Ներարգանդային վարակ
Ներարգանդային վարակը մանկաբարձական գործունեության մեջ առաջնային խնդիրներից մեկն է։ Պետք է տարբերել ներարգանդային վարակում և ներարգանդային վարակ հասկացությունները։ Պտղի ներարգանդային վարակում ասելով հասկանում են միկրոօրգանիզմների ներթափանցում դեպի պտուղ և նրա վարակում, իսկ ներարգանդային վարակը բնորոշվում է ոչ միայն վարակի ներթափանցմամբ, տարածմամբ, այլև պտղի հիվանդացությամբ։
Ներարգանդային վարակի հարուցիչների շրջանակը բազմազան է: Հաճախ հանդիպում է բակտերիաների և վիրուսների համադրություն:
Ախտածագումը
Ներարգանդային վարակը կարող է դառնալ նախածննդյան տարատեսակ պաթոլոգիաների առաջացման պատճառ (պտղի վարակիչ հիվանդություններ, մեռելածնություն, չզարգացող հղիություն, պտղի աճի հապաղում, պտղի զարգացման շեղումներ): Հնարավոր է հիվանդության հարուցիչը պտղի օրգանիզմում առաջացնի ինչպես սուր ընթացքով վարակում, այնպես էլ թաքնված կամ դանդաղ ընթացող քրոնիկ վարակային պրոցեսներ:
Պտղի վարակման աղբյուր է համարվում նրա մայրը: Վարակիչ հիվանդությունների մեծ մասը հղի կանանց դեպքում ընթանում է գաղտնի կամ սուբկլինիկական ձևերով: Վարակի ակտիվացում հնարավոր է հղի կնոջ օրգանիզմում հեմոստազի ցանկացած փոփոխությունից (սթրես, շնչառական վարակիչ սուր հիվանդություններ, ցրտահարում և այլն): Այնինչ, կնոջ օրգանիզմում վարակի առկայությունը պարտադիր չէ, որ առաջացնի պտղի վարակում: Ներարգանդային վարակների ախտածագման մեջ հատուկ ուշադրություն է հատկացվում հետևյալ գործոններին՝
- hղության ընթացքում կնոջ սուր վարակում,
- կնոջ օրգանիզմում քրոնիկ վարակների օջախների առկայություն (փոքր կոնքի օրգանների բորբոքային հիվանդություներ, ուրոգենիտալ վարակներ),
- ընդհանուր և տեղային իմունիտետի ընկճում,
- ընկերքային արգելքի թափանցելիության բարձրացում,
- անբարենպաստ սոցիալ-կենցաղային պայմաններ:
Պտուղ-ընկերքային համակարգի վրա վարակի ազդեցությունը տարբեր է լինում. միկրոօրգանիզմների և իրենց թույների պաթոլոգիական փոխազդեցություն, պտղի իմունոլոգիական պաշտպանության և մետաբոլիկ պրոցեսների նվազում: Խանգարումների բնույթը կախված է նրանից, թե վարակումը պտղի զարգացման որ փուլում է տեղի ունեցել: (իմպլանտացիոն, էմբրիոնային, վաղ ֆետալային, միջին ֆետալային, ուշ ֆետալային, ինտրանատալ, նորածնային):
Պտղի ախտահարման յուրահատկությունը կախված է վարակի ներթափանցման ուղիներից. վերընթաց՝ սեռական ուղիներից թափանցող, միջընկերքային՝ հղի կնոջ օրգանիզմում վարակի օջախից ներթափանցող, վայրընթաց՝ արգանդափողերի միջոցով ներթափանցող, ինտրանատալ՝ ծննդաբերական ուղիներով ներթափանցող:
Ախտորոշումը
Ներարգանդային վարակն ախտորոշելը դժվար է, քանի որ հղիության ընթացքում դրա կլինիկական դրսևորումները յուրահատուկ չեն։ Անհրաժեշտ է հաշվի առնել կլինիկական տվյալներն ու լաբորատոր-գործիքային մեթոդներով հետազոտությունների արդյունքները:
Կատարվում է հղիության ընթացքի և վարակիչ հիվանդություններին բնորոշ բարդությունների (մարմնի ջերմաստիճանի բարձրացում, շնչառական վարակիչ սուր հիվանդությունների ախտանիշներ, արգանդի պարանոցի, հեշտոցի բորբոքման նշաններ և այլն) կլինիկական գնահատում:
Նշանակվում է միկրոբիոլոգիական և շճաբանական հետազոտություն (միկրոսկոպիա, մանրէաբանական հետազոտություն, ՊՇՌ-ախտորոշում, կնոջ արյան մեջ հարուցիչների հանդեպ հակամարմինների բացահայտում իմունաֆերմենտային հետազոտության մեթոդով), գործիքային հետազոտություն՝պտուղ-ընկերքային վիճակի գնահատման համար ուլտրաձայնային հետազոտություն, դոպլերոմետրիա, կարդիոտոկոգրաֆիա , նախածննդյան ինվազիվ ախտորոշում (խորիոնի բիոպսիա, ամնիոցենտեզ, կորդոցենտեզ) և այլ հետազոտություններ՝ կախված կնոջ վիճակից և առկա խնդիրներից:
Վարակի բացահայտումից հետո, հաշվի առնելով հղիության ժամկետները, նշանակվում է համապատասխան բուժում, կատարվում է բուժման արդյունավետության վերահսկում: Որոշ սուր վարակիչ հիվանդությունների, կարմրախտի, քրոնիկական ակտիվ հեպատիտի որոշ ծանր ձևերի, B և C հեպատիտների դեպքում լյարդի ցիրոզի, թոքաբորբի ծանր ձևերի, առաջնային սեռական հերպեսի, ՄԻԱՎ-ի դեպքում կեսարյան հատման կամ հղիության ընդհատման հարց է առաջանում:
Կանխարգելումը
Ներարգանդային վարակների կանխարգելումն անհրաժեշտ է սկսել դեռ հղիության պլանավորման փուլում: Կանանց խորհուրդ է տրվում հետազոտվել հնարավոր վարակների (քլամիդիա, գոնոկոկ, տրիխոմոն, ցիտոմեգալովիրուս, ՄԻԱՎ, հեպատիտ C և այլն) հայտնաբերման համար և կատարել պատվաստումներ (հեպատիտ B-ի, կարմրախտի, աշուն-ձմեռ շրջանում՝ գրիպի դեմ) նախքան պլանավորված հղիությունը: