Խոլեստերին․ օգտակարությունն ու վնասակարությունը

Խոլեստերինը մեծ քանակությամբ պարունակվում է միայն կենդանական ծագման մթերքներում՝ նյարդային և ճարպային հյուսվածքներում, ինչպես նաև լյարդի բջիջներում։ Ընդ որում՝ այն ոչ միայն լեղաթթվի, այլև սեռական հորմոնների առաջացման հիմքն է։
Դրանով հարուստ մթերքներից են՝ ձու, ձուկ, միս, ծովամթերք, ինչպես նաև բնական կաթնամքերքը։ Խոլեստերինի մեծ մասն օրգանիզմն ինքնուրույն է արտադրում և միայն 25%-ն է ստանում սննդամթերքից։
Խոլեստերինը պայմանականորեն բաժանում են «լավի» և «վատի»։ «Լավ» խոլեստերինը մեծ քանակությամբ պարունակվում է կենդանական ծագման այն մթերքներում, որոնք պատրաստվել են խոհանոցային մշակման կանոններին համապատասխան։ Առողջ օրգանիզմում խոլեստերինի ավելորդ քանակն ինքնուրույն է հեռացվում։
«Վատ» խոլեստերինը կուտակվում է եփած ճարպերից, որոնք վերափոխվում են տրանս-ճարպերի։ Այդ դեպքում խոլեստերինի կառուցվածքը փոխվում է՝ դառնալով վնասակար։
Օգտակար հատկությունները և ազդեցությունն օրգանիզմի վրա
Խոլեստերինն անհրաժեշտ է բջջային մեմբրանների պատերի ամրացման համար, բացի այդ կառուցանյութ է բջիջների համար։ Շտապօգնության դեր է կատարում անոթների պատերի վնասման և էրիթրոցիտների ամբողջականության խախտման դեպքում։ Անհրաժեշտ է կորտիկոստերոիդների արտադրման համար, մասնակցում է նյութափոխանակությանը։
Օրգանիզմում խոլեստերինի պակասի նշաններն են՝
- իմունիտետի անկում,
- դյուրագրգռություն,
- բարձր զգայունակություն ցավի հանդեպ,
- սեռական ցանկության նվազում,
- վերարտադրողական ֆունկցիայի վատացում և այլն։
Ավելցուկի նշաններն են՝
- խոլեստերինային կուտակումներ անոթներում,
- ճարպակալում։
Եթե օրգանիզմը չի կարողանում ազատվել «վատ» խոլեստերինից, անոթներն սկսում են խցանվել՝ խախտելով օրգանիզմի բնական հեմոդինամիկան։ Դանդաղում է նյութափոխանակությունը, մեծանում է մարմնի զանգվածը։
Հաճախ է ասվում, որ խոլեստերինը վնասակար է սրտանոթային համակարգի համար և բազմաթիվ հիվանդություններ է առաջացնում։ Պետք է նկատի ունենալ, որ առողջ սնվելու դեպքում այդ վտանգը չկա։ Վտանգը գալիս է տրանս-ճարպերից, որոնք առաջանում են օրինակ մթերքները տապակելիս (ֆասթֆուդ)։