Ինչպե՞ս կանխել մաստիտի և լակտոստազի առաջացումը
Կրծքով կերակրման շրջանում հաճախ հանդիպող խնդիրներից է մաստիտը, որի առաջացման պատճառները մի քանիսն են։ Մաստիտի և լակտոստազի մշտական ուղեկիցը մարմնի բարձր ջերմաստիճանն է, կաթնագեղձերի այտուցվածությունն ու ցավը, ինչպես նաև փափուկ հյուսվածքներում կոշտուկների առկայությունը։
Կարդացեք՝ Մաստիտ
Կաթնագեղձերում կաթի կանգային պրոցեսը կանխելու համար խորհուրդ է տրվում՝
- պահպանել կրծքով կերակրման կանոնները և երեխային ճիշտ մոտեցնել կրծքին,
- կրել ազատ, կուրծքը չսեղմող ներքնաշոր կամ էլ հատուկ կրծքկալ, որը ճիշտ դիրքում է պահում կուրծքը,
- կրծքում կաթի կանգի առաջին իսկ ախտանշանների ի հայտ գալուն պես խորհուրդ է տրվում երեխային կերակրել հենց այդ նույն կրծքով,
- պետք է կերակրել նախ մի կրծքով, հետո մյուսով, հերթականությամբ,
- խորհուրդ է տրվում կերակրման ընթացքում փոխել երեխայի դիրքը,
- լակտացիայի սկզբից մեկ ամիս անց կաթը ֆիզիոլոգիապես շատ է արտադրվում, ուստի հարկավոր է նաև կթել,
- կաթնագեղձերը պաշտպանել վնասվելուց,
- եթե կերակրող մայրն ստիպված է չորս ժամ և ավել բացակայել, ապա անհրաժեշտ է կթել կաթը,
- խորհուրդ է տրվում աստիճանաբար դադարեցնել կրծքով կերակրումը։
Կրծքի մերսում
Մաստիտի կանխարգելման արդյունավետ միջոց է ինքնամերսումը։ Մերսումից առաջ հարկավոր է լողանալ և չորացնել կուրծքը։ Կարելի է դեղձի կամ ձիթապտղի յուղ օգտագործել, որպեսզի շփումը ցավ չպատճառի։ Խորհուրդ է տրվում յուրաքանչյուր կուրծքը մերսել երկու ձեռքով։
Մերսումը պետք է սկսել ծայրամասից դեպի կենտրոն՝ պտուկը, շրջանաձև շարժումներով։ Խորհուրդ է տրվում մերսումը կատարել առավոտյան և երեկոյան, տասը րոպեից ոչ ավել։
Հեղուկի պակասեցումը լակտոստազի կանխարգելման միջոց չէ։ Եթե կաթը չափից շատ է արտադրվում, ապա այդ պրոցեսը կարելի է դադարեցնել հատուկ դեղամիջոցների օգնությամբ, որոնք ընտրում է միայն բժիշկը։
Բուժումը
Խորհուրդ է տրվում յուրաքանչյուր կերակրումից հետո փոքր քանակությամբ կաթ կթել։ Կերակրման ընթացքում երեխայի կզակը պետք է դիպչի կանգի առաջացման հատվածին։
Դեղորայքային բուժում
Տեղային օգտագործման համար կարելի է մալավիտի լուծույթ և տրաումելի մազ օգտագործել, վերջինս բացառապես բնական բաղադրիչներից է կազմված։
Խորհուրդներ
- Անգամ կաթի կանգի ախտանշանների ի հայտ գալու դեպքում չարժե դադարեցնել կրծքով կերակրումը։
- Խուսափեք կաթնագեղձերի գերտաքացումից՝ բուժման նպատակով չկիրառելով բարձր ջերմաստիճան։
- Չպակասեցնեք ջրի քանակը։
- Մաստիտի առաջին ախտանշանները նկատելուն պես դիմեք բժշկի, որը հետազոտելուց հետո համապատասխան բուժում կնշանակի։