Կնոջ օրգանիզմի փոփոխությունները հղիության ընթացքում

Կնոջ օրգանիզմի փոփոխությունները հղիության ընթացքում

Հղիության ընթացքում կնոջ օրգանիզմում տեղի են ունենում ֆիզիոլոգիական զգալի փոփոխություններ, որոնք ապահովում են պտղի բնականոն զարգացումը, նախապատրաստում են օրգանիզմը ծննդաբերությանը և կերակրմանը: Այդ դժվարին շրջանում կնոջ օրգան-համակարգերի ծանրաբեռնվածությունն զգալիորեն մեծանում է, ինչը կարող է հանգեցնել քրոնիկական հիվանդությունների սրման և բարդությունների առաջացման:

Հենց այդ պատճառով խորհուրդ է տրվում հնարավորինս շուտ դիմել կանանց խորհրդատվության և հանձնել հետազոտությունների նմուշներ: Այդ կերպ դուք կկարողանաք ընտրել համապատասխան կանխարգելիչ միջոցներ և ճիշտ նախապատրաստվել ծննդաբերությանը:

Սիրտ

Հղիության ընթացքում հատկապես մեծանում է սրտանոթային համակարգի ծանրաբեռնվածությունը, քանի որ օրգանիզմում ավելանում է լրացուցիչ՝ ընկերքային արյան շրջանառություն: Արյան հոսքն այստեղ այնքան մեծ է, որ յուրաքանչյուր րոպե ընկերքի միջով անցնում է 500 մլ արյուն: Առողջ կնոջ սիրտը հղիության ընթացքում հեշտությամբ կարողանում է հարմարվել այս լրացուցիչ ծանրաբեռնվածությանը՝ մեծացնելով սրտամկանի զանգվածը և սրտի՝ արյան մղումը: Քանի որ աստիճանաբար աճում է պտղի՝ սննդանյութերի, թթվածնի և կառուցողական նյութերի հանդեպ պահանջը, այն բավարարելու համար կնոջ օրգանիզմում սկսում է մեծանալ արյան ծավալը՝ իր գագաթնակետին հասնելով հղիության 7-րդ շաբաթում: Կնոջ օրգանիզմում այժմ շրջանառվում է ոչ թե 4000 մլ, այլ 5300-5500 մլ արյուն: Սրտի խնդիրներ ունեցող կանանց այսպիսի ծանրաբեռնվածությունը կարող է հանգեցնել բարդությունների, այդ պատճառով էլ նրանց խորհուրդ է տրվում հղիության 27-28-րդ շաբաթներում տեղափոխվել մասնագիտացած ծննդատուն:

Զարկերակային ճնշում

Բնականոն ընթացող հղիության դեպքում զարկերակային ճնշումը գրեթե չի փոփոխվում: Նույնիսկ հակառակը՝ եթե կինը նախքան հղիությունը կամ դրա վաղ ժամկետներում ճնշման բարձրացում էր ունենում, ապա հղիության կեսերին այն սովորաբար կարգավորվում է և պահպանվում է 100/60-130/85 մմ սնդիկի սյան սահմաններում: Դա պայմանավորված է պրոգեստերոն հորմոնի ազդեցությամբ ծայրամասային արյունատար անոթների տոնուսի նվազմամբ: Այնինչ հղիության վերջին եռամսյակում զարկերակային ճնշումը կարող է մեծանալ՝ հասնելով շատ բարձր ցուցանիշների (140/190 մմ սս և բարձր): Սա համարվում է գեստոզի նշաններից մեկը: Այս իրավիճակը շատ վտանգավոր է և հնարավոր է պահանջի անհապաղ ծննդալուծում:

Թոքեր

Հղիության ընթացքում, ինչպես նշվել է, կնոջ օրգանիզմի պահանջը թթվածնի հանդեպ մեծանում է, և դրա հետ կապված ընդլայնվում է նաև թոքերի աշխատանքը: Չնայած այն բանի, որ հղիության զարգացմանը համապատասխան ստոծանին վեր է բարձրանում և սահմանափակում է թոքերի շարժումները, նրանց աշխատանքը մեծանում է: Դա տեղի է ունենում կրծքավանդակի, ինչպես նաև բրոնխների ընդլայնման հաշվին: Հղիության ընթացքում ներշնչվող օդի ծավալի մեծացումը հեշտացնում է պտղի օգտագործած թթվածնի դուրսբերումը ընկերքի միջոցով: Շնչառության հաճախականությունը փոփոխությունների չի ենթարկվում՝ մնալով րոպեում 16-18 անգամ, իսկ հղիության վերջում կարող է մի փոքր արագանալ: Այդ պատճառով հևոցների և շնչառական համակարգի այլ խանգարումների դեպքում հղի կինը պետք է պարտադիր դիմի բժշկի:

Երիկամներ

Հղիության ընթացքում երիկամները գործում են մեծ ծանրաբեռնվածությամբ, քանի որ օրգանիզմից դուրս են հանում և՛ հղի կնոջ, և՛ նրա ապագա փոքրիկի նյութափոխանակության արգասիքները: Արտադրվող մեզի քանակությունը տատանվում է՝ կախված ընդունվող հեղուկի քանակից: Առողջ հղի կնոջ օրգանիզմի կողմից օրվա ընթացքում արտադրվում է միջինում 1200-1600 մլ մեզ, ընդ որում՝ դրանից 950-1200 մլ օրվա ընթացքում, իսկ մյուս մասը՝ գիշերը:

Պրոգեստերոն հորմոնի ազդեցության ներքո նվազում է միզապարկի տոնուսը, ինչը կարող է հանգեցնել մեզի լճացման: Այս պայմաններում հեշտանում է վարակների ներթափանցումը միզուղիներ, այդ պատճառով հղի կանայք հազվադեպ ունենում են պիելոնեֆրիտի (երիկամների ավազանի բորբոքում) սրացում: Միզատար ուղիների բորբոքման մասին է վկայում նաև մեզում լեյկոցիտների առկայությունը՝ ավելի քան 10-12 լեյկոցիտ տեսադաշտում:

Բացի այդ, հղիության ընթացքում արգանդը տեղաշարժվում է աջ, այդ պատճառով կարող է մի փոքր դժվարացնել աջ երիկամից մեզի հոսքը: Այս դեպքում մեծանում է հիդրոնեֆրոզի վտանգը, որը մեզի չափազանց մեծ քանակությամբ կուտակման հետևանքով երիկամային ավազանի և սկահակների լայնացումն է:

Մարսողական օրգաններ

Հղիության առաջին երեք ամիսների ընթացքում շատ հղի կանայք ունենում են փոփոխություններ մարսողական համակարգի հետ կապված․ առաջանում է առավոտյան սրտխառնոց և նույնիսկ փսխում, փոփոխվում են համային զգացողությունները, առաջանում է հակում անսովոր նյութերի հանդեպ՝ կավ, կավիճ: Սովորաբար այս երևույթներն անհետանում են հղիության 3-4 ամիսների ընթացքում, երբեմն՝ ավելի ուշ: Ընկերքի հորմոնների ազդեցության ներքո նվազում է աղիների տոնուսը, ինչը հաճախ հանգեցնում է փորկապության: Արգանդը վեր է հրում աղիները, ստամոքսը նույնպես վեր է բարձրանում և ճնշվում, ընդ որում՝ դրա պարունակությունը հաճախ կարող է դուրս մղվել կերակրափող և այրոցի առաջացման պատճառ դառնալ (հատկապես հղիության երկրորդ կեսին): Նման դեպքերում խորհուրդ է տրվում ընդունել անտացիդ դեղամիջոցներ ( օրինակ՝ մալոկս, ռեննի), ուտել քնելուց առնվազն 2 ժամ առաջ, իսկ անկողնում ավելի բարձր գլխատակով դիրք ընդունել:

Հղիության ընթացքում լյարդը նույնպես գործում է մեծ ծանրաբեռնվածությամբ, քանի որ ստիպված է նաև փոքրիկի համար վնասազերծել նյութափոխանակության արգասիքները:

Հոդեր

Հղիության ընթացքում որոշակի փոփոխություններ են առաջանում նաև հոդերում: Հատկապես շարժունակ է դառնում կոնքազդրային հոդը, ինչը հեշտացնում է պտղի անցումը ծննդաբերական ուղիներով: Երբեմն կոնքային հոդի շարժունակությունն այնքան արտահայտված է լինում, որ դիտվում է ցայլոսկրերի թեթև հեռացում: Այդ դեպքում առաջանում են ցավեր ցայլքի հատվածում և նույնիսկ քայլվածքի փոփոխություն: Դրա մասին անհրաժեշտ է տեղեկացնել բժշկին և ստանալ համապատասխան խորհրդատվություն:

Կաթնագեղձեր

Հղիության ընթացքում կաթնագեղձերը նախապատրաստվում են կերակրմանը: Նրանցում մեծանում է ծորանների, ճարպային հյուսվածքի քանակը, մեծանում է արյան մատակարարումը: Կաթնագեղձերը մեծանում են չափերով, պտուկները կոշտանում են:

Սեռական օրգաններ

Հղիության ընթացքում ամենամեծ փոփոխությունները տեղի են ունենում սեռական օրգաններում և գլխավորապես արգանդի հետ կապված: Վերջինս մշտապես մեծանում է չափերով, հղիության ավարտին արգանդի բարձրությունը կազմում է 35 սմ՝ 7-8-ի փոխարեն, զանգվածը 50-100 գրամից դառնում է 1000- 1200գ (առանց պտղի): Հղիության ավարտին արգանդի խոռոչը մեծացած է լինում մոտ 500 անգամ: Այս փոփոխությունները տեղի են ունենում ընկերքի ազդեցության ներքո արգանդի մկանաթելիկների չափերի մեծացման հաշվին: Արյունատար անոթերն ընդլայնվում են, քանակը մեծանում է, նրանք կարծես պարուրում են արգանդը:

Դիտվում են արգանդի անկանոն կծկումներ, որոնք հղիության ավարտին դառնում են ավելի ակտիվ և սեղմող: Սրանք կոչվում են Բրեքստոն-Հիքսի կծկումներ, որոնք նորմայում սկսում են դիտվել հղիության 30-րդ շաբաթից և համարվում են մարզումներ՝ ծննդաբերության իրական կծկումներից առաջ: Իր չափերին համապատասխան փոփոխվում է նաև արգանդի դիրքը: Հղիության 3-րդ ամսի ավարտին այն դուրս է գալիս կոնքի սահմաններից, իսկ ծննդաբերության մոտ ժամկետներում հասնում է կողատակեր: Արգանդը ճիշտ դիրքում մնում է կապանների օգնությամբ, որոնք հղիության ընթացքում հաստանում են և ձգվում:

Որովայնի կողային շրջաններում առաջացած ցավերը, հատկապես դիրքի փոփոխության ժամանակ, հիմնականում կապված են կապանների լարման հետ: Արտաքին սեռական օրգանների արյան մատակարարումն ուժգնանում է, հեշտոցում և սեռական շրթունքների վրա կարող է առաջանալ երակների վարիկոզ լայնացում (այդպիսի վարիկոզ երակներ կարող են առաջանալ նաև ստորին վերջույթներում և ուղիղ աղում):

Մարմնի զանգվածի ավելացում

Հղի կնոջ օրգանիզմում տեղի ունեցող ֆիզիոլոգիական փոփոխությունները և պտղի աճը հանգեցնում են կնոջ մարմնի զանգվածի փոփոխության: Առողջ կնոջ դեպքում հղիության ավարտին քաշն ավելանում է միջինում 9-12 կգ-ով: Սովորաբար հղիության առաջին կեսին քաշն ավելանում է 4կգ-ով, երկրորդ կեսին՝ 2 անգամ ավել: Մարմնի զանգվածի ամենօրյա ավելացումը մինչ հղիության 20-րդ շաբաթը կազմում է 300+/-30 գ, 21-30-րդ շաբաթների ընթացքում՝ 330+/-40 գ և 30-րդ շաբաթից մինչև ծննդաբերություն՝ 340+/-30 գ:

Մաշկ

Հղիության ընթացքում յուրաքանչյուր կին էլ անսահման երջանկություն է զգում, բայց միաժամանակ հորմոների տատանվող մակարդակի ազդեցության ներքո տեղի են ունենում կնոջ ֆիզիկական վիճակի փոփոխություններ, որոնք, կարելի է ասել, ապագա մայրիկի համար լավագույն ժամանակները չեն: Փոփոխվում է ամեն բան: Ամենամեծ և ոչ այնքան դրական փոփոխությունների ենթարկվում է մաշկը: Որոշ կանանց դեպքում հղիության ընթացքում մաշկը դառնում է ավելի չոր, մյուսներին էլ անհանգստացնում է մաշկի ցանը և քորը:

Այս ընթացքում շատերի մաշկի վրա առաջանում են փոքրիկ կանդիլոմաներ և պապիլոմաներ, իսկ ստորին վերջույթներում տհաճություններ են առաջ գալիս անոթային ցանցերի և երակների լայնացման տեսքով: Արյան շրջանառությունն ուժեղանում է, և ակտիվանում են քրտնագեղձերն ու ճարպագեղձերը: Դրա հետևանքով քրտնարտադրությունն ուժեղանում է, դեմքի մաշկը դառնում է ավելի յուղոտ: Այս ամենը տեղի է ունենում էստրոգեն և պրոգեստերոն հորմոնների ազդեցության ներքո: Այնպես որ՝ այս փոփոխությունները ժամանակավոր բնույթ են կրում, և ծննդաբերությունից հետո մաշկը զգալիորեն բարելավվում է:

Մաշկի պիգմենտավորումը

Հղիության ընթացքում դեմքի մաշկի վրա կարող են առաջանալ պիգմենտային բծեր կամ պեպեններ: Եթե նկատել եք, որ հղիության ընթացքում ձեր մաշկը ծածկվում է բաց շագանակագույն բծերով ճակատի և թշերի հատվածում, կամ եթե մաշկի գունավորումները մգանում են (պտուկները, խալերը), մի շտապեք կիրառել տարատեսակ սպիտակեցնող միջոցներ: Ինչպես արդեն նշվեց վերևում, երեխայի ծնունդից հետո այս երևույթները կանհետանան: Պարզապես փորձեք խուսափել արևի ուղիղ ճառագայթներից՝ գլխարկներ կրեք, օգտագործեք արևապաշտպան քսուքներ: Հարկ է նշել, որ թխամաշկ կանայք, ի տարբերություն բաց գույնի մաշկով կանանց, ավելի հակված են նմանատիպ խնդիրների:

Մաշկի չորությունը և զոլերի ի հայտ գալը

Հղի կանանց մեկ երրորդի դեպքում դիտվում է դեմքի և մարմնի մաշկի ավելորդ չորություն: Դա կապված է այն բանի հետ, որ հղիության ընթացքում արգանդում պտղին պաշտպանող պրոգեստերոն հորմոնը ճնշում է էստրոգենների արտադրությունը, որոնք էլ պատասխանատու են առողջ մաշկի համար: Հղիության ընթացքում չոր մաշկի դեմ պայքարելու լավագույն միջոցն այն հնարավորինս շատ խոնավեցնելն է: Լվացեք մաշկը գոլ ջրով: Դիմահարդարումը մաքրելիս օգտագործեք շպարը հեռացնելու համար նախատեսված հատուկ կոսմետիկ միջոցներ, որոնց մնացորդները պետք չէ հեռացնել ջրով, փոխարենը օգտագործեք բամբակյա բարձիկներ: Մաշկի չափազանց չոր լինելու դեպքում խորհուրդ չի տրվում այն լվանալ օճառով: Մաշկի սնուցման համար օգտագործեք վիտամիններ պարունակող խոնավացնող քսուք: Այն կօգնի երկար պահպանել մաշկի խոնավությունը: Այնուամենայնիվ, խնամքի միջոցներ ընտրելիս հիշե՛ք ձեր կարգավիճակի մասին և ձեռք բերեք այնպիսի քսուքներ, որոնք պարունակում են բնական ծագման բաղադրիչներ: Չոր մաշկի համալիր խնամքի մեթոդներ կարող է խորհուրդ տալ համապատասխան մասնագետը: Խորհրդատվության համար այցելեք կոսմետոլոգի կամ բժիշկ-մաշկաբանի:

Առաձգականության կորստի պատճառով կրծքի, որովայնի և ազդրերի հատվածի մաշկը լայնանում է և առաջանում են այսպես կոչված հղիության զոլեր: Հղիության ընթացքում դրանք սովորաբար ունենում են վարդագույն, մանուշակագույն գունավորում: Ցավոք, ծննդաբերությունից հետո դրանք ամբողջությամբ չեն անհետանում, այլ պարզապես դառնում են քիչ տեսանելի: Հղիության ընթացքում զոլերի առաջացման գլխավոր պատճառ է հանդիսանում ժառանգականությունը: Բայց կարելի է փորձել կանխարգելել դրանց առաջացումը ճիշտ սննդակարգով (սպիտակուցներ, բանջարեղեն ու մրգեր) և հղիների համար նախատեսված հատուկ ներքնազգեստ կրելով: Անհրաժեշտ է հիշել, որ հենց չոր մաշկը կարող է հղիության ընթացքում դառնալ զոլերի առաջացման պատճառ: Վերջիններս առողջության համար որևէ վնաս չեն ներկայացնում, անցավ են և անհարմարություն չեն պատճառում կնոջը: Եթե երեխայի ծնունդից մի քանի տարի անց դուք դեռ չեք կարողանում հարմարվել հղիության զոլերի առկայությանը, ապա իմացեք, որ ժամանակակից տեխնոլոգիաների այս դարաշրջանում արդեն մշակել են դրա դեմ պայքարի միջոցներ՝ օրինակ՝ օզոնաթերապիա:

Մաշկային քոր

Այն նույն պրոգեստերոնի պատճառով հղիության ընթացքում կնոջը կարող է անհանգստացնել նաև մաշկային քորը: Ընդ որում՝ այն կարող է դիտվել հղիության ամբողջ ընթացքում կամ հայտնվել ժամանակ առ ժամանակ: Սովորաբար քորն արտահայտվում է երեկոյան ժամերի: Մաշկային քորի առաջացմանը կարող են նպաստել և՛ զոլերը, և՛ կնոջ ավելորդ քաշը, ինչպես նաև լյարդի քրոնիկական հիվանդությունները: Հետևեք քորի առաջացմանը: Եթե այն առաջանում է զոլերի հատվածում և հատկապես տաք լոգանք ընդունելուց հետո, ապա քորը մեղմելուն կօգնի ցանկացած յուղոտ կրեմ, ինչպես նաև գոլ ջրով հաճախակի լոգանքները: Մաշկային քորի այլ պատճառներ կարող են լինել՝

  • լյարդի ֆունկցիոնալ խանգարումներ՝ դիտվում են հղիության երրորդ եռամսյակում, քորից զատ կարող են նկատվել վերջույթներից տարածվող կարմրածություն,
  • լեղականգ (խոլեստազ), որն հայտ է գալիս հղիության վերջին ամիսներին, բավականին հազվադեպ երևույթ է,
  • մաշկային հիվանդություններ՝ սունկ, պսորիազ, էկզեմա,
  • ալերգիա կենցաղային քիմիական նյութերից, ցիտրուսային մրգերից, ծովային ուտեստներից,
  • հեշտոցային քորի առաջացման պատճառ կարող են լինել հղի կնոջ հեշտոցի միկրոֆլորայի փոփոխությունները։

Դեմքի, մարմնի և սեռական օրգանների շրջանում մաշկային քորի ցանկացած արտահայտման դեպքում հղի կինը պետք է պարտադիր դիմի բժշկի, ով կբացահայտի դրա առաջացման իրական պատճառը և կնշանակի համապատասխան բուժում:

Հղիության ընթացքում անհրաժեշտ է առավել ուշադիր հետևել առողջությանը, քանի որ դրա վիճակից է կախված նաև ապագա փոքրիկի առողջությունը: Ուշադրություն դարձրեք մաշկիփոփոխություններին: Այն առողջ պահելու համար անհրաժեշտ է հետևողական լինել հղիության ամբողջ ընթացքում: Մաշկի տհաճ փոփոխություններից խուսափելուն կօգնի ընդհանուր խնամքը՝ ճիշտ սնվելը և առողջ ապրելակերպը:

Այսպիսով՝ հղիությունը տարատեսակ անակնկալներ է մատուցում, և յուրաքանչյուր կին փոքրիկին լույս աշխարհ բերելու իր գինն է վճարում: Եվ թող բոլորի համար ամենաթանկ վճարը լինեն այսպիսի երևույթները, որոնք միևնույնն է չեն փոխարինի մայրանալու երջանկությանը:

Հղիության ընթացքում կնոջ օրգանիզմում տեղի են ունենում ֆիզիոլոգիական զգալի փոփոխություններ, որոնք ապահովում են պտղի բնականոն զարգացումը, նախապատրաստում են օրգանիզմը ծննդաբերությանը և կերակրմանը: Այդ դժվարին շրջանում կնոջ օրգան-համակարգերի ծանրաբեռնվածությունն զգալիորեն մեծանում է, ինչը կարող է հանգեցնել քրոնիկական հիվանդությունների սրման և բարդությունների առաջացման: Հենց այդ պատճառով խորհուրդ է տրվում հնարավորինս շուտ դիմել կանանց խորհրդատվության և հանձնել հետազոտությունների նմուշներ: Այդ կերպ դուք կկարողանաք ընտրել համապատասխան կանխարգելիչ միջոցներ և ճիշտ նախապատրաստվել ծննդաբերությանը:

Կնոջ հոգեբանությունը

Հղի կնոջ օրգանիզմում ֆիզիոլոգիական փոփոխությունների հետ մեկտեղ տեղի են ունենում նաև հոգեբանական փոփոխություններ: Հղիության և ծննդաբերության հանդեպ կնոջ վերաբուրմունքի վրա ազդեցություն են ունենում տարբեր գործոններ, այդ թվում՝ սոցիալական, բարոյաէթիկական, տնտեսական և այլ, ինչպես նաև հենց կնոջ անձի առանձնահատկությունները: Հղիության առաջին կեսին կանանց մեծամասնությունն անհանգստանում է իր առողջության մասին, իսկ երկրորդ կեսին՝ հատկապես պտղի խաղից հետո, կնոջ բոլոր մտքերն ու անհանգստություններն ուղղված են պտղի բարեկեցությանը:

Կինն սկսում է փոքրիկի հետ շփվել քնքուշ խոսքերով, նա պատկերացնում է փոքրիկին որոշակի առանձնահատկություններով: Շատ կանայք գիտակցաբար հրաժարվում են մի շարք սովորություններից՝ ի շահ առողջ մայրության:

Հղի կանայք երբեմն ունենում են որոշակի անհանգստություններ ու վախեր: Այս շրջանում կնոջը կարող են անհանգստացնել արտաքին փոփոխությունները, հմայքի կորուստը, ամուսնու հետ փոխհարաբերությունները: Այդ պատճառով հղի կնոջ բարեկամները՝ գլխավորապես ամուսինը, պետք է աջակից լինեն նրան և փորձեն ապահովել հոգեբանական հանգստություն: Արտահայտված տագնապի, դեպրեսիվ իրավիճակների դեպքում կնոջը խորհուրդ է տրվում դիմել հոգեբանի:

Սեռական հարաբերությունը վաղ շրջանում կարո՞ղ է վիժում առաջացնել

Սեռական հարաբերությունը վաղ շրջանում կարո՞ղ է վիժում առաջացնել

Սեռական հարաբերությունը հղիության վաղ շրջանում չի համարվում…

Ի՞նչ ինֆեկցիաներ կարող են առաջանալ հղիության ընթացքում.կանխարգերում և բուժում

Ի՞նչ ինֆեկցիաներ կարող են առաջանալ հղիության ընթացքում.կանխարգերում և բուժում

Հղիության ընթացքում կնոջ օրգանիզմը դառնում է ավելի …

Ինչպե՞ս սնվել հղիության ընթացքում

Ինչպե՞ս սնվել հղիության ընթացքում

Ահա ճիշտ սնուցման հիմնական սկզբունքները հղիության ընթացքում

Էպիլյացիան հղիության ընթացքում

Էպիլյացիան հղիության ընթացքում

Ո՞ր տեսակի էպիլյացիան ընտրել, ե՞րբ և ո՞ր եռամսյակում