Ի՞նչ է հարկավոր անել կոլպոսկոպիայից հետո
Ի՞նչ է հարկավոր անել կոլպոսկոպիայից հետո
Կոլպոսկոպիայից հետո հնարավոր է՝ մի քանի օր ցավային զգացողություններ ունենաք հեշտոցում։ Եթե կատարել եք բիոպսիա, ապա կարող եք նաև ունենալ մուգ գույնի հեշտոցային արտադրություն: Օգտագործեք միջադիր կամ տամպոն, եթե բժշկի կողմից չկա հակացուցում։
Ահա՛ մի քանի կանոն, որոնք պետք է հիշել, եթե իրականացրել եք կոլպոսկոպիա և բիոպսիա.
• Դուք կարող եք ցնցուղ կամ լոգանք ընդունել, երբ ցանկանաք:
• Եթե կոլպոսկոպիային զուգահեռ բիոպսիա չեք կատարել, կարող եք սեռական հարաբերություն ունենալ, երբ ցանկանաք:
• Եթե կատարել եք բիոպսիա, ապա մոտ երեք օր բացառեք սեռական հարաբերությունը։
• Եթե որևէ դեղամիջոց եք ընդունում, շարունակեք դրանք սովորականի պես ընդունել, ներառյալ հակաբեղմնավորիչները:
Որո՞նք են կոլպոսկոպիայի և բիոպսիայի վտանգները
Կոլպոսկոպիայից և բիոպսիայից հետո սովորաբար խնդիրներ չեն առաջանում: Հազվագյուտ ռիսկերը ներառում են արյունահոսություն կամ վարակ, որը բուժման կարիք ունի:
Անմիջապես կապ հաստատեք ձեր բժշկին, եթե ունեք.
• առատ արյունահոսություն,
• ջերմություն կամ սարսուռ,
• առատ, դեղին գույնի կամ վատ հոտով արտադրություն հեշտոցից,
• ուժեղ ցավ ձեր որովայնի ստորին հատվածում։
Եթե դուք հղի եք Հղիության ընթացքում կոլպոսկոպիայի իրականացումն անվտանգ է: Հղիության ընթացքում բիոպսիայի իրականացումը բավականին ցածր ռիսկային է, բայց բժիշկը կարող է հետաձգել այն մինչև երեխայի ծնունդը:
Հղիները բիոպսիայից հետո կարող են ավելի շատ արյունահոսություն ունենալ: Դա պայմանավորված է նրանով, որ հղիության ընթացքում արգանդի պարանոցի արյան մատակարարումը մեծանում է: Եվ մի անհանգստացեք. կոլպոսկոպիայի և բիոպսիայի իրականացումը չի ազդում ապագայում երեխա ունենալու ձեր կարողության վրա:
Ի՞նչ անել, եթե կոլպոսկոպիայի արդյունքները նորմալ չեն
Եթե ձեր բժիշկը հայտնաբերել է անոմալ բջիջներ, հարկավոր է այլ հետազոտություններ իրականացնել և բուժում ստանալ։ Ամեն ինչ կախված է արգանդի պարանոցի ոչ նորմալ բջիջների ցուցանիշներից։ Ձեր բժիշկը կարող է խորհուրդ տալ սպասել և հսկողություն սահմանել։ Այս դեպքում կիրականացնեք ևս մեկ ՊԱՊ թեստ և միգուցե այլ թեստեր՝ բջիջները դիտելու համար: Երբեմն բիոպսիան նաև ձեր բուժումն է: Դա պայմանավորված է նրանով, որ բժիշկը կարող է բիոպսիայի ընթացքում հեռացնել ձեր բոլոր անոմալ բջիջները: Եթե այո, ապա այլևս բուժման կարիք չեք ունենա: Դուք նորից կանցնեք կոնքի կանոնավոր հետազոտություններ, ՊԱՊ թեստեր և/կամ HPV թեստեր: Կամ դուք կարող եք նաև հետագա բուժման կարիք ունենալ:
Գոյություն ունեն չորս ընթացակարգեր, որոնք հեռացնում են անոմալ բջիջները և կանխում արգանդի վզիկի քաղցկեղը։
• Կրիոթերապիա. անոմալ բջիջները սառեցվում են։
• LEEP. անոմալ բջիջները հեռացվում են բարակ մետաղալարով օղակի միջոցով, որը կրում է էլեկտրական հոսանք։
• Լազեր. անոմալ բջիջները հեռացվում են լազերի միջոցով։
•Կոնիզացիա. ձեր արգանդի պարանոցից կտրվում է կոնաձև սեպ՝ անոմալ բջիջները հեռացնելու համար։
Անկախ նրանից, թե ինչ բուժում եք ստանում, կարևոր է շարունակել կանոնավոր հետազոտություններ անցնել նաև բուժվելուց հետո: Չնայած այս ընթացակարգերը շատ արդյունավետ են, երբեմն խնդիրը կարող է կրկնվել։
Բաժանորդագրվեք նաև մեր․ Տելեգրամյան ալիքին , Ֆեսբուքյան էջին, Ինստագրամյան էջին, Յութուբյան ալիքին