Փորկապություն ծննդաբերությունից հետո

Հղիության բնականոն ընթացքին զուգահեռ բազմաթիվ կանայք բախվում են երևույթների, որոնք հղիության բարդություն չեն, սակայն անհարմարություն կամ տհաճություն են պատճառում: Լինում են դեպքեր, երբ ծննդաբերությունից հետո ոչ բոլոր տհաճ երևույթներն են վերանում, օրինակ՝ փորկապությունը:
Ծննդաբերությունից հետո փորկապություն կարող է առաջանալ նույնիսկ այն դեպքում, երբ նախկինում՝ անգամ հղիության ընթացքում, կինը փորկապություն չի ունեցել:
Պատճառները
Ծննդաբերությունից հետո առաջացած փորկապությունից արդյունավետ ազատվելու համար անհրաժեշտ է նախ հասկանալ դրա առաջացման պատճառները: Գոյություն ունի հիմնական երկու պատճառ․
- Ֆիզիոլոգիական։ Հղիության ընթացքում կնոջ օրգանիզմի տարատեսակ փոփոխություների արդյունքում շեքի և որովայնի մկանները թուլանում են, կարող է խանգարվել աղիների գալարակծկանքը (պերիստալտիկան), բացի այդ անկանոն սննդակարգը նույնպես նպաստում է փորկապության առաջացման:
- Հոգեբանական։ Սովորաբար պայմանավորված է կարերի հեռացման վտանգի հանդեպ վախով: Նոր ռեժիմը, հուզմունքն ու մտահոգությունը նույնպես իրենց դերն ունեն փորկապության զարգացման մեջ:
Հոգեբանական և նյարդային լարվածության ֆոնին առաջանում է այսպես կոչված սպաստիկ փորկապություն: Կինը դառնում է նյարդային և դյուրագրգիռ, ախորժակը վատանում է, հնարավոր է առաջանան որովայնային սպաստիկ ցավեր, սրտխառնոց:
Ինչպե՞ս ազատվել փորկապությունից
Կախված փորկապության առաջացման պատճառներից՝ բժիշկը մշակում է բուժման անհատական սխեմա: Ոչ մի դեպքում չի թույլատրվում փորկապությունն ինքնուրույն բուժել դեղամիջոցների օգնությամբ: Դեղորայքը բուժման երկրորդային տարբերակ է, որը կիրառվում է խիստ անհրաժեշտության պարագայում միայն:
Ծննդաբերությունից հետո առաջացած փորկապության բուժումը ճիշտ սննդակարգն է և շարժողական ակտիվությունը: Հետծննդյան շրջանում շատերն անհանգստանում են քաշի ավելցուկի պատճառով, սակայն պետք չէ շտապել: Նախկին կազմվածքին վերադառնալը տեղի է ունենում աստիճանաբար: Ոչ մի դեպքում չի կարելի նիհարելու ցանկությամբ առաջնորդվել և քաղցած մնալ: Այս շրջանում կարևոր է պահպանել առողջ և հարուստ սննդակարգը:
Աղիների աշխատանքը բարելավելու համար սննդակարգում ներառեք շիլաներ, (հատկապես վարսակաձավարի, հնդկաձավարի, բրինձ խորհուրդ չի տրվում), բուսական յուղեր, թարմ մրգեր ու բանջարեղեն: Օգտակար է նաև կաթնամթերքը:
Կարդացեք՝ Ինչ մթերքներից խուսափել կրծքով կերակրման շրջանում
Կարևոր է նաև կարգավորել քնի և հանգստի ռեժիմը: Չնայած հոգսերը շատ է՝ անհրաժեշտ է լավ հանգստանալ և ուժերը վերականգնել: Անհրաժեշտ է ակտիվ կյանք վարել, զբաղվել մարմնամարզությամբ, յոգայով, աերոբիկայով և այլն: