Հղիություն աշնանը. խորհուրդներ
Դրական կողմերը
Աշնանային ամիսները բավականին բարենպաստ են մայրանալ պատրաստվող կանանց համար, քանի որ աշունն այն ժամանակահատվածն է, երբ դեռ հասանելի են թարմ մրգերը, կանաչեղենն ու բանջարեղենը: Աշնանը հեշտ է բալանսավորված սննդակարգ պահպանել: Կարելի է պատրաստել մրգահյութեր, թարմ աղցաններ, կամ շոգեխարշած բանջարեղեն:
Ոչ պակաս կարևոր է նաև երկարատև զբոսանքի հնարավորույթունը. այս եղանակին ոչ շատ շոգ է, ոչ էլ շատ ցուրտ: Փորձեք ամեն օր մաքուր օդ շնչել և ջերմանալ աշնանային արևի ներքո, որն օգտակար է ինչպես ձեզ, այնպես էլ ձեր փոքրիկի համար:
Բացասական կողմերը
Աշնանն իմունիտետն անկում է, և շնչառական սուր վարակներով հիվանդանալու վտանգ է առաջանում: Եղանակային կտրուկ փոփոխությունները և մթնոլորտային ճնշման տատանումները կարող են հղի կնոջ մոտ գլխացավերի առաջացման և վեգետատիվ անոթային դիստոնիայի սրացման պատճառ դառնալ:
Բացի այդ, կարճ օրերը և ամպամած եղանակը հաճախ բացասական են ազդում տրամադրության վրա՝ առաջացնելով քնի պակաս և քրոնիկ հոգնածություն:
Ինչպե՞ս պայքարել աշնանային տհաճությունների դեմ
Որքան էլ ձանձրալի և տխուր թվան աշնանային օրերը, ապագա մայրիկը պետք է կարողանա իր համար ապահովել լավ տրամադրություն և անվտանգություն՝ փոքրիկին: Փորձեք ավելի շատ ժամանակ տրամադրել ինքներդ ձեզ և խուսափեք տհաճ իրավիճակներից: Շնչառական սուր վարակներից խուսափելու համար խորհուրդ է տրվում՝
- խուսափել մարդաշատ վայրերից,
- ապահովել օրգանիզմն անհրաժեշտ վիտամիններով՝ խմել կիտրոնով, մեղրով թեյ, թարմ քամած հյութեր, օգտագործել մրգեր, բանջարեղեն: Բժշկի ցուցումով կարելի է օգտագործել վիտամինային հավելումներ,
- հաճախակի օդափոխել տունը և սենյակներում խոնավ մաքրություն անել:
Փորձեք շատ ժամանակ տրամադրել հանգստին, քիչ նյարդայնացեք, անհրաժեշտության դեպքում բժշկի ցուցումով ընդունեք հանգստացնող միջոցներ: Մաշկն արտաքին գործոններից պաշտպանելու համար օգտագործեք սնուցող քսուքներ:
Հագուստը կարելի է ընտրել այնպես, որ բաղկացած լինի մի քանի շերտից, որպեսզի անհրաժեշտության դեպքում կարողանաք հանել այն: Ընտրեք ցածրակրունկ, հարմարավետ կոշիկ:
Բարձր տրամադրության և առույգության համար խորհուրդ է տրվում լավ նախաճաշել (ի հավելումն կարող եք խմել կիտրոնով քաղցր թեյ, թխվածքաբլիթներ), իսկ բանանը, լոլիկը, եգիպտացորենի կամ բրնձի շիլաները և սերոտոնին պարունակող այլ մթերքները կապահովեն լավ քուն:
Տանը կարող եք տեղադրել սպիտակ լուսավորմամբ ջահեր, որ կլրացնեն արևի լույսի պակասը: Բարենպաստ եղանակին բաց մի թողեք զբոսանքի դուրս գալու հնարավորությունը: Շփվեք ձեր սիրելի մարդկանց հետ, զբաղվեք ձեզ հաճելի գործերով՝ կարդացեք, ֆիլմեր դիտեք, արեք այն ինչ ձեր սրտով է: