Մազահեռացումը հղիության ընթացքում

Մազահեռացումը հղիության ընթացքում

Հղիությունն այնքան փոփոխություններ է բերում կնոջ կյանք, որ կամա-ակամա բազմաթիվ հարցեր են ծագում`ի՞նչ, ինչո՞ւ, ինչպե՞ս, կարելի՞ է։ Ամեն անգամ բժշկի չես դիմի հարցիդ պատասխանն իմանալու համար, մայրիկիդ ես հարցնում՝ ամեն ինչին «չի կարելի» պատասխանն ես լսում, ընկերուհիներն էլ ամեն բան չէ, որ իմանում են։

Հաճախ հղիությամբ պայմանավորված հորմոնային վերակառուցման արդյունքում խթանվում է մազերի աճը, դրանք կոպտանում են, մգանում և արագ աճում։ Հարց է ծագում՝ կարելի՞ է հղիության ընթացքում էպիլյացիա կատարել։ Թվում է, թե վտանգավոր ոչինչ չկա, բայց մազահեռացման յուրաքանչյուր մեթոդ ունի իր առանձնահատկությունները։

Էպիլյացիա և դեպիլյացիա․ ո՞րն է տարբերությունը

Դեպիլյացիան մաշկի մակերևույթին երևացող մազերի հեռացումն է, իսկ էպիլյացիան՝ մազահեռացումն ամբողջ արմատով։ Դեպիլյացիան արագ է կատարվում, սակայն արդյունքը երկարատև չէ, իսկ էպիլյացիայի դեպքում մաշկը հարթ է մնում շաբաթներ շարունակ։

Դեպիլյացիայի տեսակները

Սափրում։ Սափրումն ավելորդ մազերից ազատվելու ամենաէժան և պարզ միջոցն է։ Թերությունն այն է, որ կարող է քերծվածքների, մաշկի գրգռվածության պատճառ դառնալ, բացի այդ արդյունքն էլ երկար չի պահպանվում։ Հղի կանանց հակացուցված չէ, միայն թե հարկավոր է զգուշանալ վարակվելուց․ պետք է միայն անձնական ածելին օգտագործել։ Սափրելուց առաջ հարկավոր է տաք ցնցուղ ընդունել և սպունգով տրորել մաշկը, ինչը կփափկեցնի մաշկը, կբացի ծակոտիները և կօգնի խուսափել վնասվածքներից։ Կարելի է և սափրման համար նախատեսված հատուկ գելեր և քսուքներ օգտագործել, որոնք ևս նվազագույնի կհասցնեն մաշկի գրգռվածության և վնասվածքների առաջացման հավանականությունը։

Դեպիլյացիայի համար նախատեսված հատուկ կրեմի օգտագործում։ Այդ մեթոդի կիրառման դեպքում մաշկն ընդհանրապես չի վնասվում, իսկ այ առանձնահատուկ, երբեմն տհաճ հոտը կասկած է առաջացնում։ Պարզվում է, որ հղի կանանց կարելի է օգտագործել, քանի որ այն այնքան երկար ժամանակ չի մնում մաշկի վրա, որ հասցնի ներծծվել արյան մեջ, միայն թե հարկավոր է նախ փորձարկել մաշկի մի փոքր հատվածի վրա և համոզվել, որ ալերգիկ ռեակցիա կամ գրգռվածություն չի առաջացնում։

Դեպիլյացիան կատարեք լավ օդափոխված սենյակում, իսկ ավարտելուն պես դուրս եկեք մաքուր օդ շնչելու։ Փորձեք նույն օրվա ընթացքում չանել ամբողջ մարմնի դեպիլյացիան․ մեկ օր տրամադրեք ոտքերին, հաջորդ օրը մարմնի մեկ այլ մասի և այլն։ Երբեմն լինում է այնպես, որ ֆոլիկուլիտ՝ մազարմատի բորբոքում է ի հայտ գալիս։ Անհանգստանալու կարիք չկա, այդպես լինում է, միայն թե հարկավոր է որոշ ժամանակ դեպիլյացիա չանել և մաշկը մաքրել որևէ անտիսեպտիկով, օրինակ՝ սալիցիլային սպիրտով։

Էպիլյացիայի տեսակները

Մազահեռացում ունելու միջոցով։ Մազն արմատով հեռացնելու ամենապարզ մեթոդն է, հարմար է հոնքերը շտկելու համար, իսկ այ մաշկի մեծ հատվածի մազահեռացման համար հարկավոր է այլ մեթոդ ընտրել։ Մազահեռացումից առաջ հարկավոր է ունելին և մաշկի տվյալ հատվածը մշակել անտիսեպտիկով, օրինակ՝ միրամիստինով։

Կենցաղային էլեկտրաէպիլյատոր։ Սկզբունքորեն նույնն է, ինչ ունելիով մազահեռացումը, բայց կատարվում է հատուկ սարքի միջոցով։ Մազերը դուրս են հանվում արմատով ոչ թե մեկ-մեկ, այլ միաժամանակ մի քանիսով։ Միակ թերությունը ցավոտությունն է, իսկ հղիության ժամանակ մաշկի զգայունությունը մեծանում է։

Էլեկտրաէպիլյացիա։ Այն նորագույն մեթոդներից է և աչքի է ընկնում մեծ արդյունավետությամբ։ Մազի յուրաքանչյուր ֆոլիկուլ մշակվում է բարակ ասեղով՝ էլեկտրոդով, որն էլեկտրական թույլ հոսանք է հաղորդում։ Թերությունն այն է, որ հնարավոր չէ անցկացնել տան պայմաներում, հարկավոր է հատուկ կենտրոն գնալ։ Արգելվում է հղի կանանց, քանի որ պարզ չէ, թե օրգանիզմն ինչպես կընդունի էլեկտրական հոսանքը։

Բիոէպիլյացիա՝ ոսկով մազահեռացում։ Այս մեթոդը հայտնի է դռևս Եգիպտոսի ժամանակներից։ Կատարելապես հարթեցնում է մաշկը։ Օգտագործում են նաև բուսական խեժ, մեղրամոմ։ Հղիների պարագայում չի արգելվում, պետք է մաշկի զգայունությունը հաշվի առնել։ Եթե նախքան հղիությունն օգտվել եք այդ մեթոդից և գիտեք, թե ինչպես է մաշկն արձագանքում, կարելի է փորձել։ Հարկավոր է ուշադրություն դարձնել երակների վարիկոզային լայնացմանը, եթե ունեք այդ խնդիրը, ապա տուժած հատվածի վրա չի կարելի ոսկով մազահեռացում կատարել։

Լազերային էպիլյացիա։ Այն մազի ֆոլիկուլի հեռացումն է լազերային ճառագայթի միջոցով։ Հղիության ընթացքում կիրառելու հարցում տարամետ կարծիքներ կան։ Չնայած որ ուղղակիորեն չի սպառնում պտղին, սակայն կարող է ցավ առաջացնել, բացի այդ հորմոնային փոփոխությունների արդյունքում հնարավոր է, որ մաշկն անսպասելիորեն արձագանքի ճառագայթի ազդեցությանը, օրինակ պիգմենտային բծերով պատվի։

Ֆոտոէպիլյացիա։ Հիմնված է լուսային ճառագայթի ազդեցության վրա։ Այն ոչնչացնում է հին մազերը և դադարեցնում նորերի աճը։ Խորհուրդ է տրվում հղիության ընթացքում չօգտվել այս մեթոդից, քանի որ վերջինիս ազդեցությունը մոր և պտղի օրգանիզմի վրա դեռևս լիովին ուսումնասիրված չէ։

Ի գիտություն բոլորին

Հղիության ընթացքում ալերգիկ ռեակցիաների առաջացման հավանականությունը մեծանում է։

Հրաժարվեք ցավ առաջացնող ցանկացած մեթոդից, քանի որ ցավն օրգանիզմում խթանում է սթրեսի հորմոնի արտադրումը։ Այն բացասական ազդեցություն է ունենում պտղի վրա և կարող է վիժման պատճառ դառնալ։

Մաշկի հիվանդությունների առկայության պայմաններում էպիլյացիան հակացուցված է։

Հղիության ընթացքում ի հայտ եկած մազերը ժամանակավոր են, սովորաբար չքանում են ծննդաբերությունից 6-9 ամիս անց։

Էպիլյացիայի յուրաքանչյուր մեթոդ ունի իր առանձնահատկությունները, թերությունները, առավելությունները և հակացուցումները։ Էպիլյացիայից հետո չի կարելի օգտագործել սպիրտ պարունակող լոսյոններ, 24 ժամ չպետք է թրջել տվյալ հատվածը, պետք է զերծ մնալ արևի ուղիղ ճառագայթներից, օգտագործել արևապաշտպան քսուքներ՝ ջերմային այրվածքներից ու մուգ պիգմենտներից խուսափելու նպատակով:

Նախքան որևէ միջոցից օգտվելը հարկավոր է խորհրդակցել բժշկի հետ։

Այսպիսով, հղիության ընթացքում կարելի է վստահորեն օգտվել միայն դեպիլյացիայի մեթոդներից, որոնք վտանգավոր չեն ոչ մոր, ոչ էլ երեխայի առողջության համար, հեշտությամբ կատարվում են տան պայմաններում։

Էպիլյացիայի մեթոդներից թույլատրելի է կենցաղային էլեկտրաէպիլյատորը և բիոէպիլյացիան (մեղրամոմով, բուսական խեժերով և այլն), իսկ այ ֆոտոէպիլյացիան, լազերային էպիլյացիան և էլեկտրաէպիլյացիան ռիսկային են հղիության ընթացքում։

Ինչ է էպիզիոտոմիան և ինչպես վերականգնվել դրանից հետո

Ինչ է էպիզիոտոմիան և ինչպես վերականգնվել դրանից հետո

Ծննդաբերության ժամանակ հեշտոցը լայնանում է, բայց երբեմն դա կարող է բավարար չլինել երեխայի գլուխը տեղավորելու համար

Ի՞նչ անել, եթե առանց որևէ պատճառի կապտուկներ են առաջանում

Ի՞նչ անել, եթե առանց որևէ պատճառի կապտուկներ են առաջանում

Կապտուկը անոթների վնասվածքի պատճառով մաշկի վրա առաջացած արյունազեղումն է

Ստամոքսի քաղցկեղ

Ստամոքսի քաղցկեղ

Ընթացակարգի ժամանակ ստամոքսի մեջ մտցվում է հատուկ սարք, որի միջոցով բժիշկն ուսումնասիրում է ստամոքսի բոլոր հատվածները, ինչպես նաև 12-մատնյա աղին։

Ինչպե՞ս է գործում հղի կանանց դիմադրողականությունը

Ինչպե՞ս է գործում հղի կանանց դիմադրողականությունը

Գենի և դիմադրողականության տեսանկյունից՝ պտուղը օտար օրգանիզմ է կնոջ համար