Հիգիենան և խնամքը հղիության ընթացքում

Հղիության ընթացքում կնոջ օրգանիզմում առանձնահատուկ փոփոխություններ են կատարվում և հիգիենան ու խնամքը հատուկ կարևորություն են ձեռք բերում։

Բերանի խոռոչի և ատամների խնամքը

Հղիության ընթացքում նպատակահարմար է օգտագործել փափուկ խոզանակ և ատամի՝ ատամների միներալիզացիային նպաստող կամ մանկական մածուկ։ Ցանկալի է յուրաքանչյուր եռամսյակի սկզբում (լավագույն դեպքում՝ երկու ամիսը մեկ անգամ) այցելել ատամնաբույժի, եթե անգամ ատամների և լնդերի վիճակն այդ չի պահանջում։

Մաշկի խնամք և կոսմետիկ միջամտություններ

Ներմաշկային արյունաշրջանառության մեծացման և մաշկի շնչառության ուժեղացման պատճառով հղիության շրջանում մեծանում է մաշկի ծանրաբեռնվածությունը և մաշկի միջոցով նյութափոխանակության վնասակար նյութերի դուրսբերումը։ Այդ պատճառով մարմնի խնամքը և դեմքի ու մարմնի մաքրության պահպանումը հղիության ընթացքում կարևոր դեր է խաղում՝ թեթևացնելով երիկամների աշխատանքը և նպաստելով հիվանդությունների կանխարգելմանը։

Ապագա մայրերը մաշկը և մարմինը խնամելու համար կարող են հղի կանանց համար նախատեսված կոսմետիկ հատուկ կամ ցանկացած այլ միջոցներ օգտագործել, որոնց վրա նշված չէ, որ հակացուցված են հղի կանանց համար։ Պետք է պատրաստ լինել մաշկի տեսակի և վիճակի հնարավոր փոփոխություններին։ Հղի կանանց բացարձակապես հակացուցված են կոսմետոլոգիայում կիրառվող սարքավորումային բոլոր մեթոդիկաները, մեզոթերապիան, ֆոտոէպիլյացիան, մերսման տոնավորող և լիմֆադրենաժային տեսակները։

Ստրիաների (հղիազոլեր) կանխարգելման համար, հատկապես՝ երրորդ եռամսյակում փորի շարունակական մեծացման ժամանակ, կարելի է մաշկի վիճակը լավացնող միջոցներ օգտագործել, որոնք պարունակում են վիտամին A և E, ինչպես նաև արյունաշրջանառությունը լավացնող նյութեր։ Օգտակար են նաև հղի կանանց համար նախատեսված մաշկի չորացումը կանխող խոնավացնող քսուքները։

Եղունգների խնամքը

Հղիության շրջանում ցանկալի է կանոնավոր կերպով մանիկյուր և պեդիկյուր կատարել, երբեմն՝ ավելի հաճախ, քան սովորաբար՝ հաշվի առնելով նրբամաշկի (կուտիկուլա) հնարավոր կոշտացումը։ Առաջին 14 շաբաթվա ընթացքում (օրգան- համակարգերիձևավորման փուլ) ցանկալի է նախապատվությունը տալ հիգիենիկ մանիկյուրին՝ առանց եղունգների լաքի օգտագործման, լավագույն դեպքում՝ բուժական հիմքի օգտագործմամբ։ Հղիության ամբողջ ընթացքում եղունգների լաքի մաքրման համար հարկավոր է օգտագործել ացետոն չպարունակող հեղուկ։ Եղունգների արհեստական աճեցումը հակացուցված է, քանի որ այդ նպատակով օգտագործվող գելի անվտանգությունն ուսումնասիրված չէ։

Կաթնագեղձերի խնամքը

Խորհուրդ է տրվում կուրծքն ամեն օր լվանալ սենյակային ջերմաստիճանի ջրով և մանկական օճառով, սրբել կոշտ սրբիչով։ Ցուցված է վուշիե կամ բամբակաթղթե գործվածքից կրծքկալ կրել։ Ծննդաբերության նախօրեին կրծքկալի մեջ կարելի է կրախմալած կտոր դնել, որը կնպաստի պտուկների գրգռմանը և ձևավորմանը։ Մաշկի չորության դեպքում ծննդաբերությունից երկու-երեք շաբաթ առաջ հարկավոր է ամեն օր պտուկների և հարպտկային շրջանի մաշկին չեզոք կամ խնամքի համար նախատեսված հատուկ կրեմ քսել։

Ինտիմ հիգիենա և ֆիզիկական մտերմություն

Հղիության շրջանում հարկավոր է օրական երկու անգամ և ամեն դեֆեկացիայից ու միզելուց հետո սեռական օրգանները լվանալ ջրով կամ հատուկ միջոցներով։ Սեռական հատվածները պետք է չոր և մաքուր լինեն։ Հղի կանանց հատուկ է հաճախակի միզելը, հատկապես՝ հղիության սկզբում և ծննդաբերությունից առաջ։ Հեշտոցի ցնցուղումը հիգիենայի նկատառումներից ելնելով հակացուցված է, քանի որ այն բացասաբար է ազդում հեշտոցի միկրոֆլորայի վրա։

Ներքնաշորը պետք է կարված լինի միայն բնական թելերով գործվածքից, նախընտրելի է՝ բամբակաթղթե։ Հղիության ընթացքում ֆիզիկական մտերմության, սեռական կյանքի վերաբերյալ խորհուրդները կախված են ապագա մոր ունեցած բժշկական հակացուցումներից, օրգանիզմի անատոմիաֆիզիոլոգիական փոփոխություններից և սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունների վտանգից։

Միջազգային փորձագետների կարծիքով պետք է զերծ մնալ սեռական հարաբերությունից, եթե հղի կինն ունի՝
  • կրկնվող վիժումներ անամնեզում, 
  • ներկա հղիության ընդհատման սպառնալիք, 
  • սեռական ուղիներից եկող արյունային արտադրություն, 
  • ընկերքի առաջադրություն կամ ցածր դիրք, 
  • իսթմիկացերվիկալային անբավարարություն, 
  • պտղաթաղանթի պատռվածք, 
  • անամնեզում վաղաժամ ծննդաբերություն, 
  • բազմապտուղ հղիություն (20-րդ շաբաթից հետո)։

Հակացուցումների բացակայության և հղիության բնականոն ընթացքի դեպքում լիովին թույլատրելի է սեռական կյանք վարել, սակայն սահմանափակված է փորի վրա ընկնող ճնշումից խուսափելու անհրաժեշտությամբ, ինչպես նաև հեշտոցի մեջ սեռական անդամի ներհրման խորության վերահսկմամբ։ Այդ հանգամանքով պայմանավորված՝ հղիության ժամկետի մեծացմանը համընթաց հարկավոր է փոփոխել սեռական հարաբերության դիրքերը։ Սեռավարակների անհատական ռիսկի առկայության դեպքում սեռական ցանկացած շփման ժամանակ խորհուրդ է տրվում պահպանակ օգտագործել։

Աղբյուրը՝ Акушерство. Национальное руководство, Айламазян Э.К и др., 2009 г.
Թարգմանությունը՝ www.sotskiy.am

Կրծքով Կերակրումը Հղիության Ընթացքում․ Հնարավոր Ռիսկերը և անվտանգության Հարցերը

Կրծքով Կերակրումը Հղիության Ընթացքում․ Հնարավոր Ռիսկերը և անվտանգության Հարցերը

Կրծքով կերակրելը կարևոր դեր է խաղում երեխայի առողջության…

Կաթնարտադրության խթանման բնական եղանակներ

Կաթնարտադրության խթանման բնական եղանակներ

Կրծքով կերակրումն անփոխարինելի կապ է մայրիկի և երեխայի միջև…

Հեմատոման հղիության ընթացքում

Հեմատոման հղիության ընթացքում

Հղիության ընթացքում արգանդում տեղի ունեցող ցանկացած…

Հղիության վաղ ախտանիշները

Հղիության վաղ ախտանիշները

Հղիությունը բարդ բիոլոգիական գործընթաց է…