Հիրսուտիզմ և հիպերտրիխոզ

Աղվամազերը, որոնցով պատված է երեխաների և մեծահասակների մարմինը, ինչպես նաև կանանց դեմքը, փափուկ են, կարճ, բաց գույնի։ Տերմինալային կամ մշտական մազերը, ի տարբերություն աղվամազերի, մուգ գույնի են, հաստ և երկար, աճում են արական սեռական հորմոնների՝ անդրոգենների ազդեցությամբ, այդ պատճառով էլ կոչվում են անդրոգեն-կախյալ։
Հիրսուտիզմը անդրոգեն-կախյալ մազերի ավելորդ աճն է, կամ արական տիպի մազակալումը։ Բնորոշվում է դեմքի վրա, կրծքի և մեջքի վերին հատվածում, պտուկների շուրջ, փորի սպիտակ գծի երկայնքով, ազդրերի ներքին հատվածում ու արտաքին սեռական օրգանների մասում մազերի առաջացմամբ։ «Հիրսուտիզմ» տերմինը գործածում են միայն կանանց դեպքում։
Հիպերտրիխոզի դեպքում մազերն ի հայտ են գալիս մարմնի անգամ այն հատվածներում, որտեղ մազերի աճը կախված չէ անդրոգեններից։ Եթե հիրսուտիզմը պայմանավորված է անդրոգենների մեծ խտությամբ (հիպերանդրոգենիա), ժամանակի ընթացքում կարող է վիրիլիզացիա զարգանալ, մի գործընթաց, որը բնորոշվում է կանանց մոտ արական արտաքին նշանների առաջացմամբ։ Վիրալիզացիայի ախտանշաններն են՝ մազերի կոպտացում, կաթնագեղձերի փոքրացում, մկանային զանգվածի ավելացում, ծլիկի մեծացում և այլն։
Հիրսուտիզմի պատճառները
Հիրսուտիզմը կարող է պայմանավորված լինել անդրոգենների մակարդակի բարձրացմամբ կամ անդրոգենների հանդեպ մազերի ֆոլիկուլների զգայունակությամբ։ Հիրսուտիզմը հիպերանդրոգենիայի վաղ դրսևորումն է։ Արական սեռական հորմոնների բարձր մակարդակը կարող է դիտվել հետևյալ հիվանդությունների և ախտաբանական վիճակների դեպքում։ Ձվարանների պոլիկիստոզ։ Բացի ավելորդ մազակալումից, անհանգստացնում է նաև անպտղությունը, ճարպակալումը, դաշտանային ցիկլի խանգարումը։
Կուշինգի համախտանիշը միավորում է ախտաբանական մի շարք վիճակներ, որոնք ուղեկցվում են օրգանիզմում գլյուկոկորտիկոիդների ավելցուկով։ Հիմնական գլյուկոկորտիկոիդը կորտիզոլն է, որի մակարդակը բարձրանում է բազմաբնույթ սթրեսների ազդեցությունից։
Դրսևորումները՝
- ճարպակալում,
- լուսնաձև դեմք, ստրիաներ որովայնի հատվածում,
- անոթային հիպերտոնիա,
- գլյուկոզայի հանդեպ տոլերանտության խանգարում (մետաբոլիկ համախտանիշ),
- ամենորեա (դաշտանի բացակայություն),
- անպտղություն,
- հիրսուտիզմ և այլն։
Հաճախ հիրսուտիզմն այդ հիվանդության առաջին դրսևորումն է լինում, քանի որ կորտիզոլի ավելորդ քանակը խախտում է սեռական հորմոնների փոխանակությունը։
Մակերիկամների կեղևի բնածին հիպերպլազիան (անդրոգենիտալ համախտանիշ) կորտիզոլի սինթեզի բնածին խանգարումների ամբողջությունն է, որի արդյունքում արյան շիճուկում նվազում է կորտիզոլի մակարդակը և մեծանում է ադրենոկորտիկոտրոպ հորմոնի խտությունը։ Ադրենոկորտիկոտրոպ հորմոնի ավելորդ քանակն առաջացնում է մակերիկամների կեղևի հիպերպլազիա և անդրոգենների սեկրեցիայի մեծացում, ինչը դառնում է հիրսուտիզմի պատճառ։
Ուռուցքներ։ Մակերիկամների և ձվարանների անդրոգեն արտազատող ուռուցքները դրսևորվում են անդրոգենետիկական ալոպեցիայով, դեմքի և այլ անդրոգենակախյալ հատվածների մազակալմամբ։ Հիրսուտիզմից բացի բնորոշ է նաև օլիգոմենորեան (կարճատև դաշտան), ամենորեան, անպտղությունը, կաթնագեղձերի փոքրացումը և այլն։
Տրավմատիկ հիպերտրիխոզը բնորոշվում է սպիների, վնասվածքների ու մաշկի գրգռված հատվածներում մազերի արագ աճով։
Ընտանեկան հիրսուտիզմը բնորոշվում է ձվարանների պոլիկիստոզային համախտանիշի, մակերիկամների կեղևի բնածին հիպերպլազիայի հանդեպ ընտանեկան նախատրամադրվածությամբ։
Իդեոպատիկ հիրսուտիզմի դեպքում մազակալումը դիտվում է այն կանանց դեպքում, որոնց դաշտանային ցիկլը բնականոն է, արյան մեջ անդրոգենների մակարդակը ևս, չկան նաև այլ հիվանդություններ, որոնց մասին խոսեցինք վերևում, այսինքն՝ էնդոկրին կամ գինեկոլոգիական պաթոլոգիաներ չկան։ Իդիպոտաիկ ասելով՝ պետք է հասկանալ, որ հիվանդության պատճառն անհայտ է կամ հնարավոր չէ պարզել։
Դեղորայքային հիպերտրիխոզ և հիրսուտիզմ։ Բազմաթիվ դեղամիջոցներ խթանում են մազերի աճը՝ դառնալով հիրսուտիզմի պատճառ։
Ախտորոշումը
Ախտորոշման նպատակով նախ կատարվում է կյանքի և հիվանդության անամնեզի հավաքում, կլինիկական (ֆիզիկալ) զննում, որից հետո նշանակվում է արյան հետազոտություն մի շարք հորմոնների մակարդակը պարզելու համար։
Տեստոստերոնի խիստ բարձր մակարդակի դեպքում անցկացվում է ձվարանների կամ մակերիկամների անդրոգենարտազատող ուռուցքի հայտնաբերմանն ուղղված հետազոտություն՝ ՈւՁՀ, համակարգչային տոմոգրաֆիա կամ մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիա։
Բուժումը
Հետազոտություններից և հիվանդության պատճառի հայտնաբերումից հետո նշանակվում է բուժում։ Դեղորայքային հիրսուտիզմի դեպքում դադարեցվում է մազերի աճը խթանող դեղամիջոցների ընդունումը։ Հիրսուտիզմի բուժման համար համատեղվում են կոսմետիկ պրոցեդուրաներն (մազերի գունաթափում կամ հեռացում՝ էպիլյացիա, դեպիլյացիա) ու դեղորայքի ընդունումը։
Կարդացեք՝ Մազահեռացման մեթոդները
Սովորաբար հիրսուտիզմի դեղորայքային թերապիայի արդյունքն զգացվում է 3-6 ամիս անց։ Այդ բուժումը դանդաղեցնում է մազերի աճը, իսկ արդեն իսկ առկա մազերը հեռացվում են էպիլյացիայի միջոցով։