Գրիպ և հղիություն

Հղիությունն իհարկե լավ ժամանակահատված չէ հիվանդությունների համար, բայց նաև դժվար է այս 9 ամիսների ընթացքում խուսափել հիվանդանալուց: Սովորաբար հասարակ մրսածությունը վտանգներ չի կրում, իսկ գրիպը զգոնություն է պահանջում:
Գրիպի նշանները հայտնի են բոլորին. բարձր ջերմություն, թուլություն, գլխացավ, հազ, հարբուխ: Գրիպը վիրուս է, որով վարակվում են երբ ինֆեկցիան հայտնվում է օրգանիզմ՝ օդակաթիլային ճանապարհով: Հայտնվելով օրգանիզմում՝ գրիպի վիրուսն սկսում է արագորեն բազմանալ և արյան հոսքով տարածվել: Զուգահեռաբար, տեղի է ունենում շնչառական ուղիների լորձաթաղանթի ախտահարում, որի հետևանքով պաշտպանական ֆունկցիան խանգարվում է: Այդ պատճառով էլ գրիպի բարդությունների ժամանակ հաճախ հանդիպում են պնևմոնիան, բրոնխիտը, օտիտը, սինուսիտը: Երբեմն հնարավոր է սիրտ-անոթային համակարգի կողմից զարգանա սրտամկանի բորբոքային հիվանդություն՝ հանգեցնելով սրտային անբավարարության: Հղիության ընթացքում գրիպի հիմնական վտանգը հենց բարդությունների առաջացումն է: Ամենատհաճ բարդությունը վիժելու կամ վաղաժամ ծննդաբերության վտանգն է:
Գրիպը կարող է ուղեկցվել բակտերիալ վարակներով: Ոչ հազվադեպ դիտվում է քրոնիկական հիվանդությունների (բրոնխիալ ասթմա, քրոնիկական բրոնխիտ, սիրտ-անոթային հիվանդություներ) սրացում, նյութափոխանակության խանգարում, երիկամային հիվանդություններ և այլն:
Բուժումը
Հղիության ընթացքում գրիպի բուժումն ունի իր առանձնահատկությունները, քանի որ այս շրջանում շատ դեղամիջոցներ հակացուցված են: Օրգանիզմից վիրուսը դուրս բերելուն նպաստում են առատ հեղուկները՝ վիտամին C-ով հարուստ ըմպելիքները, մեղրով, կիտրոնով, մասուրով թեյը: Ջերմիջեցնող դեղամիջոցներից կարելի է կիրառել պարացետամոլ: Հազի դեմ միջոցները նույնպես ունեն հղիության ընթացքում կիրառման հակացուցումներ: Անհրաժեշտ է դիմել բժշկի՝ ճիշտ դեղորայքի ընտրության համար: Կարելի է կատարել երիցուկի, էվկալիպտի, անանուխի եփուկով ինհալացիա: Հիշեք, որ հղիության ընթացքում ոչ բոլոր հակաբիոտիկներն են թույլատրված:
Հղիության ըթացքում գրիպի ազդեցությունը պտղի վրա ամբողջությամբ բացահայտված չէ: Սովորաբար այն վտանգներ է կրում հղիության վաղ ժամկետներում, քանի որ այդ ընթացքում տեղի է ունենում ապագա փոքրիկի օրգանների և հյուսվածքների ձևավորումը: Ավելի ուշ ժակետներում պտուղը միայն աճում է, և այդ ընթացքում գրիպով հիվանդանալը չի ազդի պտղի օրգանների կառուցվածքի վրա: Եթե գրիպով հիվանդանալուց հետո բարդություն առաջանա, ապա դա կարող է լինել հղիության ընդհատման ցուցում: Եթե գրիպից հետո հղիությունը հարթ է ընթանում, իսկ անալիզները նորմալ են, ապա այն ազդեցություն չի ունեցել պտղի վրա և անհանգստանալու կարիք չկա:
Գրիպի սուր ընթացքի դեպքում հնարավոր է պտղի վարակում, թեպետ հավանականությունը շատ փոքր է: Ցուցման դեպքում կարող է կատարվել ամնիոցենտեզ՝ պտղաջրի հետազոտություն:
Հղիության ընթացքում հաճախ է իմունիտետի ընկճում դիտվում, ինչի պատճառով հղի կանայք վարակվելու ռիսկային խմբում են հայտնվում: Այնպես որ, ավելորդ չի լինի իմունիտետի բարձրացմանը նպաստող միջոցներ ձեռք առնել: Սա նշանակում է առողջ ապրելակերպ, ճիշտ սննդակարգ, ֆիզիկական ակտիվություն, ինչպես նաև հիգիենայի պահպանում: