Կաթնագեղձերի հետազոտում․ ինչպե՞ս հասկանալ, որ խնդիր կա

Կրծքագեղձերի հիվանդությունները կանխարգելվում են ինքնուրույն ստուգումների կամ մասնագետների՝ մամոլոգի և գինեկոլոգի ստուգումների միջոցով: Բժիշկները բոլոր կանանց խորհուրդ են տալիս պարտադիր հետազոտել կրծքագեղձերը յուրաքանչյուր ամիս՝ դաշտանի օրերին (ցանկալի է 5-7-րդ օրերին, երբ կրծքագեղձերն ավելի նուրբ են, զերծ կոշտուկներից): Գոյություն ունի կրծքի ինքնահետազոտման հատուկ ձև։
Ներքնազգեստի ստուգում
Կրծքերում առաջացող փոփոխությունների նշանները հաճախ արտահայտվում են կրծքագեղձից արտադրության (ցանկացած բնույթի) տեսքով: Կարող է արտադրություն լինել թեթև սեղմումներից կամ պարզապես հետքեր նկատվել ներքնազգեստի վրա:
Կրծքի արտաքին տեսքը
Պետք է մերկանալ մինչև գոտկատեղը և ձեռքերն իջեցրած կանգնել վառ լուսավորված սենյակում՝ հայելու դիմաց: Անհրաժեշտ է մանրազնին հետազոտել կրծքերն առանձին-առանձին՝ սկսած պտուկից և արեոլայից, այնուհետև զննել կրծքի ձևը և հենց գեղձի ուրվագծերի հստակությունը: Անհրաժեշտ է ուշադրություն դարձնել հատկապես երկու գեղձերի համաչափությանը, երբ ձեռքերը բարձրացնում եք վեր, պահում գլխի հետևում կամ խոնարհվում: Անհրաժեշտ է զննել նաև անութային հատվածները (թևատակերը) ավշային հանգույցներ հայտնաբերելու համար:
Մաշկի գնահատում
Անհրաժեշտ է ուշադրություն դարձնել մաշկի փոփոխություններին՝ կարմրությանը, քորին, ցանին: Հարկավոր է մաշկն զգուշորեն շոշափել նրա մակերևույթին պինդ գոյացություններ, թմբեր կամ փոսիկներ գտնելու համար, ուշադրություն դարձնել նրա առաձգականությանը՝ ծալքերով հավաքելիս:
Կրծքագեղձի շոշափում (պալպացիա) կանգնած դիրքում
Կրծքագեղձի ինքնուրույն զննման այս փուլում խորհուրդ է տրվում օգտագործել մարմնի կրեմ, լոսյոն, կամ զննումն առհասարակ իրականացնել լոգանքի ընթացքում: Աջ ձեռքով շոշափում են ձախ կուրծքը, իսկ ձախով՝ աջը: Անհրաժեշտ է մատներով հպվել մաշկին, ընդ որում՝ առանց բութ մատի օգնության:
Տարբերում են ինքնաշոշափման երկու եղանակ՝ պտույտներով և հատվածային: Առաջինի դեպքում մատները պետք է պտտել ժամսլաքի ուղղությամբ՝ անութային փոսիկից դեպի պտուկը: Երկրորդի դեպքում անհրաժեշտ է մտովի կրծքագեղձը բաժանել հատվածների և հերթականությամբ շոշափել՝ արտաքին ուրվագծից դեպի պտուկը: Նախ մեղմորեն շոշափում են կրքագեղձը, որպեսզի պարզեն կա՞ն արդյոք փոքր այտուցներ կամ գոյացություններ՝ տեղակայված անմիջապես մաշկի տակ: Այնուհետև անհրաժեշտ է ավելի խորը հետազոտել, մատներով շոշափել կրծքագեղձից դեպի անութային հատված և անրակից դեպի ստորին կողեր: Ինքնահետազոտման ժամանակ պարտադիր պետք է հետևել միևնույն եղանակին, որպեսզի հնարավոր լինի օբյեկտիվորեն գնահատել և համեմատել արդյունքները:
Կրծքագեղձի հետազոտում պառկած դիրքում
Սա նույն մեթոդն է, պարզապես հետազոտումը կատարում եք պառկած դիրքում: Անհրաժեշտ է պառկել հարթ և կոշտ մակերեսի վրա, ձեռքը դնել գլխի հետևում, իսկ մյուսով շոշափել կուրծքը: Այսպես կուրծքն ավելի հարմար կլինի հետազոտել: Անհրաժեշտ է շոշափելով ստուգել պտուկը և դրան հարող հատվածը՝ ուշադրություն դարձնելով դրա գույնի կամ ձևի փոփոխությանը: Վերջում պետք է ցուցամատի և բութ մատի օգնությամբ սեղմել պտուկը՝ ստուգելու համար կա՞ արտադրություն, թե՞ ոչ, և եթե կա, պետք է ուշադրություն դարձնել դրա բնույթին:
Ե՞րբ անհանգստանալ
Զննման արդյունքում անհանգստացնող է՝
- կաթնագեղձերի անհամաչափությունը, դրանց ձևի փոփոխությունը,
- պտուկի ձևի փոփոխությունը կամ նրանից եկող արտադրությունը,
- արյունատար անոթների լայնացումը,
- մաշկի կարմրած, ուռած հատվածները կամ ցանկացած այլ փոփոխություն,
- կրծքագեղձում հանգույցների հայտնաբերումը,
- անհարմարության կամ ցավի զգացումը,
- մեծացած անութային և պարանոցային ավշային հանգույցները:
Վերոնշյալ ախտանշանների առկայության դեպքում անհրաժեշտ է բժշկի դիմել:
Հարկավոր է դիմել մասնագետի նաև այն դեպքում, եթե՝
- ձեր տարիքը 30-ն անց է,
- ունեք դաշտանային ցիկլի խանգարումներ,
- բարեկամների շրջանում եղել են կաթնագեղձի կամ վերարտադրողական համակարգի քաղցկեղի դեպքեր,
- ունեք մաստոպատիա կամ կրծքի այլ հիվանդություն,
- ձեզ նշանակվել է ֆիզիոթերապիա:
Բժշկական ախտորոշիչ մեթոդներ
Ցավոք ոչ բոլոր քաղաքային պոլիկլինիկաներում կան բժիշկ-մամոլոգներ: Երբեմն նրանց գործառույթներն իրենց վրա են վերցնում թերապևտները, գինեկոլոգները կամ ուռուցքաբանները: Նրանք բոլորն ունեն այդ բնագավառում անհրաժեշտ գիտելիքներ, ինչպես նաև անհրաժեշտ ախտորոշիչ տեխնոլոգիաներ: Կլինիկական զննության արդյունքում բժշիկը նշանակում է կաթնագեղձերի ավելի մանրակրկիտ հետազոտություն՝ ՈւՁՀ, մամոգրաֆիա, համակարգչային շերտագրում:
Ուլտրաձայնային հետազոտություն
Մինչև 40 տարեկան կանանց խորհուրդ է տրվում ՈւՁՀ՝ ախտորոշման համեմատաբար անվնաս և հարուստ տեղեկություններ տրամադրող մեթոդ: Միջամտության ընթացքում հաջողվում է հետազոտել գեղձի պինդ հյուսվածքը, հարող շրջանի ավշահանգույցները, ճշգրիտ ախտորոշել կիստաները և այլ գոյացությունները:
Մամոգրաֆիա
Սա հետազոտության ամենատեղեկատվական մեթոդն է, կատարվում է մամոգրաֆի օգնությամբ: Սարքավորման ժամանակակից մոդելները համալրված են հատուկ ուժեղացնող էկրաններով, որոնց օգտագործումը մի քանի անգամ նվազեցնում է օրգանիզմի վրա ճառագայթային ծանրաբեռնվածությունը: Յուրաքանչյուր գեղձի ռենտգեն նկարը կատարվում է թեք և ուղիղ պրոյեկցիաներով: 35-40 տարեկանում հետազոտությունն անցկացնում են միայն չարորակ ուռուցքի կասկածի դեպքում, իսկ 40-ում առաջին մամոգրաֆիան ցանկալի է բոլորի համար: Հետազոտությունն ավելի լավ է կատարել ցիկլի 7-10-րդ օրը: Ռենտգեն պատկերների վրա հստակ տեսանելի են հիվանդության տեսակը և կրծքի ախտահարման աստիճանը:
Համակարգչային շերտագրում
Ախտորոշման այս մեթոդը կիրառվում է այն դեպքերում, երբ ուռուցքն այնպիսի տեղում է, որ անհնար է հետազոտել մամոգրաֆի օգնությամբ: Շերտագրության միջոցով որոշվում է մետաստազների ճշգրիտ տեղակայումը և քանակը, գնահատվում է իմպլանտի վիճակը (վիրահատությունից հետո), և բացահայտվում են հիվանդության կրկնման դեպքերը:
Համաձայն ոչ պաշտոնական վիճակագրական տվյալների` տաս նորագոյացություններից ինը հայտնաբերվում է հենց կնոջ կամ նրա զոըգընկերոջ կողմից: Այնպես որ թող կրծքագեղձի ինքնահետազոտումը ներառվի ձեր սովորությունների ցանկում:
Հիշե՛ք, որ դուք դա անում եք ոչ թե ինչ-որ բան գտնելու համար, այլ համոզվելու, որ կասկածելի նշանները բացակայում են: Եթե նկատել եք անհանգստացնող նշաններ, շտապեք դիմել բժշկի:
Ոչ բոլոր ուռուցքներն են քաղցկեղային․ կան նաև այլ՝ անվնաս տեսակներ, որոնք կյանքին վտանգ չսպառնացող հիվանդություններ են: Սակայն սա այն դեպքը չէ, երբ պետք է հաջողության վրա հույս դնել․ միայն ճիշտ ժամանակին մասնագետի դիմելը կարող է բուժման, ապաքինման հնարավորություն տալ և թույլ տալ պահպանել առողջությունն ու գրավչությունը:
Աղբյուրը՝ medsi.ru