Բակտերիալ վագինոզ. ինչ հիվանդություն է, ինչպես է բուժվում
Կնոջ հեշտոցի միկրոֆլորան յուրահատուկ էկոհամակարգ է: Նորմայում այն 95-98% -ով կազմված է լակտոբակտերիաներից, որոնք պաշտպանական գործառույթ ունեն՝ առանձնացնում են կաթնաթթուն թթվային միջավայր ստեղծելու համար, խթանում են տեղային իմունիտետը և ճնշում հիվանդագին միկրոօրգանիզմների աճը:
Սակայն որոշակի պայմաններում այդ բնական հավասարակշռությունը խախտվում է` հեշտոցի թթվայնությունն իջնում է, և արդյունքում կտրուկ մեծանում է ախտածին բակտերիաների թիվը, ինչը սեռական օրգաններում հանգեցնում է «ձկան հոտով» անսովոր արտադրության և քորի: Նման իրավիճակն անվանվում է բակտերիալ վագինոզ կամ հեշտոցային դիսբիոս (դիսբակտերիոզ) և պահանջում որոշակի բուժում:
Բակտերալ վագինոզի պատճառները, ախտանիշներն ու ախտորոշումը
Կանանց 15-64% -ն ունի դիսբիոզ: Այն կարող է հանդիպել ինչպես երիտասարդ աղջիկների դեպքում, որոնք չեն ապրում սեռական կյանքով, այնպես էլ հասուն կանանց: Այսօր դրա հիմնական պատճառը դեռ պարզ չէ, սակայն մասնագետներն այն կապում են այնպիսի փաստերի հետ, ինչպիսիք են՝
- հակամանրէային միջոցների օգտագործում,
- փոքր կոնքի օրգանների բորբոքային հիվանդություններ
- արգանդի վզիկի ֆոնային գործընթացներ (էնդոմետրիոզ, պսևդոէրոզիա, լեյկոպլակիա, էնդոցերվիցիտ և այլն),
- հորմոնային խանգարումներ,
- դաշտանային ցիկլ,
- սեռական զուգընկերոջ փոխարինում,
- սեռական օրգանների հիգիենայի խախտում,
- բազմաբնույթ միջոցների օգտագործում (տամպոններ, ներարգանդային պարույրներ և այլն),
- ցնցուղում,
- օրալ բեղմնականխիչների օգտագործում,
- բեղմնականխիչների օգտագործում (պահպանակներ, մոմիկներ, քսուքներ),
- սթրեսներ, կլիմայական փոփոխություններ,
- վիրաբուժական միջամտություն,
- տեղային իմունիտետի անկում,
- սխալ սննդակարգ,
- աղիքային հիվանդություններ։
Բակտերիալ վագինոզը կարող է ընթանալ ինչպես առանց ախտանիշների, այնպես էլ կլինիկական դրսևորումներով: Ֆլորայի փոփոխության ժամանակ կանանց սկսում է անհանգստացնել տհաճ հոտով սպիտակ կամ գորշ գույնի արտադրությունը: Հազվադեպ կարող է առաջանալ քոր և խախտվել միզարտադրությունը: Այսուհանդերձ, որպես կանոն, սեռական օրգանների և հեշտոցի այտուցվածության կամ կարմրածության առկայություն չի նկատվում:
Որոշ կանայք նշում են միայն մեկ ախտանիշ, իսկ կանանց մեծ մասն ընդհանրապես որևէ նշան չի նկատում, ինչի հետևանքով հիվանդությունը կարող է տարիներով շարունակվել: Այս պատճառով բակտերիալ վագինոզն ավելի ճիշտ է որոշել ոչ թե հիմնվելով կլինիկական ախտանիշների և կանանց գանգատների վրա, այլ առաջնորդվել առաջին հերթին արտադրութան լաբորատոր հետազորության արդյունքներով:
Հեշտոցի դիսբիոզի (դիսբակտերիոզ) հայտնաբերման համար անցկացվում է՝
- ամինոթեստ (արտադրության և քիմիական տարրերի փոխազդեցության դեպքում առաջանում է «նեխած ձկան» հոտ),
- արտադրության թթվայնության գնահատում (рН>4,5 հաստատում է լակտոբակտերաների թվի նվազում),
- ցանքսի մեթոդ (սնուցող միջավայրերի օգնությամբ բացահայտում են հարուցիչը),
- գունավորված քսուքի միկրոսկոպիա (որոշում են դիսբիոսին բնորոշ «հիմնական բջիջների»` խիտ տեղակայված անաէրոբ մանրէներով` գարդներելլայով, բակտերիոդներով, ֆուզոբակտերիաներով, կլեբսիելներով և այլն, հեշտոցի էպիթելերի առկայությունը):
Ախտորոշման հաստատման համար անհրաժեշտ է չորս դիագնոստիկ մեթոդներից երեքի դրական արդյունք, բայց առավել կարևոր է քսուքի արդյունքը:
Բակտերիալ վագինոզի բուժումը
Բակտերալ վագինոզը սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդություն չէ, այդ պատճառով սեռական զուգընկերոջ բուժումն անհրաժեշտ է միայն այն դեպքում, երբ նրա մոտ առաջանում է ուրետրիտի ախտանիշ (միզելու կամ սերմնաժայթքման ժամանակ ծակոցներ): Իսկ ահա կնոջ վերարտադրողական առողջության համար համապատասխան թերապիան շատ կարևոր է:
Հիվանդության շարունակականությունը կարող է դառնալ արգանդի և հավելումների բորբոքային երևույթների պատճառ (էնդոմետրիտ, սալպիգիտ և այլն), ինչպես նաև հղիության և ծննդաբերության ժամանակ կարող է հանգեցնել բարդությունների (խորիոամնիոնիտ, վաղաժամ ծննդաբերություն, երեխայի ներարգանդային վարակում, պնևմոնիա և այլն):
Դիսբիոսի բուժումն ուղղված է հարուցիչների վերացմանը և հեշտոցի նորմալ միկրոբիոցենոզի վերականգնմանը: Այն ընդգրկում է համալիր բուժում, հակաբակտերիալ թերապիայի նշանակում, հակապրոտոզային, հակասնկային միջոցներ, իմունոմոդուլյատորներ, հեշտոցի նորմալ միկրոֆլորան վերականգնող դեղամիջոցներ, էուբիոտիկներ և այլն:
Հեշտոցի դիսբիոսի բուժման ժամանակ ուշադրություն են դարձնում կնոջ աղիքային միկրոբիոցենոզին, անհրաժեշտության դեպքում թերապիայի մեջ ընդգրկում են համապատասխան հավելումներ: Հղիության շրջանում բակտերիալ վագինոզի հայտնաբերման դեպքում բժիշկը նշանակում է գեստացիայի տվյալ փուլում թույլատրվող դեղամիջոցներով թերապիայի կուրս:
Բուժման արդյունավետությունը գնահատվում է հիվանդության ախտանիշների անհետացմամբ, ինչպես նաև լաբորատոր ցուցանիշների նորմալացմամբ: Հետազոտությունն անցկացվում է բուժման կուրսի ավարտից մեկ շաբաթ անց և ոչ ավելի վաղ:
Բակտերալ վագինոզի համալիր բուժումը 90% դեպքում տալիս է երկարատև դրական արդյունք: Բայց պետք է նաև հիշել, որ բակտերիալ վագինոզը կարող է կրկնվել: Հեշտոցի դիսբիոսի կանխման համար անհրաժեշտ է տարվա մեջ գոնե մեկ անգամ այցելել գինեկոլոգի և հնարավորինս վերացնել այն գործոնները, որոնք կարող են հանգեցնել հեշտոցի դիսբիոսի: