Տրամադրությունը բարելավող մթերքներ

Որքան էլ առողջ և բալանսավորված փորձենք սնվել, միևնույն է մեր ամենօրյա սննդակարգում կարող են պակասել այնպիսի մթերքներ, որոնք պայմանավորում են մեր լավ տրամադրությունը, ապահովում են ամուր քունը: Ճիշտ սնունդն ընդունակ է նվազեցնելու սթրեսը և բարելավելու ընդհանուր ինքնազգացողությունը:
Յուղոտ ձուկ և ձեթի տեսակներ
Սրանք հարուստ են անփոխարինելի օմեգա- 3 ճարպաթթուներով: Քանի որ օրգանիզմում դրանք չեն արտադրվում, շատ կարևոր է սննդի միջոցով ստանալը: Այս ճարպաթթուներն ակտիվացնում են մելատոնին հորմոնի արտադրությունը, որը կարգավորում է քունը և կենսաբանական ռիթմերը:
Բրազիլական ընկույզ
Օրգանիզմում սելենի անբավարարությունը մեծացնում է դեպրեսիայի և ագրեսիայի հավանականությունը: Այս հանքանյութն օգնում է կանխարգելել սթրեսը և քաղցկեղի որոշ տեսակներ: Այն մեծ քանակությամբ պարունակվում է բրազիլական ընկույզում, ինչպես նաև ծովամթերքներում, որոշ բանջարեղենում՝ լոլիկ, բրոկոլիև այլն:
Մուգ շոկոլադ և սերմեր
Մուգ շոկոլադը, արևածաղկի և քնջութի սերմերը, նուշը հարուստ են մագնեզիումով: Օրգանիզմում մագնեզիումի դերը մեծ է. այն անհրաժեշտ է ամուր ոսկրերի և ատամների համար, խթանում է հիշողությունը և օգնում է պայքարել սթրեսի դեմ: Այն մասնակցում է նյարդային իմպուլսների փոխանցման կարգավորմանը և նրա անբավարարությունը հանգեցնում է դյուրագրգռության բարձրացման:
Ամինաթթուներով հարուստ մթերքներ
Ամինաթթուները համարվում են «կյանքի շինանյութ». դրանք մասնակցոում են օրգանիզմի տարբեր քիմիական ռեակցիաների և նյարդաթելերով ինֆորմացիայի փոխանցմանը, բարձրացնում են մտավոր աշխատունակությունը, մաքրում են օրգանիզմն ազատ ռադիկալներից և թունանյութերից: Տրիպտոֆան ամինաթթուն պատասխանատու է ուղեղի օպտիմալ աշխատանքի և նորմալ հոգեկան վիճակի պահպանման համար: Այն նպաստում է սերոտոնինի՝ երջանկության հորմոնի արտադրությանը: Տրիպտոֆանով հարուստ են մաղադանոսը, դդմի սերմերը, վարսակի փաթիլները, պանիրը: