Գեստոզի բուժումը և կանխարգելումը

Գեստոզի բուժումը և կանխարգելումը

Վաղ գեստոզի հիմնական ախտանշանները՝ սրտխառնոցը, թքարտադրությունը և փսխումը կարելի է պարզապես փորձել հաղթահարել: Որոշ կանանց այդ հարցում օգնում է առավոտյան՝ քաղցած ժամանակ կիտրոնով ջուր խմելը: Եթե սրտխառնոցը մշտական է, իսկ փսխումը՝ հազվադեպ, ապա կարելի է այն մեղմել նանայով, կիտրոնով կամ մեղվախոտով (мелисса) թեյի, մրգային ըմպելիքների, հյութերի օգտագործմամբ: Առավոտյան լավ կլինի նախաճաշել՝ ուտելով կաթնաշոռ, պանիր կամ այլ կաթնամթերք։ Կարելի է կիրառել բերանի խոռոչի ողողման համար երիցուկի, եղեսպակի (շալֆեյի) թուրմ: Առատ թքարտադրության դեմ կարելի է ողողում կատարել կաղնու կեղևի թուրմով կամ ըմպել հազարաթերթիկի թուրմ՝ ուտելուց 10 րոպե առաջ և դրանից 2 ժամ անց: Եթե ոչինչ չի օգնում ազատվել չդադարող սրտխառնոցից, ապա լավ կլինի դիմել բժշկի, որպեսզի չվտանգվի մոր և մանկան առողջությունը: Այս երևույթը դիտվում է հղի կանանց 50-60%-ի դեպքում, իսկ բուժման կարիք է զգում նրանց միայն 8-10%-ը:

Կարդացեք՝ Գեստոզի ախտանշանները և զարգացման փուլերը

Պետք է հիշել, որ փսխումների դեպքում շատ կարևոր է հեղուկ ընդունելը: Դեղորայքային բուժումը՝ այդ թվում և հոմեոպաթիկ միջոցների կիրառումը պետք է կատարվի բժշկի նշանակմամբ և նրա հսկողությամբ: Եթե հղիության առաջին կեսին դիտվող գեստոզի բուժումն արդյունք չի տալիս 6-12 ժամվա ընթացքում, և նրա ընդհանուր վիճակը վատթարանում է (զարգանում է լյարդային սուր անբավարարություն կամ լյարդի սնուցախանգարում), ապա ցուցվում է հղիության արհեստական ընդհատում:

Ուշ գեստոզի բուժումը ներառում է հետյալը։ Առողջության պահպանման ռեժիմի մշակում: Կախված գեստոզի ընթացքի ծանրությունից՝ կարող է նշանակվել անկողնային ռեժիմ: Բացառվում են հուզական անհանգստությունները և բարձր ձայները: Որպես բուժման պարտադիր բաղադրիչ խորհուրդ է տրվում կնոջ հետ անցկացնել հոգեթերապևտիկ աշխատանքներ: Անհրաժեշտության դեպքում բժիշկը կնշանակի հանգստացնող միջոցներ (թեթև ընթացող գեստոզի դեպքում՝ կատվախոտ (վալերիանա), առյուծագի (пустырник), իսկ ծանրի դեպքում՝ ավելի ուժեղ ազդեցությամբ դեղամիջոցներ):

Հղի կնոջ ճիշտ սնման ռեժիմ: Սնունդը պետք է լինի բազմազան, վիտամիններով հարուստ, դյուրամարս, ածխաջրերի սահմանափակ քանակությամբ և սպիտակուցների, մրգեր ու բանջարեղենի, հյութերի բավարար քանակությամբ: Երբեմն խորհուրդ է տրվում սնունդն ընդունել անկողնում՝ փոքր չափաբաժիններով և սառը վիճակում: Խորհուրդ չի տրվում օրեր հատկացնել օրգանիզմի բեռնաթափմանը: Պետք չէ մոռանալ հեղուկի մասին:

Դեղորայքային բուժում: Այն նշանակվում է հղի կնոջ օրգանների ֆունկցիայի կարգավորման և պտղի թթվածնաքաղցի կանխարգելման նպատակներով: Միզամուղ դեղամիջոցներ չեն կիրառվում, քանի որ դրանք նվազեցնում են արյան հոսքի ծավալը, ինչը կարող է վատթարացնել ընկերքային արյան շրջանառության՝ գուցե արդեն առկա խանգարումները: Դրանց միակ ցուցումները համարվում են թոքերի այտուցը և սրտային անբավարարությունը: Նշանակվում է վիտամին B, C, E, արգանդաընկերքային արյան շրջանառությունը բարելավող և անոթային պատի թափանցելիությունն ու զարկերակային ճնշումը նվազեցնող և այլ դեղամիջոցներ:

Գեստոզի բուժման տևողությունը որոշվում է անհատապես՝ կախված դրա ընթացքի ծանրությունից, կնոջ և պտղի վիճակից: Ջրգողությամբ ընթացող 1-ին աստիճանի գեստոզի բուժումը կատարվում է ամբուլատոր պայմաններում, իսկ մյուս բոլոր դեպքերում կինը պետք է բուժվի ստացիոնար պայմաններում: Բուժման հաջողության գլխավոր պայմանը այն ժամանակին և գրագետ անցկացնելն է:

Մինչև հղիության 36 շաբաթական շրջանում և թեթև կամ միջին ծանրությամբ ընթացող գեստոզի դեպքում հնարավոր է պահպանել հղիությունը, և դա կախված է բուժման ադյունավետությունից: Այսպիսի իրավիճակում անհրաժեշտ բժշկական զննումները կատարվում են ստացիոնար պայմաններում: Մոր կամ պտղի կլինիկական վիճակի վատթարացման, լաբորատոր անալիզների վատ արդյունքների դեպքում ցուցվում է շտապ ծննդալուծում: Եթե արդյունքները դրական են, ապա շարունակվում է բուժումը ստացիոնար պայմաններում: Բժշկական զննումները ներառում են՝

  • զարկերակային ճնշման վերահսկում՝ օրական 5-6 անգամ, 
  • մարմնի քաշի վերահսկում, 
  • ընդունվող և օրգանիզմից դուրս բերվող հեղուկի ամենօրյա վերահսկում,
  • մեզում սպիտակուցի պարունակության վերահսկում,
  • արյան և մեզի ընդհանուր հետազոտություն յուրաքանչյուր 5-րդ օրը,
  • ակնաբույժի զննումներ,
  • պտղի վիճակի մշտական մոնիթորինգ։

Ծննդալուծման տեսակը և ժամանակը որոշվում է կնոջ և պտղի վիճակից ելնելով: Ավելի նախընտրելի է բնական եղանակով ծննդալուծումը, սակայն դրա համար կան անհրաժեշտ պայմաններ՝ երեխայի գլխային առաջադրություն, պտղի գլխի և մոր կոնքի չափերի համապատասխանություն, արգանդի պարանոցի հասունացում և այլն: Գեստոզի ժամանակ նվազում է մոր և պտղի օրգանիզմի սթրեսակայունությունը, և ծննդալուծումը նրանց համար դառնում է սթրեսային: Ծննդաբերության ժամանակ ցանկացած պահի կինը կարող է տուժել ճնշման կտրուկ բարձրացումից: Դա կարող է հանգեցնել ծննդաբերության ընթացքում էկլամպսիայի զարգացման, գլխուղեղային արյան շրջանառության խանգարման: Այսպիսի դեպքերում ծննդալուծումն ընթանում է կեսարյան հատման եղանակով:

Վաղաժամ ծննդալուծումը կեսարյան հատման եղանակով ցուցվում է հետևյալ դեպքերում՝

  • էկլամպսիա, դրա բարդացում,
  • գեստոզի բարդություններ՝ երիկամային սուր անբավարարություն, կոմա, ցանցաթաղանթի շերտազատում, արյունազեղում ցանցաթաղանթում, գլխուղեղում, ընկերքի վաղաժամ շերտազատում, սուր ճարպային հեպատոզ, HELLP- համախտանիշ (լյարդի համակցված ախտահարում և հեմոլիտիկ անեմիա նեֆրոպաթիայի դեպքում) և այլն,
  • պրեէկլամպսիա, գեստոզի ծանր ընթացք արգանդի չհասունացած պարանոցի դեպքում,
  • գեստոզ, որն ուղեկցվում է մանկաբարձական այլ պաթոլոգիայով,
  • երկարաժամկետ գեստոզ (առավել քան 3 շաբաթ տևողությամբ)։

Գեստոզի կանխարգելումը

Գեստոզի կանխարգելման համար անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել դեռ հղիության պլանավորման փուլում: Հարկավոր է մասնագետի մոտ զննում անցնել՝ պաթոլոգիաների բացահայտման նպատակով և դրանց առկայության պարագայում կատարել անհրաժեշտ բուժումներ: Նաև հարկավոր է ազատվել վատ սովորություններից, այսինքն՝ նախօրոք պատրաստվել բեղմնավորմանը:

Արդեն հղիության ընթացքում գեստոզի կանխարգելման համար գոյություն ունեն հետևյալ միջոցները․

  • Բավարար քուն (օրական 8-9 ժամ), հանգիստ, սահմանափակ ֆիզիկական ծանրաբեռնվածություն, սթրեսային իրավիճակների բացառում և ընտանիքում դրական հոգեհուզական միջավայրի պահպանում: Սրանք կարևորագույն պայմաններն են հիվանդության կանխարգելման համար: 
  • Շնչառական վարժությունները, հատուկ բուժական ֆիզկուլտուրան, պարանոցային և գլխային հատվածի մերսումը թույլ կտան կարգավորել գլխուղեղի կենտրոններում արգելակման և գրգռման գործընթացները և բարելավել արյան հարստացումը թթվածնով: Կօգնեն նաև լողը, յոգան և թարմ օդում երկարատև զբոսանքները: 
  • Կարևոր է, որ ընտանիքում բոլոր անդամները հասկանան հղի կնոջ վիճակը և փորձեն մեղմացնել այն: Օրինակ, եթե կնոջն այս շրջանում գրգռում են սուր բույրերը (սուրճի, սոխի, սխտորի և այլն), ապա կարելի է չօգտագործել դրանք:
  • Արթնանալիս անհրաժեշտ է դանդաղ վեր կենալ անկողնուց՝ առանց կտրուկ շարժումների: Նույնիսկ սրտխառնուքի բացակայության պարագայում կարելի է դեռ պառկած վիճակում մի փոոքր կտոր սև հաց ուտել կամ կիվի, կիտրոն, երիցուկի թուրմ և այլն: 
  • Սնունդը պետք է լինի հարուստ, բայց դա չի նշանակում, որ կարելի է ուտել ամեն բան անսահմանափակ քանակությամբ: Օրվա ընթացքում անհրաժեշտ է սնունդն ընդունել փոքր չափաբաժիններով, բայց ավելի հաճախ: Սնունդը պետք է լինի ոչ շատ տաք, և ոչ էլ շատ սառը:

Անհրաժեշտ է սննդակարգից բացառել տապակած, ճարպային, պահածոյացված, ապխտած ուտեստները, թթուները, շոկոլադը: Լավ կլինի սահմանափակել կամ նույնիսկ բացառել քաղցրավենիքը, թխվածքները, պաղպաղակը: Կարևոր է նաև աղի սահմանփակ օգտագործումը: Օգտակար է ուտել շիլաներ՝ վարսակաձավարի, հնդկաձավարի և այլ:

Զարգացող պտղին անհրաժեշտ է սպիտակուց, այնպես որ հղի կինը պետք է ընդունի սպիտակուցներով հարուստ սնունդ՝ ոչ ճարպոտ միս (տավարի, հորթի, հավի), ձու, ձուկ, կաթնաշոռ: Եթե կինն արդեն ունի գեստոզ, ապա սպիտակուցների պահանջն օրգանիզմի կողմից մեծանում է, քանի որ նրա որոշակի քանակություն դուրս է գալիս մեզի հետ: Օրգանիզմին վիտամիններով կարող են ապահովել մրգերն ու հատապտուղները, չրերի և մասուրի եփուկներ, լոռամրգի հյութը: Պետք չէ մոռանալ նաև բջջանյութի մասին, որն առաջացնում է հագեցվածության զգացողություն և հրաշալի միջոց է փորկապության կանխարգելման համար: Այն առավել մեծ քանակությամբ պարունակվում է բանջարեղեններում (գազար, ճակնդեղ), մրգերում և չրեղենում, սնկերում, կաղամբում, հացահատիկային թեփում, կանաչեղենում:

  • Օրական ընդունվող հեղուկի քանակությունը պետք է լինի ոչ պակաս, քան 2 լ.: Այդ ծավալի մեջ մտնում է և՛ կաթը, ապուրները, և՛ մրգահյութերը: Կարելի է խմել հիմնային հանքային ջրեր՝ ոչ գազավորված, անանուխով թեյ: 
  • Անհրաժեշտ է մշտապես հետևել քաշի ավելացմանը, վերահսկել այն: Հղիության 28 շաբաթներից հետո քաշի շաբաթական ավելացումը պետք է կազմի միջինում 350 գրամ, և չգերազանցի 500 գրամը: Ամբողջ հղիության ընթացքում կինը պետք է քաշն ավելացնի ոչ ավել, քան 12 կգ: Քաշի ավելցուկը կամ արագորեն գիրանալը հանգեցնում է այտուցների առաջացման: 
  • Այտուցների առաջացմանը նպաստում է նաև մեզի հոսքի դժվարացումը: Կանգնած դիրքում արգանդը ճնշում է միզուղիները և դրանով խանգարում մեզի ազատ հոսքը: Այդ պատճառով բժիշկները խորհուրդ են տալիս կանանց օրական 3-4 անգամ 10 րոպե անցկացնել չորեքթաթ դիրքում, կարելի է բարձ դնել կրծքի տակ: Այս դիրքում մեզի հոսքը բարելավվում է: 
  • Այտուցների կանխարգելման նպատակով խորհուրդ է տրվում խմել երիկամների համար նախատեսված թեյեր, լոռամրգի, մասուրի, արջախաղողի տերևների եփուկ: Կարելի է կիրառել այնպիսի բուսական դեղամիջոցներ, ինչպիսիք են ցիստոնը, կանեֆրոնը, ցիստենալը: 
  • Երբեմն բժիշկները նշանակում են մագնիում պարունակող դեղամիջոցներ, վիտամին Eՙ, խոֆիտոլ (նպաստում է լյարդում արտադրվող, անոթները քայքայող նյութերի ապաակտիվացմանը), կուրանտիլ (բարելավում է ընկերքի արյան շրջանառությունը և հանդիսանում է գեստոզի զարգացման համար կանխարգելիչ միջոց) և այլն:

Կանխատեսումներ

Եթե կնոջ առաջին հղիությունն ընթացել է գեստոզով, դա դեռ չի նշանակում, որ կարելի է հստակ կանխատեսումներ անել հաջորդող հղությունների ընթացքի վերաբերյալ: Յուրաքանչյուր դեպք անհատական է: Այնուամենայնիվ այդ կանայք հայտնվում են վտանգավոր գոտում, և շատ կարևոր է, որ նրանց հաջորդ հղիությունների հենց սկզբից անցկացվեն բժշկական մանրազնին ստուգումներ և հսկողություն: Բժիշկները խորհուրդ են տալիս երկրորդ հղիության համար սպասել 3-5 տարի, քանի որ կարճ ժամանակ անց հղիանալը մեծացնում է գեստոզի առաջացման վտանգները: Գեստոզի զարգացումից ոչ մի կին ապահովագրված չէ: Սակայն եթե ճիշտ նախապատրաստվեք բեղմնավորմանը, ժամանակին դիմեք բժկի, կատարեք նրա խորհուրդներն ու հրահանգները, կանոնավոր այցելեք բոլոր զննումներին, ապա կկարողանաք նվազագույնի հասցնել գեստոզի զարգացման հավանականությունը:

Նորածինների մոտ առկա որոշակի տարօրինակություններ, որոնք առաջին հայացքից կարող են վախեցնել անփորձ ծնողներին

Նորածինների մոտ առկա որոշակի տարօրինակություններ, որոնք առաջին հայացքից կարող են վախեցնել անփորձ ծնողներին

Ծնվելուց հետո առաջին չորս շաբաթվա ընթացքում երեխայի օրգանիզմը ներարգանդային կյանքից անցում է կատարում դեպի հետծննդյան շրջան

Ինչպե՞ս հեռացնել սպիները էպիզիոտոմիայից  (շեքահատում) և ծննդաբերական այլ վնսվածքներից հետո

Ինչպե՞ս հեռացնել սպիները էպիզիոտոմիայից (շեքահատում) և ծննդաբերական այլ վնսվածքներից հետո

Հետծննդաբերական նույնիսկ փոքր սպին կարող է վատթարացնել սեռական կյանքի որակը

Ի՞նչ է հարկավոր վերցնել Ձեզ հետ ծննդատուն գնալիս

Ի՞նչ է հարկավոր վերցնել Ձեզ հետ ծննդատուն գնալիս

Առանձին թղթապանակում հարկավոր է հավաքել բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը և դրանց կրկնօրինակները

Ճիշտ շնչառությունը ծննդաբերության ընթացքում

Ճիշտ շնչառությունը ծննդաբերության ընթացքում

Ծննդաբերության ընթացքում ճիշտ շնչառությունը հեշտացնում է կծկանքների ընթացքը և բարելավում է մայրիկի և երեխայի ինքնազգացողությունը: