Բեղմնականխում և անպտղություն. կա՞ արդյոք կապ

Ժամանակակից բժշկությունը հավաստիացնում է, որ բեղմնականխման տարատեսակ միջոցներն անվնաս են ճիշտ կիրառման դեպքում, հարմար և բավականին արդյունավետ: Արդյո՞ք դրանք իսկապես անվնաս են և հետագայում չեն հանգեցնի անպտղության: Փորձենք հասկանալ:
Բեղմնականխման միջոցները բազմազան են, ներառում են և՛ դեղորայք, և՛ մեխանիկական հարմարանքներ, և՛ քիմիական տարատեսակ նյութեր, որոնցից յուրաքանչյուրն ունի իր կողմնակի ազդեցությունները, առավելություններն ու թերությունները:
Պատնեշային հակաբեղմնավորման միջոցներ
Պատնեշային հակաբեղմնավորիչների էությունը սերմնաբջջի համար մեխանիկական պատնեշ ստեղծելն է, որպեսզի այն չներթափանցի հեշոցի մեջ: Դրանցից են թասակները, սպունգները, դիաֆրագմաները, կանանց և տղամարդկանց պահպանակները: Ճիշտ կիրառման պարագայում պահպանակների առավելություններն ակնհայտ են՝
- 90-95%-ով պաշտպանում են անցանկալի հղիությունից,
- 90%-ով նվազեցնում են սեռավարակներով վարակվելու հավանականությունը,
- հնարավոր է օգտագործել սերմնաբջջի նկատմամբ ալերգիկ ռեակցաների և իմունաբանական անպտղության բուժման ժամանակ,
- կատարյալ են անկանոն սեռական կյանքի պարագայում,
- համեմատաբար մատչելի են գնային առումով:
Թերությունները՝
- սեռական հարաբերության ընթացքում պատռվելու վտանգ (սխալ օգտագործման կամ ժամկետն անց լինելու հետևանքով),
- սեռական ակտի ընթացքում զգայունակության նվազում,
- սպերմիցիդների կամ լատեքսի նկատմամբ ալերգիկ ռեակցիաների առաջացման հավանականություն:
Հեշտոցային դիաֆրագմաները և հեշտոցի պարանոցի թասակներն այնքան էլ արդյունավետ չեն, կարող են ալերգիկ ռեակցիաներ առաջացնել, անհարմարություն պատճառել, և որոշ դեպքերում ընտրում ու տեղադրում է բժիշկը: Միակ դրական կողմը բազմակի օգտագործման հնարավորությունն է:
Ինչպես տեսնում ենք, հակաբեղմնավորման պատնեշային միջոցները ոչ մի կերպ չեն նվազեցնում կանանց և տղամարդկանց ֆերտիլությունը, քանի որ ինքնին չեն կարող ազդել վերարտադրողական առողջության վրա:
Այդուհանդերձ, եթե պահպանակները հրաշալի միջոցներ են վարակիչ-բորբոքային հիվանդությունների կանխարգելման հարցում, ապա դիաֆրագմաները, թասակները և սպունգները չեն պաշտպանում դրանցից, ինչը որոշ դեպքերում կարող է հանգեցնել անպտղության:
Ներարգանդային պարույրներ
Ներարգանդային պարույրները ժամանակակից բեղմնականխման ամենաարդյունավետ (97%) միջոցներից են: Արգանդի խոռոչում պղինձ պարունակող մի փոքրիկ սարք են դնում, որն անբարենպաստ միջավայր է ստեղծում ձվաբջիջների և սերմնաբջիջների գոյատևման համար, դժվարեցնում է ձվաբջջի բեղմնավորումը և կանխում պտղաձվի ամրացումն արգանդի լորձաթաղանթին: Պարույրի որոշ տեսակներ լրացուցիչ պարունակում են լևոնորգեստերոլ հորմոն, որը բուժիչ ազդեցությամբ է օժտված (կիրառվում է միոմաների, ադենոմիոզի, էնդոմետրիոզի և նախադաշտանային համախտանիշի դեպքում) և մեծացնում է մեթոդի արդյունավետությունը:
Առավելությունները՝
- ազդում են անմիջապես տեղադրելուց հետո,
- բեղմնականխիչ ազդեցությունը պահպանվում է մինչև 6 տարի,
- հղիանալու հավանականությունը խիստ փոքր է, ուստի հարկ չի լինում դիմել նաև այլ միջոցների,
- կարող են կիրառվել բազմաթիվ հիվանդությունների առկայության պայմաններում,
- համեմատաբար մատչելի է գնային առումով (հաշվի առնելով, որ ազդեցությունը պահպանվում է մի քանի տարի):
Թերությունները՝
- ներարգանդային պարույրները չեն պաշտպանում սեռական ճանապարհով փոխանցվող վարակներից, ուստի հարմար չեն սեռական զուգընկերների հաճախակի փոփոխման դեպքում,
- կարող են նպաստել ցավոտ դաշտանի և առատ դաշտանային արտադրության,
- հնարավոր է, որ պղնձից ալերգիկ ռեակցիաներ առաջանան,
- ունեն մի շարք հակացուցումներ (օգտագործումը ցանկալի չէ երբևէ չծննդաբերած կանանց համար և վարակիչ-բորբոքային հիվանդությունների դեպքում),
- հղիանալու կարողությունը վերականգնվում է պարույրը հեռացնելուց 3-6 ամիս անց,
- որոշ դեպքերում հնարավոր է, որ պարույրն ինքնաբերաբար դուրս գա:
Ամենատհաճն այն է, որ պարույրն օտար մարմին է, որ ազատ մուտք է ապահովում վարակների համար: Դա կարող է հանգեցնել արգանդի խոռոչի լորձաթաղանթի և ֆալոպյան փողերի բորբոքման, դաշտանային ցիկլի խանգարման, բարորակ ուռուցքների առաջացման, էնդոմետրիտի, արտարգանդային հղիության և անպտղության:
Հորմոնային բեղմնականխում
Հորմոնային բեղմնականխման մեթոդը (ներառում է օրալային բեղմնականխիչներ, հորմոնային օղակներ, ներարկումներ և իմպլանտներ) հիմնված են ձվազատումը ճնշելու վրա, ինչը կատարվում է հորմոնների միջոցով: Միևնույն ժամանակ հորմոնների ազդեցությամբ արգանդում խանգարվում է արգանդի լորձաթաղանթի՝ էնդմետրիումի լիարժեք վերափոխումը, ինչը ձվաբջջին թույլ չի տալիս ամրանալ արգանդի պատին, եթե այնուամենայնիվ բեղմնավորվել է:
Առավելությունները՝
- ճիշտ ընտրության դեպքում արդյունքը մոտ է 100%-ի,
- այսպիսի բեղմնականխիչները կիրառվում են նաև գինեկոլոգիական մի շարք հիվանդությունների բուժման նպատակով,
- որոշ տեսակներ կարող են կիրառվել նաև ծննդաբերությունից հետո և կրծքով կերակրման շրջանում,
- դադարեցնելուց հետո բազմապտուղ հղիության հնարավորությունը մեծանում է:
Թերությունները՝
- արդյունքի հնարավոր է հասնել միայն սահմանված սխեմայով պարբերաբար ընդունման դեպքում (սա վերաբերում է միայն օրալային բեղմնականխիչներին),
- օգտագործման առաջին ամիսներին, երբ օրգանիզմը դեռևս հարմարվում է հորմոններին, խորհուրդ է տրվում օգտվել բեղմնականխման լրացուցիչ մեթոդներից,
- խորհուրդ չի տրվում օգտագործել ծխող կանանց և մի շարք թերապևտիկ հիվանդությունների դեպքում,
- մի շարք դեղամիջոցներ կարող են նվազեցնել հորմոնային բեղմնականխման արդյունավետությունը,
- երբեմն կողմնակի հետևանքներ են ի հայտ գալիս միջդաշտանային քսվող արտադրության կամ արնահոսության տեսքով,
- չեն պաշտպանում սեռավարակներից,
- թանկ արժեն,
- այս միջոցների սխալ ընտրության դեպքում հնարավոր է, որ հորմոնային լուրջ խանգարումներ և պտղաբերության խնդիրներ ի հայտ գան, իսկ դա նշանակում է, որ հորմոնային բեղմնականխումն այնքան էլ ապահով չէ, ինչպես թվում է առաջին հայացքից:
Քիմիական միջոցներ
Սրանց շարքին են պատկանում տարատեսակ մոմիկները, քսուքները, գելերը և տամպոնները, որոնք համակողմանի ազդեցությամբ միջոցներ են, տեղադրվում են հեշտոցում, ունեն հակամանրէային, հակաբորբոքային և հակաբեղմնավորիչ ազդեցություն: Արդյունավետությունն առանց լրացուցիչ միջոցների 80% է:
Առավելությունները՝
- թողնում են բացառապես տեղային ազդեցություն, ինչը թույլ է տալիս խուսափել կողմնակի հետևանքներից,
- կարող են օգտագործել նաև կրծքով կերակրող կանայք,
- մատչելի են գնային աումով:
Թերությունները՝
- դրանց ազդեցությունը չեզոքանում է ալկալիների առկայության դեպքում, այդ պատճառով էլ սեռական հարաբերությունից առաջ և հետո չի կարելի սեռական օրգանները լվանալ օճառով,
- անհրաժեշտ է խստորեն հետևել օգտագործման ձևին, քանի որ սխալ օգտագործումը բազմակի մեծացնում է հղիանալու հավանականությունը,
- որոշ տեսակներին օրգանիզմը հարմարվում է, և կորցնում են արդյունավետությունը,
- ալերգիկ ռեակցիաներ են առաջացնում,
- հաճախակի օգտագործումը հանգեցնում է հեշտոցի միկրոֆլորայի խանգարման (դիսբիոզի՝ դիսբակտերիոզի առաջացման), ինչը հետագայում կարող է նպաստել արգանդի և արգանդի հավելումների բորբոքման, վատագույն դեպքում՝ անպտղության:
Ինչպես ընտրել բեղմնականխման միջոցը և չվնասել առողջությանը
Ժամանակակից ցանկացած բեղմնականխիչ միջոց անհերքելի առավելություններ ունի չպաշտպանված սեռական հարաբերության և հղիության ընդհատման հետ համեմատած, սակայն այնուամենայնիվ ոչ բոլոր մեթոդներն են անվնաս կնոջ վերարտադրողական առողջության համար: Այդ պատճառով էլ նախքան բեղմնականխման այս կամ այն միջոցն ընտրելը այցելեք մանկաբարձ-գինեկոլոգի: Միայն նա կկարողանա ճիշտ գնահատել ձեր ներկայի առողջական վիճակը, հայտնաբերել հակացուցումները և նշանակել ձեզ համապատասխանող լավագույն միջոցը:
Հատուկ ուշադրություն դարձրեք հորմոնային պատրաստուկների նշանակմանը. դրանք կարելի է ընտրել միայն ձեր հորմոնային վիճակն ու արյան ցուցանիշներն ուսումնասիրելուց, ինչպես նաև ՈՒՁՀ-ից հետո: