիպող ցանկացած վարակ խիստ վտանգավոր է, հատկապես՝ սուր վարակները: Ուստի ավելի լավ է օրգանիզմն ստուգել նախքան հղիությունը: Եթե չեք հասցրել անել դա, անհրաժեշտ է հետազոտվել հնարավորինս շուտ: Որո՞նք են հղիության ընթացքում ուսումնասիրվող վարակները:

TORCH-վարակների խումբ

Այս հետազոտությունը ներառում է միանգամից չորս վարակի ստուգում՝ տոքսապլազմոզ (toxoplasmosis), կարմրախտ (rubella), ցիտոմեգալավիրուս (cytomegalovirus) և հերպես (herpes infections): Սա պարտադիր կատարվող հետազոտություն է բոլոր կանանց համար, ովքեր պատրաստվում են մայրանալ:

Կարմրախտ։ Կարմրախտն ամենավտանգավոր վարակն է հղի կանանց համար: Եթե կինն այս վարակով հիվանդացել է մանկական տարիքում, ապա անհանգստանալու կարիք չկա: Նրա օրգանիզմում արտադրվում են պաշտպանիչ հակամարմիններ, որոնք չեզոքացնում են այդ վիրուսը, և եթե նույնիսկ այն կրկին հայտնվի արյան հոսքում, վարակն այլևս չի զարգանա: Եթե կինն այս վարակով չի հիվանդացել, ապա դրա հանդեպ իմունիտետ կարող է ձեռք բերել միայն պատվաստման միջոցով, սակայն այդ դեպքում հակամարմիններն ավելի քիչ են լինում: Հենց դրա համար է կատարվում այս հետազոտությունը, որպեսզի որոշվի՝ արդյո՞ք հակամարմինների քանակը բավարար է, որպեսզի վարակվելու դեպքում կարողանան պաշտպանել կնոջ և պտղի օրգանիզմը: Եթե հետազոտության արդյունքում պարզվի, որ հակամարմինների քանակը բավարար չէ, ապա անհրաժեշտ կլինի պատվաստում կատարել, իսկ արդեն հղի կանայք պետք է խիստ ուշադիր լինեն մարդկանց հետ շփվելիս, հատկապես երեխաների հետ, որպեսզի չվարակվեն: Պատվաստումից հետո երեք ամսվա ընթացքում չի թույլատրվում հղիանալ:

Տոքսոպլազմոզ։ Քաղաքային պայմաններում գլխավոր վարակակիրները կատուներն են: Սուր տոքսապլազմոզը հղիության ընթացքում կարող է հանգեցնել սաղմի զարգացման արատների: Եթե ապագա մայրիկը երբևէ շփում է ունեցել տոքսապլազմա մանրէների հետ, ապա նրա արյան մեջ պահպանվում են դրա հակամարմինները, ինչն ինքնին վտանգավոր չէ: Դատելով հակամարմինների տեսակից (M կամ G)՝ կարելի է որոշել՝ արդյո՞ք առկա է սրացում, թե ոչ: Սուր տոքսապլազմոզը բուժում է պահանջում: Հղիության երկրորդ եռամսյակից սկսած՝ բժիշկը կարող է նշանակել հակաբիոտիկներ, օրինակ՝ սպիրամիցին: Ավելի վաղ ժամկետներում տոքսապլազմոզի բուժումը վտանգավոր է հենց հակաբիոտիկների կողմնակի ազդեցությունների առումով և խիստ ուշադրություն է պահանջում:

Ցիտոմեգալավիրուսն առկա է գրեթե բոլոր մարդկանց օրգանիզմում, բայց մեծամասնության մոտ այն ոչ մի կերպ չի արտահայտվում: Սրացման շրջանում կարող է առաջացնել սուր շնչառական հիվանդությունների ախտանշաններ: Հղիների համար այն վտանգավոր է այնքանով, որ վիրուսի արագ բազմացումը հղիության վաղ ժամկետներում կարող է հանգեցնել վիժման:

Ավելի լավ կլինի ցիտոմեգալավիրուսի հետազոտություն անցնել նախքան հղիությունը: Այդ դեպքում, եթե բացահայտվի դրա մեծ քանակություն, կարելի է անցկացնել իմունախթանիչ դեղամիջոցներով բուժում (բժշկի նշանակմամբ), որպեսզի հղիանալիս արյունն արդեն զտված լինի վիրուսից: Հերպեսը պասիվ վիճակում առկա է մարդկանց գրեթե 100%-ի օրգանիզմում: Այն վտանգավոր է դառնում, եթե սուր շրջանը համընկնում է ծննդաբերությանը: Այդ ժամանակ վարակվում է երեխան, և նրա կարող են զարգանալ տարատեսակ օրգանների հերպեսային ախտահարումներ՝ սկսած աչքերից մինչև ուղեղ: Եթե չի հաջողվում հիվանդության սրացումը բուժել նախքան ծննդաբերությունը, սովորաբար նախապատվությունը տալիս են կեսարյան հատման եղանակով ծննդալուծման:

RW (syphilis RPR, միկրոպրեցիպիտացիայի ռեակցիա) հետազոտություն

Սա սիֆիլիսի հետազոտություն է: RW նշանակում է Վասերմանի ռեակցիա: Հետազոտության այս տարբերակն արդեն վաղուց հնացել է և դրա փոխարեն կիրառվում է RPR թեստ՝ միկրոպրեցիպիտացիայի ռեակցիա:

Հղիությունից առաջ սիֆիլիսի հետազոտություն պետք է անցնել մի քանի անգամ: Դա պայմանավորված է այն բանով, որ շիճուկաբանական հետազոտությունը կարող է կեղծ դրական արդյունք տալ, այսինքն վարակը կա, բայց դրա կլինիկական հայտնաբերում չկա:

Հետազոտության արդյունքները երկու տեսակ են լինում՝ դրական ռեակցիա և բացասական ռեակցիա: Դրականը ցույց է տալիս դժգույն տրեպոնեմայի հակամարմինների հայտնաբերում: Դա սիֆիլիսի հարուցիչ բակտերիան է: Արդյունքները հաստատելու համար կատարվում է լրացուցիչ՝ ավելի հստակ իմունաֆերմենտային հետազոտություն   (EIA IgG/IgM հակածինների նկատմամբ հակամարմիններ, Treponema pallidum IgG/IgM, anti- Treponema pallidum IgG/IgM, Syphilis TP EIA):

Երբեմն կարող են հանդիպել RW կամ RPR հետազոտության կեղծ դրական արդյունքներ որոշ վիրուսային հիվանդությունների ժամանակ, ինչպես նաև այն հանձնելու նախօրեին ալկոհոլի կամ ճարպային սննդի ընդունման պատճառով: Ցանկցած դեպքում դրական արդյունքերից հետո անհրաժեշտ է իմունաֆերմենտային հետազոտություն կատարել: Եթե պատահաբար հայտնաբերվել է RW կամ RPR դրական արդյունք, իսկ հետագա հետազոտությունները չեն հաստատում սիֆիլիսի առկայությունը, ապա անհրաժեշտ է դրա մասին տեղեկանք վերցնել մաշկաբանության և սեռավարակաբանության բաժանմունքից, որպեսզի ծննդաբերության ժամանակ խնդիրներ չառաջանան:

Հեպատիտ B և հեպատիտ C (HB,HCV)

Սրանք հեպատիտի ամենագլխավոր հետազոտություններն են: Եթե դրանց արդյունքը դրական է լինում, նշանակվում է հեպատիտի հստակեցման լրացուցիչ հետազոտություն: Նրանք, ովքեր պատվաստվել են հեպատիտ B-ի դեմ, կարող են ունենալ HB հետազոտության դրական արդյունք: Այնպես որ՝ հարկավոր է բժշկին պարտադիր տեղեկացնել պատվաստված լինելու մասին: Կասկածի դեպքում անհրաժեշտ է կրկնել հետազոտությունը:

Հեպատիտի բացահայտման դեպքում անհրաժեշտ է դիմել բժիշկ-վարակաբանի և ստանալ համապատասխան բուժում: Հեպատիտը շատ լուրջ հիվանդություն է, որ կարող է փոխանցվել մորից երեխային և վարակել նրան դեռ արգանդում: Դիմեք մասնագետի, ուշադիր հետևեք նրա ցուցումներին, և ձեր փոքրիկը կլինի առողջ: Որոշ դեպքերում հեպատիտով հիվանդներին չեն թույլատրում բնական ճանապարհով ծննդաբերել և կատարում են կեսարյան հատում, որպեսզի խուսափեն երեխային վարակելուց:

Սեռավարակներ

Սեռավարակների հայտնաբերման համար քսուք վերցնում են հեշտոցից: Այդ եղանակով ստուգում են գոնորեան, քլամիդիոզը, ուրեապլազմոզը, միկոպլազմոզը և այլն: Սեռավարակները հաճախ են դառնում պտղի հիվանդությունների կամ վիժման պատճառ: Դրանց առկայության դեպքում անհրաժեշտ է բուժում ստանալ մասնագետի հսկողության ներքո:

ՄԻԱՎ

ՄԻԱՎ-դրական կանանց արգելված չէ հղիանալ և ծննդաբերել: Պտղի ներարգանդային վարակման վտանգը 30% է: Սքրինինգային թեստը կատարվում է իմունաֆերմենտային հետազոտության մեթոդով: Դրական արդյունքի դեպքում արյունն ուղարկում են իմունաբլոտ հետազոտության: Եթե դա հաստատվում է, նշանակում է ՄԻԱՎ վարակը գրեթե 100% առկա է: Կնոջը բուժում են հակավիրուսային դեղամիջոցներով (հակառետրովիրուսային թերապիա): Անհրաժեշտ է խիստ հետևել բժշկի հրահանգներին, ընդունել նրա նշանակումները, որպեսզի ձեր երեխան առողջ լույս աշխարհ գա:

Ուտելիքներ որոնք խորհուրդ չի տրվում կամ արգելված է ուտել հղիության ընթացքում

Ուտելիքներ որոնք խորհուրդ չի տրվում կամ արգելված է ուտել հղիության ընթացքում

Հղիության ընթացքում կան որոշ ուտելիքներ, որոնք խորհուրդ չի տրվում կամ արգելվում է ուտել…

Կարելի՞ է զբաղվել անալ սեքսով հղիության ժամանակ

Կարելի՞ է զբաղվել անալ սեքսով հղիության ժամանակ

Այս պրակտիկան…

Կարո՞ղ է ինքնաբավարարումը խանգարել հասնել օրգազմի զուգընկերային սեքսի ժամանակ

Կարո՞ղ է ինքնաբավարարումը խանգարել հասնել օրգազմի զուգընկերային սեքսի ժամանակ

Շատ գիտնականներ համաձայն են, որ ինքնաբավարարումը…

Պրոպոլիսը կոկորդի ցավի դեպքում

Պրոպոլիսը կոկորդի ցավի դեպքում

Պրոպոլիսը կպչուն նյութ է, որը կազմված է ծաղկափոշուց, յուղերից և մոմից, որով մեղուները