Հղիության ընթացքում կարելի՞ է լողալ ջրավազանում

Ամռան շոգին հաճախ է լճում կամ մոտակա ջրավազանում լողալու ցանկություն առաջանում։ Բացի այդ, արևը բարենպաստ ազդեցություն է թողնում ապագա մոր օրգանիզմի վրա․ ամրացնում էդիմադրողական համակարգը, խթանում արյան շրջանառությունը և նյութափոխանակությունը, օգնում կանխել վարակիչ հիվանդությունները, նպաստում է վիտամին D-ի արտադրմանը, ինչը խիստ կարևոր է նաև երեխայի առողջության և ներդաշնակ զարգացման համար։
Լողը նույնպես շատ օգտակար է․ ջուրը նպաստում է նյութափոխանակության լավացմանը, ընկերքում արյան շրջանառության բարելավմանը, անոթային ճնշման և արգանդի տոնուսի կարգավորմանը, օգնում է ազատվել այտուցներից, մեջքի ցավից, ոտքերում ծանրության զգացումից։
Հղիությունը, սակայն, իր կանոններն է թելադրում, որոնք պահպանելու դեպքում օրգանիզմը միայն կշահի, իսկ հանգիստն էլ լիարժեք կլինի։
Ուշադրություն դարձրեք ջրի ջերմաստիճանին։ Այն պետք է լինի 22°С-ից ոչ ցածր, իսկ օդի ջերմաստիճանը՝ 25°С և ավել։ Կարելի՞ է լողալ սառը ջրում։ Հնարավոր է, որ սառը ջուրը ջղակծկումներ առաջացնի և հարբուխի պատճառ դառնա։
Կախված երեխայի աճից՝ արգանդը դժվարացնում է արյան հոսքը դեպի կոնքի օրգաններ, ինչի արդյունքում ոտքերում ավելի շատ երակային արյուն է հավաքվում, քան սովորաբար։ Այդ երևույթը ջղակծկումների առաջացման հիմնական պատճառներից մեկն է։ Մկանների սպազմի պատճառով հնարավոր է, որ կինը հանկարծակի կործնի հավասարակշռությունը և ընկնի։
Համոզվեք, որ ջրավազանը մաքուր է։ Տեղն ընտրելուց առաջ համոզվեք, որ մոտակայքում վնասակար արտադրամաս, անասնաֆերմա կամ կոյուղու ջրի հոսք չկա դեպի լճակ կամ գետ։
Ջրում քիչ ժամանակ անցկացրեք։ Կարելի է ջրում մնալ առավելագույնը 10ր։ Ընդ որում՝ փորձեք այդ ընթացքում շատ շարժվել և լողալ։ Այդ չի նշանակում, որ ամբողջ ընթացքում հակացուցված է տասը րոպեից ավել ջրում մնալը․ լավ ինքնազգացողության դեպքում կարող եք մի քանի անգամ լողալ, յուրաքանրյուր անգամ 10ր, որպեսզի մարմինը չսառչի, չհոգնեք և ջղակծկումներ էլ չառաջանան։
Ափ դուրս գալուն պես հարկավոր է չորանալ սրբիչով, 3-5 ր մնալ արևի տակ, որպեսզի տաքանաք, և գնալ ստվերոտ տեղ։
Պաշտպանվեք արևի ճառագայթներից։ Չի կարելի արևի տակ մնալ կեսօրին։ Եթե ցանկանում եք արևային լոգանք ընդունել, այդ կազմակերպեք մինչև առավոտյան տասը և 17:00-ից հետո, երբ արևի ճառագայթներն անվնաս են։ Անպայման լայնեզր գլխարկ դրեք և արևապաշտպան քսուք օգտագործեք։ Փորձեք յուրաքանչյուր 20 րոպեն մեկ գոնե տասը րոպեով ստվերում նստել։
Հղիությունը հակացուցում չէ ամառային հանգիստը ձեր ուզած ձևով կազմակերպելու համար։ Մի փոքր ուշադրություն, կանոնների պահպանում, և հանգիստը գերագույն հաճույք կպարգևի ձեզ և օգտակար կլինի նաև ձևավորվող երեխայի համար։