Միգրեն
Միգրեն
Միգրենը նյարդաբանական խանգարում է, որի հիմնական ախտանիշը՝ պարբերաբար կրկնվող ուժգին գլխացավերն են: Դրանք նոպայաձև են և կարող են տևել մի քանի ժամից մինչև մի քանի օր: Սովորաբար ցավը բաբախող է և միակողմանի տեղակայմամբ։ Խանգարումը հաճախ ուղեկցվում է ախտանիշներով՝ սրտխառնոց, փսխում, թուլություն, լույսի, հոտի կամ ձայնի նկատմամբ գերզգայունություն:
Ի՞նչ է միգրենը:
Բժիշկներն առանձնացնում են խանգարման մի քանի ձև:
Աուրայով միգրեն (բարդացված)
Դրա հետ բախվում են գլխացավով տառապող մարդկանց 20% -ը: Այս դեպքում, ցավային տիպիկ նոպայից առաջ կամ դրա գագաթնակետում զարգանում է աուրա` ի հայտ են գալիս զիգզագ, կայծեր, կայծակնային առկայծումներ հիշեցնող տեսողական խանգարումներ, որոնք տարածվում են աջ և ձախ տեսադաշտեր, առաջանում է թուլություն վերջույթներում, դժվարացված խոսք : Նման ախտանիշները տևում են 5 րոպեից մինչև մեկ ժամ:
Միգրեն առանց աուրայի (սովորական)
Նոպայի մասին վկայող նշաններ չկան, գլխացավը սկսվում է հանկարծակի:
Միգրեն առանց գլխացավի
Սա կոչվում է «լուռ միգրեն» կամ ացեֆալգիկ միգրեն: Այս դեպքում մարդը զգում է աուրան՝ առանց գլխացավի։
Հեմիպլեգիկ միգրեն
Այն դրսևորվում է հստակ թուլությամբ՝ մինչև միակողմանի կաթվածով։ Երբեմն առաջանում է սարսուռ, զգայունության կորուստ և մեկ աչքի տեսողության կորուստ: Այնուհետև կարող է զարգանալ գլխացավի նոպա:
Աչքի միգրեն
Այս դեպքում աչքի մոտ առաջանում է բութ ցավ, այնուհետև տարածվում ամբողջ գլխով: Հաճախ առաջանում է նաև տվյալ աչքի տեսողության նվազում կամ կորուստ։ Նման խանգարումը կարող է շարունակվել մեկ րոպեից մինչև անգամ մի քանի շաբաթ: Եթե տհաճ ախտանիշները համառորեն չեն վերանում, անպայման դիմեք բժշկի ` առողջական ավելի լուրջ խնդիրը բացառելու համար:
Քրոնիկ միգրեն
Քրոնիկ է համարվում, եթե նոպաները կրկնվում են ամսական 15 անգամ կամ ավելի հաճախ: Գլխացավից անձը փորձում է ազատվել հաճախ ցավազրկողներ խմելով, իսկ դա, իր հերթին, առաջացնում է գլխացավ՝ պայմանավորված դեղերի ընդունմամբ։
Միգրեն աուրայով՝ բազիլյար տիպի
Այս խանգարման դեպքում ուղեղի ցողունի արյան մատակարարման ինտենսիվությունը կրճատվում է և հայտնվում են հետևյալ ախտանիշները՝ ուժգին գլխապտույտ, հավասարակշռության կորուստ, անհասկանալի խոսք, տեսողության խանգարում, փսխում, ձայն ականջներում: Այս նշանները նման են նաև կաթվածի նախանշաններին, ուստի առկայության դեպքում պետք է շտապ դիմել բժշկի։
Միգրենոզ վիճակ
Այսպես է անվանվում խանգարման հազվագյուտ և ծանր ձևը, որի դեպքում գլխացավի նոպաները հաջորդում են մեկը մյուսին, և դա կարող է տևել մի քանի օր: Այս դեպքում գլխացավը լինում է ուժգին արտահայտված և ուղեկցվում է փսխումներով։
Միգրենի պատճառները
Նյարդաբանական խանգարումը չունի որևէ հստակ պատճառ, դրանք փոխկապակցված են.
• Գենետիկա
• Գլխուղեղի անոթային խանգարումներ
• հորմոնալ փոփոխություններ
• Արտաքին միջավայրի ազդեցություն, տարբեր արտաքին գործոններ, որոնք ազդում են նյարդային համակարգի վրա:
Ի՞նչ անել, եթե Ձեզ մոտ առկա է միգրեն
Միգրենը բավականին հստակ ախտանիշներ ունի, որոնք թույլ են տալիս դա տարբերակել գլխացավի այլ տեսակներից: Այնուամենայնիվ, միայն բժիշկը կարող է ճշգրիտ ախտորոշել: Կարևոր է բացառել անոթային խանգարումները, նյարդային խնդիրները, ուղեղի ուռուցքները և այլ լուրջ հիվանդություններ, որոնք կարող են արտահայտվել նմանատիպ ախտանիշներով։
Ինչպե՞ս բուժել միգրենը
Միգրենի հստակ բուժում, ցավոք, գոյություն չունի: Միգրենը բուժվում է սիմպտոմատիկ, այսինքն՝ հնարավորինս մեղմացվում են ախտանիշները բժշկի նշանակած դեղորայքի օգնությամբ։
Աղբյուրը
Բաժանորդագրվեք նաև մեր․ Տելեգրամյան ալիքին , Ֆեսբուքյան էջին, Ինստագրամյան էջին , Յութուբյան ալիքին
Նմանատիպ նյութեր

Գլխացավը հղիության ընթացքում

Անոթային բարձր ճնշումը հղիության ընթացքում

Ինչպե՞ս բարձրացնել արյան ճնշումը․ 5 արագ մեթոդներ, որոնք հաստատ կօգնեն

Գլխի հետևի հատվածում առաջացող ցավի 5 պատճառ․ ինչ անել նմանատիպ դեպքերում

Ինչպե՞ս իջեցնել արյան ճնշումն առանց դեղորայքի
