Ինչո՞ւ է արմունկների մաշկը չորանում, ի՞նչ անել
Ինչո՞ւ է արմունկների մաշկը չորանում, ի՞նչ անել
Որն է արմունկների մաշկի առանձնահատկությունը
Այս հատվածի մաշկը տարբերվում է մարմնի այլ հատվածների մաշկից: Նախ այս հատվածում գրեթե չկան ճարպեր, որի գաղտնիքը ջրա-լիպիդային թթվային պաշտպանիչ շերտի առաջացումն է: Դրա պատճառով վերին մաշկի շերտը` էպիդերմիսը, գործնականում պաշտպանված չէ խոնավության կորստից: Առանց բնական պաշտպանիչ շերտի՝ այն սկսում է կլպվել և նույնիսկ ճաքճքել: Երկրորդ՝ արմունկների մաշկը մշտական շարժման մեջ է։ Լրացուցիչ բեռին դիմակայելու պատճառով այն ստիպված է ձգվել և կոշտանալ: Այնուամենայնիվ, այս դժվարությունը ոչ միայն արմունկինն է, այլև՝ հոդերինը։ Նման խնդիր ունի նաև ծնկների և կոճերի մաշկը:
Արմունկների չոր մաշկն ինքնին վտանգավոր չէ, բայց պետք չէ հասցնել այն ճաքճքվածության, որի դեպքում դեպի խորը շերտեր կարող են թափանցել բակտերիաներ ու վիրուսներ, որոնք հանգեցնում են ավելի լուրջ խնդիրների:
Ինչու է մաշկը չորանում
Սովորաբար, մաշկի վիճակը վատթարանում է չոր օդի, ջերմաստիճանի իջեցման ու հագուստի հետ մշտական շփման պատճառով: Այնուամենայնիվ, արմունկների մաշկը կարող է չորանալ նաև ամռանը:
Ահա՛ ամենատարածված պատճառները
• Լվացվելու չափազանց ագրեսիվ միջոցներ, որոնք էլ ավելի են չորացնում էպիդերմիսը: Օրինակ, սովորական ալկալային օճառը ոչնչացնում է թթվային մաշկի շերտը, և էպիդերմիսին անհրաժեշտ է երկու-վեց ժամ՝ հավասարակշռությունը վերականգնելու համար:
• Սեղանին արմունկներով հենվելու սովորությունը, որի պատճառով տեղի են ունենում լրացուցիչ ճնշում և շփում:
• Կոպիտ կամ սինթետիկ հագուստ, որը գրգռում է մաշկը:
• Տաք ջրով ցնցուղի կամ լոգանգի ընդունումը։ Բարձր ջերմաստիճանի պատճառով մարմինը կորցնում է խոնավությունը, և ջրազրկումն առաջին հերթին նկատելի է զգայուն հատվածներում: Երկարատև լոգանքներն ավելի շատ են վնասում մաշկը, քան ցնցուղը։ Երկար մնալով տաք ջրի մեջ՝ վնասվում է էպիդերմիսը, այսինքն՝ զրկվում պաշտպանությունից:
• Լողավազանի քլորացված ջուր: Արմունկի չպաշտպանված մաշկի վրա քիմիական նյութերի նկատմամբ ալերգիան առանձնահատուկ է դրսևորում:
• Վիտամինների և միկրոէլեմենտների պակաս, որոնք խթանում են մաշկի թարմացումը: Այս դեպքում առավել արժեքավոր են՝ A և E վիտամինները, բիոտինը, ցինկը:
Ինչպես օգնել մաշկին
Առանց պատշաճ խնամքի արմունկների մաշկն արագորեն դառնում է ճաքճքված: Ահա, թե ինչ են խորհուրդ տալիս մաշկաբանները.
• Փորձեք ավելի քիչ ժամանակ անցկացնել ջրի մեջ, հատկապես տաք կամ քլորացված:
• Փոխեք ալկալային օճառը ավելի մեղմ միջոցներով, որոնց pH-ն ավելի մոտ է մաշկի թթվայնությանը։ Կարելի է օգտագործել միջոցներ, որոնք պարունակում են կաթնաթթու, իսկ տրիկլոզան կամ պերօքսիդ պարունակող օճառներ խորհուրդ չի տրվում ամեն օր օգտագործել։
• Ջրային ընթացակարգերից հետո անպայման պետք է խոնավացնել մաշկը:
• Խորհուրդ է տրվում ամենօրյա խնամքի համար օգտագործել քսուքներ, բայց ոչ օրգանական յուղեր, որոնք մաքրում են լիպիդները՝ ավելի չորացնելով մաշկը։
• Անհրաժեշտ է սննդակարգում ներառել մաշկի համար օգտակար մթերքներ, ինչպիսիք են՝ մրգերը, բանջարեղենը, ընդեղենը և սերմերը, յուղոտ ձուկը և այն ամենն, ինչը հարուստ է հակաօքսիդանտներով և չհագեցած ճարպաթթուներով։
• Անհրաժեշտ է պաշտպանել մաշկը արևից, քամուց և ցրտից։ Հագնվե՛ք եղանակին համապատասխան, մի՛ մոռացեք օգտագործել արևապաշտպան քսուքներ, եթե երկար ժամանակ եք անցկացնում դրսում։
• Եթե չունեք մաշկային հիվանդություններ, ապա կօգնեն նուրբ պիլինգը և խոզանակով մերսումը։ Այս պրոցեդուրաները պետք է իրականացնել շաբաթը մեկ անգամից ոչ հաճախ։
Երբ է պետք դիմել բժշկի
Եթե, չնայած խնամքին, արմունկների մաշկը կլպվում է, հայտնվում են ճաքեր և խոցեր, արժե զգոն լինել, քանի որ չորությունն առողջական լուրջ խնդիրների նշան է: Ահա՛ դրանցից մի քանիսը.
• Հորմոնալ անհավասարակշռություն:
Օրինակ, էստրոգենի մակարդակի անկում, որն օգնում է մաշկին պահպանելու խոնավությունը: Այս հորմոնի նվազումը սովորաբար նկատվում է դաշտանադադարի, հղիության և դաշտանի ընթացքում:
• Շաքարախտ և էնդոկրին համակարգի այլ խանգարումներ: Դրանք արտացոլվում են մաշկի վրա, և հատկապես նկատելի են արմունկների և ծնկների վրա:
• Երկաթի անբավարարություն՝ անեմիա: Այս դեպքում հեմոգլոբինի արտադրությունը խանգարվում է երկաթի անբավարարության պատճառով:
• Արմունկի էկզեմա, որի դեպքում առաջանում են ճաքեր և խոցեր:
• Փսորիազ, որի դեպքում մաշկի վրա առաջանում է կլպվող ցան:
Նկատելով կասկածելի ախտանիշներ՝ այցելե՛ք բժշկի: Միայն մասնագետը կկարողանա տալ վերջնական ախտորոշում:
Աղբյուրը
Բաժանորդագրվեք նաև մեր․ Տելեգրամյան ալիքին , Ֆեսբուքյան էջին, Ինստագրամյան էջին , Յութուբյան ալիքին