Էրիթրոցիտների առկայությունը մեզում (էրիթրոցիտուրիա)․ բնույթն ու ախտանշանները
Էրթրոցիտները մաքրում են օրգանիզմը թունավոր և վնասակար այլ նյութերից, որոնք ունակ են ինքնաթունահարություն առաջացնել։ Բորբոքման և հիվանդությունների դեպքում բջիջների խտությունը շեշտակի մեծանում է։
Էրիթրոցիտուրիան հայտնաբերվում է այնտեղ, որտեղ տեղակայված է բորբոքումը կամ վարակը։ Էրիթրոցիտների առկայությունը մեզում որոշվում է լաբորատոր հետազոտությամբ՝ մեզի ընդհանուր հետազոտություն և հետազոտություն ըստ Նեչիպորենկոյի։
Որպես կանոն՝ մեզում չպետք է էրիթրոցիտներ լինեն, կամ էլ դրանց մակարդակը տեսադաշտում պետք է լինի առավելագույնը 3-ը , մնացյալ բոլոր դեպքերում շեղում է համարվում։
Ինչո՞ւ է մեզում բարձրանում էրիթրոցիտների մակարդակը։ Ցուցանիշների ֆիզիոլոգիական մեծացումը դիտվում է հետևյալ վիճակներում՝
- դաշտան,
- ալկոհոլային ինքնաթունահարություն,
- ուժգին սթրես,
- ֆիզիկական գերծանրաբեռնվածություն,
- կծու և համեմունքներով հարուստ սննդի չարաշահում և այլն։
Կեղծ արդյունք է դիտվում, երբ կինն անալիզի նմուշը վերցնում է դաշտանի ընթացքում (չնայած լվացման և նմուշառման կանոնների պահպանմանը, այնուամենայնիվ որոշակի քանակով բջիջներ անցնում են մեզի մեջ)։
Ախտաբանական էրիթրոցիտուրիան դիտվում է հետևյալ հիվանդությունների դեպքում՝
- միզասեռական համակարգի հիվանդություններ (ցիստիտ, ուրետրիտ, կոլպիտ),
- միզաքարային հիվանդություն,
- միզապարկի կամ երիկամների վնասվածք,
- միզասեռական համակարգի նորագոյացություններ,
- երիկամների հիվանդություն (պիելոնեֆրիտ, նեֆրիտ, նեֆրոտիկ համախտանիշ և այլն),
- երիկամային ծագման անոթային բարձր ճնշում,
- արգանդային ախտաբանական արյունահոսություն,
- գինեկոլոգիական հիվանդություններ (արգանդի պարանոցի էրոզիա),
- թրոմբոցիտոպենիա,
- հեմոֆիլիա և այլն։
Մեզում էրիթրոցիտների առկայության վերջնական պատճառը պետք է պարզի բժիշկը, ըստ այդմ՝ հաճախ հավելյալ հետազոտություններ են նշանակվում։
Ախտանշանները
Էրիթրոցիտուրիան հազվադեպ է առանց ախտանշանների ընթանում, սովորաբար կինն արագ է ախտաբանական փոփոխություններ նկատում։ Ախտանշանները տարբեր են լինում՝ կախված բորբոքային պրոցեսի տեղակայումից։ Մեզի գույնն սկսում է փոխվել։ Եթե աննշան էրիթրոցիտուրիայի դեքում այդ աննկատ է, ապա արտահայտված լինելու դպքում մեզում արյուն է ի հայտ գալիս։
Հիմնական ախտանշաններն են՝
- ցավ որովայնի ստորին շրջանում,
- միզարձակման հաճախակիություն,
- ցավ միզելուց առաջ կամ հետո,
- ջերմության բարձրացում,
- ընդհանուր թուլություն,
- գլխացավ,
- մեջքի ցավ,
- ախորժակի բացակայություն կամ սրտխառնոց,
- անոթային ճնշման բարձրացում,
- մեզում արյան առկայություն,
- արյունային արտադրություն հեշտոցից և այլն։
Հատուկ ուշադրություն է պետք դարձնել կենսանյութի հավաքմանը։ Այդ հարցում սխալը կարող է խեղաթյուրել հետազոտության արդյունքները։ Անալիզը պետք է հանձնել ստերիլ տարայով և սեռական օրգանները լավ լվանալուց հետո։
Սովորաբար ցուցիչները բարձրանում են սպիտակուցի և լեյկոցիտների քանակի մեծացմանը զուգահեռ, ինչը վկայում է հիվանդության ինֆեկցիոն բնույթի մասին, ուստի ոչ մի դեպքում չի կարելի անտեսել նկատվող ախտանշանները։
Կարդացեք՝ Էրիթրոցիտուրիայի վտանգն ու բուժման առանձնահատկությունները