Ինչպե՞ս է գործում կնոջ վերարտադրողական համակարգը և ինչու՞ է ժամանակի ընթացքում նվազում AMH հորմոնը

Ինչպե՞ս է գործում կնոջ վերարտադրողական համակարգը և ինչու՞ է ժամանակի ընթացքում նվազում AMH հորմոնը

Կնոջ վերարտադրողական համակարգը կազմված է մի քանի փոխկապակցված օրգաններից և հորմոնալ մեխանիզմներից, որոնք միասին ապահովում են դաշտանային ցիկլը, ձվաբջջի հասունացումը, բեղմնավորումը և հղիության զարգացումը։ Չնայած այս գործընթացը բարդ է, այն աշխատում է շատ ճշգրիտ և կանոնավոր։

Ինչպե՞ս է աշխատում վերարտադրողական համակարգը

Վերարտադրողական գործընթացը սկսվում է ձվարաններում, որտեղ կինը ծնվում է նախնական ֆոլիկուլների մի մեծ պաշարով։ Ամեն դաշտանային ցիկլի ընթացքում այս ֆոլիկուլներից մի խումբ ակտիվանում է, և դրանցից մեկը դառնում է գերիշխող՝ զարգացնելով հասուն ձվաբջիջ։ Երբ ձվաբջիջը հասունանում է, տեղի է ունենում օվուլյացիա, այսինքն՝ ձվաբջիջը դուրս է գալիս ձվարանից։Այնուհետև ձվաբջիջը շարժվում է դեպի ձվատար խողովակ, որը հանդիսանում է ձվարանից արգանդ տանող «ուղին»։ Եթե այդ ճանապարհին այն հանդիպում է սերմաբջջին, կարող է տեղի ունենալ բեղմնավորում։ Բեղմնավորված ձվաբջիջը շարժվում է դեպի արգանդ, որտեղ կարող է ամրանալ և սկսել զարգանալ՝ առաջացնելով հղիություն։

Հորմոնները այս ամբողջ գործընթացի «ղեկավարն» են։ Ուղեղի որոշ կենտրոններից արտադրվող հորմոնները կանոնակարգում են, թե ինչպես են աշխատում ձվարանները՝ որ փուլում պետք է աճեն ֆոլիկուլները, երբ պետք է տեղի ունենա օվուլյացիա, ինչպես պետք է փոփոխվի արգանդի լորձաթաղանթը։ Այս համակարգի որևէ օղակի խանգարումը կարող է ազդել օվուլյացիայի, դաշտանային ցիկլի կամ հղիանալու հնարավորության վրա։

Ի՞նչ է AMH-ը և ինչու է այն կարևոր

AMH-ը (Anti-Müllerian Hormone) հորմոն է, որը արտադրվում է ձվարաններում գտնվող փոքր ֆոլիկուլների կողմից։ Այն համարվում է օվարյան ռեզերվի՝ այսինքն ձվաբջջային պաշարի ամենահավաստի ցուցիչներից մեկը։

AMH-ի մակարդակը բժիշկներին տալիս է տեղեկատվություն այն մասին, թե կանանց մոտ որքան ակտիվ ֆոլիկուլներ կան տվյալ պահին։ Բարձր AMH-ը սովորաբար նշանակում է, որ ֆոլիկուլների պաշարը բավարար է, իսկ ցածրը՝ որ պաշարը նվազել է։

AMH-ի նվազումը՝ բնական գործընթաց

Կարևոր է հասկանալ, որ կինը ծնվում է որոշակի ֆոլիկուլային պաշարով, որը ամբողջ կյանքի ընթացքում միայն նվազում է։

  • Երիտասարդ տարիքում պաշարը մեծ է,
  • 30-ից հետո սկսում է ավելի արագ նվազել,
  • 40-ից հետո այն դառնում է զգալիորեն փոքր։

Այս գործընթացը բնական է, և հենց դրա հետևանքով AMH-ի մակարդակը տարիքով իջնում է։Բայց AMH-ի նվազումը պարտադիր չի նշանակում, որ կինն առողջական խնդիր ունի․ դա պարզապես ցույց է տալիս, որ ձվարանների ֆոլիկուլային ռեզերվը բնականոն կերպով նվազում է։

Ի՞նչ կարող է արագացնել AMH-ի անկումը

Բացի տարիքից, կան մի քանի գործոններ, որոնք կարող են արագացնել ձվարանների ֆոլիկուլային պաշարի նվազումը․

  • ձվարանների վիրահատություններ,
  • ծխախոտ,
  • ծանր սթրեսներ և քրոնիկ հոգնածություն,
  • վիտամին D-ի պակաս,
  • քիմիաթերապիա կամ ռադիոթերապիա,
  • էնդոմետրիոզի որոշ ձևեր, մասնավորապես՝ ձվարանային կիստաներ (էնդոմետրիոմա)։

Այս գործոնների վերահսկումը հաճախ կարևոր քայլ է վերարտադրողական առողջությունը պահպանելու համար։

Հնարավո՞ր է բարձրացնել AMH-ը կամ վերականգնել ֆոլիկուլային պաշարը

Այս հարցը հաճախ է տրվում, և պատասխանն անկեղծ է՝ֆոլիկուլային պաշարը վերականգնել հնարավոր չէ քանի որ կորցրած ֆոլիկուլները չեն ստեղծվում նորից։

AMH-ի մակարդակը «բարձրացնելը» նույնպես իրականում հնարավոր չէ, եթե այն նվազել է տարիքային կամ գենետիկ պատճառներով։ Սակայն որոշ գործոնների դեպքում՝ օրինակ վիտամին D-ի պակաս, սթրես, սննդային խնդիրներ, AMH-ը կարող է փոքր-ինչ բարձրանալ պատճառի վերացման արդյունքում։

Ինչ կարելի է անել՝ ձվաբջիջների որակը պահպանելու համար

Թեպետ ֆոլիկուլների քանակը չի ավելանում, հնարավոր է կատարել քայլեր, որոնք բարելավում են ձվաբջջի որակը, ինչը շատ կարևոր է հղիության պլանավորման ժամանակ։ Սրանք են՝

  • DHEA՝ որոշ դեպքերում օգնում է ֆոլիկուլների ակտիվությանը (բժշկի խիստ հսկողությամբ),
  • Վիտամին D-ի մակարդակի նորմալացում,
  • Առողջ քաշի պահպանում,
  • Կանոնավոր ֆիզիկական ակտիվություն,
  • Ժամանակին քուն և սթրեսի նվազեցում,
  • Ծխախոտի դադարեցում,
  • Հորմոնների հավասարակշռման վերահսկում (օր.՝ վահանաձև գեղձի հորմոններ, պրոլակտին)։

Այս մոտեցումները չեն բարձրացնում AMH-ը, բայց կարող են դրական ազդեցություն ունենալ վերարտադրողական առողջության և հղիանալու հավանականության վրա։

views 2181
Վահանաձև գեղձի խանգարումները և կնոջ վերարտադրողական առողջությունը

Վերարտադրողական շրջան

Վահանաձև գեղձի խանգարումները և կնոջ վերարտադրողական առողջությունը

Ձվարանային պաշար․ ինչու՞ տարիքը միակ որոշիչ գործոնը չէ

Վերարտադրողական շրջան

Ձվարանային պաշար․ ինչու՞ տարիքը միակ որոշիչ գործոնը չէ

Վաղ ձվարանային անբավարարություն․ երբ ձվարանների ֆունկցիան նվազում է ժամանակից շուտ

Վերարտադրողական շրջան

Վաղ ձվարանային անբավարարություն․ երբ ձվարանների ֆունկցիան նվազում է ժամանակից շուտ

Ցավոտ դաշտանային ցիկլ․ Ե՞րբ է այն պահանջում մասնագիտական գնահատում

Վերարտադրողական շրջան

Ցավոտ դաշտանային ցիկլ․ Ե՞րբ է այն պահանջում մասնագիտական գնահատում