Սովորություններ, որ նպաստում են հիվանդանալուն

Սովորություններ, որ նպաստում են հիվանդանալուն

Ջանալով հեռու մնալ մանրէներից ու միջանցիկ քամուց՝ հավելյալ ապահովագրում ենք մեզ և մեր շուրջն ստեղծում տաքուկ միջավայր։ Այս բարի մտադրությունները հաճախ հակառակ ազդեցությունն են ունենում․ առողջությունն ամրապնդելու փոխարեն նպաստում են դիմադրողականության անկմանն անգամ տաք եղանակներին։

Մարդու օրգանիզմը խելացի մեխանիզմ է, որ հմտորեն կարգավորում և կազմակերպում է իր բոլոր համակարգերի աշխատանքը։ Լավ իմունային համակարգն առողջության բանալին է։ Հենց այն է պաշտպանում մեզ վարակներից ու վնասակար մանրէներից։ Թույլ դիմադրողական համակարգը մեր սխալ գործողությունների արդյունքն է։ Փորձենք հասկանալ, թե մեր ո՞ր սովորություններն են ի զորու վնասել մեր առողջությանը։

1. Վատատեսական տրամադրվածություն

Հոգեբանները պնդում են, որ հոգեկան և ֆիզիկական առողջությունը սերտորեն կապված են։ Բացասական մտքերն ու սեփական ուժերի հանդեպ հավատի բացակայությունը մեզ զրկում են սթրեսադիմացկունությունից և խոցելի դարձնում տարատեսակ հիվանդությունների հանդեպ։ Մարդիկ, ովքեր խտացնում են գույներն ու բարդացնում ամեն բան, ավելի հաճախ են հիվանդանում, քան նրանք, ովքեր թեթև են նայում կյանքին։

Ի՞նչ անել։ Լավատեսորեն նայեք երևույթներին ու իրավիճակներին, փնտրեք միայն լավը։ Փորձեք հավատալ, որ բաժակն այնուամենայնիվ կիսով չափ լիքն է։ Դրական տրամադրվածությունը կբարձրացնի կյանքի որակը և կբարելավի ֆիզիկական ու հոգեկան վիճակը։

2. Դեղորայքի չարաշահում

Այսօր ակտիվորեն գովազդվում են դեղամիջոցներ, որոնք իբրև թե ակնթարթորեն ամրացնում են դիմադրողական համակարգը։ Այո, ժամանակակից մի շարք դեղամիջոցներ իսկապես ընդունակ են խթանելու դիմադրողական համակարգը և արագ ոտքի կանգնեցնելու, բայց ի՞նչ գնով։ Այդպիսի դեղամիջոցների պատեհ-անպատեհ օգտագործումը քայքայում է իմունիտետը։ Սկզբում ձեզ առույգացած ու լավ եք զգում, սակայն հետագայում չեք դիմանում անգամ սովորական մրսածությանը։

Ի՞նչ անել։ Մի դարձեք գովազդի զոհը և մի զբաղվեք ինքնաբուժությամբ։ Հիվանդանալու դեպքում խորհրդակցեք բժշկի հետ՝ չսպասելով, որ դանակը հասնի ոսկորին։

3. Հրաժարում սառն ըմպելիքներից

Բազմաթիվ մարդիկ, ովքեր կոկորդի քրոնիկական հիվանդություն կամ ստամոքսաղիքային տրակտի խնդիրներ ունեն, իսպառ հրաժարվում են սառն ըմպելիքներից։ Իզուր։ Միայն տաք ըմպելիքներ օգտագործելուց մեկ ամիս անց օրգանիզմն արդեն խիստ զգայուն է դառնում ցածր ջերմաստիճանի հանդեպ և չի կարողանում դիմակայել սառնությանը։ Արդյունքում ավելի հաճախ եք տանջվում մրսածությունից։

Ի՞նչ անել։ Մի խուսափեք սառն ըմպելիքներից։ Սառը ջուրը կոփում է օրգանիզմը։ Միայն թե չափը չանցնեք, աստիճանաբար վարժվեք սառը ջուր խմելուն․ սկզբնական շրջանում սենյակային ջերմաստիճանի ջրին սառույցի մեկ հատիկ ավելացրեք, հետո՝ երկու, մեկ շաբաթ անց սկսեք սառնարանի ջուր խմել, բայց կում-կում։

Բազմաթիվ երկարակյաց մարդիկ աղբյուրի սառը ջուր են խմում քաղցած ժամանակ։ Հենց սառը ջուրն է մաքրում օրգանիզմը թունավոր նյութերից, իսկ այ տաք ջուրը, ընդհակառակը, արագ ներծծվում է աղիների մեջ՝ նվազեցնելով ֆերմենտավորումը և արգելակում օրգանիզմի մաքրման գործընթացը։

Կարդացեք՝ Ինչպե՞ս վարժվել շատ ջուր խմելուն

4. Անձնական հիգիենայի կանոնների խախտում

Դեռևս վաղ տարիքից են սովորեցնում ուտելուց առաջ և դրսից տուն գալուց հետո լվանալ ձեռքերը։ Ավաղ, երբ մեծանում ենք, հաճախ ենք խախտում հիգիենայի տարրական կանոնները։ Ձեռքերը լվանալը տարատեսակ հիվանդություններից ու վարակներից պաշտպանվելու ամենապարզ ու ամենալավ միջոցն է։

Ի՞նչ անել։ Ուտելուց առաջ, ինչպես նաև դրսից տուն վերադառնալուց հետո անպայման լվացվեք։ կարևոր չէ, թե որքան ժամանակ եք անցկացրել դրսում, մանէներն ամենուրեք են, հատկապես հասարակական օգտագործման վայրերում։ Միայն թե չափը չանցնեք։ Պետք չէ ամեն անգամ լվացվել հակամանրէային օճառով, քանի որ այն ի զորու է ոչնչացնել ինչպես վնասակար, այնպես էլ օրգանիզմին անհրաժեշտ մանրէները՝ նվազեցնելով մաշկի բնական պաշտպանական ռեակցիան։

5. Քնել տոթ, չօդափոխված սենյակում

Օրգանիզմի դիմադրողականությունը բարձրացնելու համար իմունաբանները խորհուրդ են տալիս քնել լավ օդափոխված սենյակում։ Առողջ քնի համար սենյակի ջերմաստիճանը պետք է լինի 16 - 20 °C, իսկ խոնավությունը մոտ 50%։ Բարձր ջերմաստիճանը հանգեցնում է օդի չորացման, ինչը գրգռում է քթըմպանի լորձաթաղանքը և մեզ խոցելի դարձնում մրսածության հետևանքով առաջացող հիվանդությունների հանդեպ։

Ի՞նչ անել։ Ամեն օր քնելուց առաջ հինգից տասը րոպե օդափոխեք սենյակը և հնարավորության դեպքում օդը խոնավացնող սարք միացրեք։ Ամռանը քնեք՝ բաց թողնելով պատուհանը։ Ձմռանը գիշերվա ընթացքում իջեցրեք ջեռուցման համակարգը, սակայն այնպես արեք, որ ջերմաստիճանը չսառի, քանի որ կհանգեցնի մկանների լարվածության՝ թույլ չտալով ամբողջովին թուլանալ և լիարժեք հանգստանալ։

Ինչպե՞ս պաշտպանվել վարակներից օրալ սեռական հարաբերության ընթացքում

Ինչպե՞ս պաշտպանվել վարակներից օրալ սեռական հարաբերության ընթացքում

Սեռական վարակներով հնարավոր է վարակվել նաև օրալ սեռական հարաբերության ժամանակ, ուստի պաշտպանությունը միշտ անհրաժեշտ է

Սխալ պատկերացումներ դաշտանի մասին, որոնցից ազատվելու ժամանակն է

Սխալ պատկերացումներ դաշտանի մասին, որոնցից ազատվելու ժամանակն է

Դաշտանը օրգանիզմը մաքրելու միջոց է Իրականում օրգանիզմը ոչ մի մաքրման կարիք չունի, և ոչ մի տոքսին չի հեռացվում դաշտանի միջոցով

Ամեն ինչ դաշտանի մասին. տարածված հարցերի պատասխաններ

Ամեն ինչ դաշտանի մասին. տարածված հարցերի պատասխաններ

Եթե որովայնը ցավում է դաշտանի ժամանակ, դա նորմա՞լ է

Ցածր լիբիդո. պատճառները

Ցածր լիբիդո. պատճառները

Լիբիդոյի կորուստը տարածված խնդիր է, որին բախվում է յուրաքանչյուր հինգերորդ տղամարդ և շատ կանայք՝ կյանքի ինչ-որ փուլում