Կնոջ վերածնունդ՝ հղիություն

Կնոջ վերածնունդ՝ հղիություն

Հղիությունը մոր և երեխայի կյանքում բարդ ու պատասխանատու շրջան է: Կնոջ վիճակն անխուսափելիորեն փոխվում է, և նա ոչինչ չի կարող անել դրա դեմ: Ընդ որում՝ եթե փոփոխությունները ֆիզիկական են (ինքնազգացողությունը և մարմնի փոփոխությունները), ապա դա այն է, ինչն սպասելի է կնոջ համար և հասկանալի, իսկ հոգեկանի փոփոխությունները կարող են անսպասելի և անգամ վախեցնող լինել:

Հղիության ընթացքում կինը նոր կարգավիճակ է ձեռք բերում՝ ինչպես անձնային, այնպես էլ հասարակական: Նա հստակ գիտակցում է այն, ինչից զրկվում է՝ այդ կարգավիճակին անցնելով: Գիտակցում է այն, որ ինքն ինքնուրույն, անկախ մարդ էր, իր զգացմունքները, էներգիան և այլ շատ բաներ պատկանում էին միայն իրեն, իսկ այժմ առհավետ կապված է այլ մարդու հետ, ում կյանքի և ճակատագրի համար պատասխանատու է, ում այժմ ծառայելու է իր մարմինը (համենայն դեպս հղիության և կրծքով կերակրման շրջանում), իր մտքերն ու զգացմունքները, իր ժամանակ ու ուժերը: Այն, ինչ նա ձեռք կբերի երեխայի ծնունդով, դեռևս անորոշ է. չէ՞ որ երեխան ինքնին դեռևս չկա, և ինքը չի կարող երեխայից ճանաչում, քնքշություն և սեր ստանալ: Կարող է միայն պատկերացնել: Իսկ այ փոփոխություններն արդեն զգալ են տալիս. երեխան փոխում է ոչ միայն մոր մարմինը, այլև համային նախընտրությունները, տրամադրությունը և բնավորությունը: Այս ամենն զգալի է հատկապես հղիության սկզբում: Ավելի ուշ, երբ մայրն սկսի զգալ երեխայի խաղը, նրա կերպարը (հետևաբար և այն ամենալավը, որ ինքը կստանա երեխայից) իրական տեսք կստանա: Իսկ մինչ այդ կինն ավելի սուր է ապրում սեփական մարմնի, ֆիզիկական և հոգեկան վիճակի կառավարման կորուստը: Այս ապրումները կարող են արտացոլվել երազներում, երևակայության մեջ, երեխայի մասին հակասական պատկերացումներում, ապագայի հանդեպ մտավախություններում և այլն: Այսպիսի վիճակին են նպաստում նաև հորմոնային փոփոխությունները, որոնք ավարտվում են հղիության առաջին եռամսյակի վերջում:

 

Հղիության շրջանում կինն առավել շատ է զգում աջակցության և հասկացված լինելու կարիք, սակայն ոչ միշտ է մտերիմների կողմից հարաբերությունների վերակառուցման պատրաստակամություն զգացվում: Դա ևս հասկանալի է. չէ՞ որ կինը դեռևս նախկին տեսքն ունի, նրա հղիությունը ոչ մի կերպ չի արտահայտվել արտաքնապես, անգամ նա ինքը դեռևս չի զգում երեխայի ներկայությունը, զգում է միայն իր հետ կատարվող փոփոխությունները: Հնարավոր է, որ այսպիսի վիճակն անհանգստացնի կնոջը, նա հաճախ է փորձում մտերիմների՝ հատկապես ամուսնու հետ հարաբերությունները: Նրա՝ ընտանիքի անդամների տեսանկյունից անհիմն քմահաճությունները և մանրուքների պատճառով անսպասելի նեղացկոտությունը կարող են անհասկանալի մնալ մտերիմների համար և անգամ գնահատվել որպես գիտակցված ճնշում հղի կնոջ կողմից:

Իրականում ապագա մայրիկն սկսում է «վերակառուցել» իրեն, նա պետք է փոխվի, կարծես վերածնվի երեխայի հետ՝ իր ծնողների երեխայից վերածվելով մոր իր երեխայի համար:

Նա կարող է այս բարդ և դրամատիկ ընթացքն ապրել որպես հին ես-ի մահ (իրեն այնքա՜ն ծանոթ և հարազատ) և նոր ես-ի ծնունդ (իրեն այնքա՜ն անծանոթ և անհասկանալի): Հղիության կեսերին այս վերածնունդն արդեն ավարտված կլինի, շրջապատի մարդիկ էլ կօգնեն. նրանք արդեն տեսնում են այդ նոր կնոջը, ապագա երեխայի մորը:

 

Սկիզբը, ինչպես միշտ, ավելի դժվար է: Հղիությունը միայն երեխայի ծնունդը չէ, այն նոր ընտանիքի և նրա յուրաքանչյուր անդամի ծնունդն է. մոր ծնունդը, հոր ծնունդը, երեխաների համար՝ իրենց ծնունդը որպես եղբոր և քրոջ, ավագ սերնդի համար՝ որպես տատիկի և պապիկի:

Սա ընտանիքի յուրաքանչյուր անդամի և ընտանիքի ճգնաժամն է: Բնականաբար այս ամենում գլխավոր հերոսը կինն է: Ընդ որում՝ յուրաքանչյուր հաջորդ հղիությունը ոչնչով չի տարբերվում առաջինից, այն ևս ճգնաժամ է, միայն թե մի փոքր ավելի մեղմ: Այնպես որ հարկավոր չէ նվազեցնել փոփոխությունների լրջությունը, խուճապի մատնվել ևս պետք չէ: Նոր կյանքին պատրաստվելու լավագույն միջոցը նրա մասին ավելի շատ տեղեկություններ ունենալն է և առաջին հերթին հղիության ընթացքում կնոջ հետ կատարվող փոփոխությունների մասին իմանալը:

 

Կազմվածքի փոփոխություններին զուգահեռ (որոնք գեղեցկության ժամանակակից ընկալմամբ այնքան էլ հիացմունքով չեն ընդունվում) փոխվում է նաև մարմնի «որակը». մաշկն ավելի ձիգ, նուրբ և հարթ է դառնում, մկանները և հյուսվածքները՝ ավելի առաձգական, նյութափոխանակությունը՝ ավելի արագ: Այդ ամենը վերադարձնում է և երկարացնում օրգանիզմի երիտասարդությունը:

 

Ֆիզիկական փոփոխություններին համընթաց փոփոխություններ են կատարվում նաև հոգեկանում: Կինն ավելի զգայուն է դառնում, վառ արտահայտված, արագ փոփոխվող հույզերով: Զարգանում է ներհայեցողությունը՝ ինտուիցիան, արվեստի նկատմամբ սեր և ճաշակ է ձևավորվում (օրինակ նկարչության, երաժշտության, պոեզիայի հանդեպ): Մարմնում նոր և հետաքրքիր զգացողություններ են արթնանում (հատկապես երեխայի խաղը): Միևնույն ժամանակ մեծանում է զգայունակությունը, հոգածության պահանջը, կախվածությունը, մի խոսքով՝ երկրորդ մանկություն: Հապա մտածեք: Մենք միշտ կարծել ենք, որ հետադարձ ճանապարհ չկա դեպի մանկություն: Սա բնության պարգևն է: Օգտվեք նրանից, ապրեք և զգացեք կյանքն այնպես, ինչպես հրամայում է ձեզ ձեր մարմինն ու հոգին: Իրականում այդ ամենը մի քանի ամիս է տևելու, ձեզ համար այնքա՜ն թանկ ամիսներ: Թող որ հիմա ձեր ընտանիքը մի փոքր խնամի ձեզ դայակի նման: Դա կօգնի ձեզ անցնել վերածնման, մայր դառնալու, նոր և հասուն ճանապարհով: Այդպես ամբողջ ընտանիքի համար ևս հեշտ կլինի անցնել նոր կարգավիճակի և պատրաստվել, որ երեխայի ծնունդից հետո մի շարք նոր պարտականություններ ստանձնելու կարիք է լինելու, որպեսզի մայրը կարողանա կենտրոնանալ երեխայի վրա:

 

 

Ինչ է Կվինկեի այտուցը և ինչպես կանխել այն

Ինչ է Կվինկեի այտուցը և ինչպես կանխել այն

Ե՞րբ է անհրաժեշտ շտապ օգնություն կանչել

Ինչ անել, եթե անընդհատ հոգնածություն եք զգում

Ինչ անել, եթե անընդհատ հոգնածություն եք զգում

Յուրաքանչյուր մարդ ժամանակ առ ժամանակ հոգնում է։

Առողջ սովորություններ

Առողջ սովորություններ

Մեծահասակին անհրաժեշտ է 7-9 ժամ քուն

Ինչու է սերմնահեղուկը խիտ

Ինչու է սերմնահեղուկը խիտ

Սովորաբար սերմնահեղուկը նման է միատարր հեղուկի՝ կաթնագույն սպիտակից մինչև մոխրագույն-դեղնավուն գույնի, հատուկ հոտով: